«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Յարգելի՛հայրենակից,

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացուած ռազմական յանցաւոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականութեան հերթական դրսևորումների և Հայաստանի օրուայ իշխանութիւնների պարտուողական կեցուածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն յանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրուել է նաև կոնկրետ ժամկէտ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանութիւնները նոյնիսկ որեւէ դիրքորոշում չեն յայտնել:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանուած ժամկէտից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն յանձնել յարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտօրէն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը։

Վերոնշեալ եռակողմ ՚յայտարարութիւնը որևէ կէտով չի նախատեսում ճանապարհաշինութեան նպատակով բնակավայրերի յանձնում, չի պարունակում նաև դրոյթ, որի համաձայն նոր ճանապարհը պէտք է շրջանցի Բերձոր, Աղաւնօ եւ Սուս համայնքները։ Ըստ էութեան, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է` միջազգային նորմերի լոյսի ներքոյ:

Հետևաբար՝ ականատեսն ենք միջազգային իրաւունքի հերթական կոպտագոյն խախտումների, ակնյայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանութիւնների կողմից դրանք փաստացի բաւարարելու պատրաստակամութիւնն առնուազն հիմք է՝ պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերուած համաձայնութիւնների, «բանաւոր փոխըմբռնման» ու բանաւոր պայմանաւորուածութիւնների հետ։ Օգոստոսի 25-ը որպէս վերջնաժամկէտ հանրութեանը հրամցնելը հենց դրա հերթական վկայութիւնն է:

Այս իրադարձութիւնները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկուող խաղաղութիւնը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկէտ լինել։ Հայաստանի իշխանութիւնների անհետևողական, անորոշ քաղաքականութեան պատճառով չկայ պատշաճ համագործակցութիւն և ոչ մի ուղղութեամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահութիւնը, թէ ընդհանրապէս՝ միջազգային կառոյցները։

Պարտութեան խորհրդանիշ դարձած իշխանութիւնների հետ Հայաստանի ու Արցախի պարտութիւնը շարունակւում է՝ ամէն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։

Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանութիւնների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականօրէն հրահրած ատելութիւնից։ Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփիւռք եռամիասնութեամբ։ Օրուայ իշխանութիւնները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը:

Պարտութեան անիւն օր առաջ կանգնեցնել է պէտք, ինչը հնարաւոր է բացառապէս օրուայ իշխանութիւնների հեռացմամբ: Միայն այդ դէպքում է հնարաւոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղութեան հասնել։

«Հայաստան» դաշինք

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.