«Հայաստան» Դաշինքի Յայտարարութիւնը

«Հայաստան» դաշինքը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

Չսպասելով 2021 թուականի յունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրութեան արդիւնքների պաշտօնական հաստատմանը, յատկապէս, երբ դրանք վիճարկւում են, Հայաստանի Հանրապետութեան ժամանակաւոր դրութեամբ աշխատող գործադիր իշխանութիւնն ու նրան հնազանդ կամակատարներն աւելի սանձարձակ են դարձել:

Բազմաթիւ առերեւոյթ յանցագործութիւններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայեացքներով պայմանաւորուած բացայայտ ահաբեկման եւ բռնաճնշումների:

«Իրաւունքի եւ օրէնքի բռնատիրութեան» մասին խօսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրաւունքներն ու ազատութիւնները, թիրախաւորել է հայրենիքը կործանման տանող իշխանութեան հայեացքները չկիսող բազմաթիւ համայնքների ղեկավարների, աւագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունէութիւն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրաւունքները սահմանափակելու ապօրինի գործողութիւնները համակարգուած եւ զանգուածային բնոյթ են կրում:

«Հայաստան» դաշինքը հանդէս է գալիս օրինականութեան եւ իրենց արժանապատուութիւնը յարգող անձանց աջակցութեան դիրքերից` նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից:

Ելնելով վերոգրեալից`

1.- Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութիւնից անյապաղ դադարեցնել քաղաքական հայեացքներով պայմանաւորուած հալածանքներն ու բռնութիւնները, հակառակ դէպքում, առանց այն էլ ծանրագոյն վիճակում գտնուող եւ գոյութենական մարտահրաւէրներ յաղթահարող Հայաստանի Հանրապետութիւնում իրավիճակի հետագայ սրացման ողջ պատասխանատուութիւնը կրում է ներկայ վարչախումբը:

2.- Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազութիւնից, քննչական մարմիններից, ոստիկանութիւնից եւ ազգային անվտանգութեան ծառայութիւնից` կանխել քաղաքական իշխանութիւնների ցուցաբերած յանցաւոր վարքագիծը, բացայայտել ու պատժել քաղաքական հայեացքների հիմքով իրենց լիազօրութիւնները չարաշահող պաշտօնեաներին:

3.- Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութիւնը, հրաւիրում ենք միջազգային կազմակերպութիւնների ուշադրութիւնը` Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից` մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների անթաքոյց ոտնահարման փաստերի վրայ:

Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիւ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին:

Զօրավիգ ենք ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրաւել բոլոր փորձութիւնները, իրաւական, քաղաքական, բարոյական եւ բոլոր ուղղութիւններով պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների իրաւունքները:

Մենք միասին կարող ենք երկրում ձեւաւորել պատասխանատու իշխանութիւն եւ կերտել ուժեղ Հայաստան:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Leave a Comment

You must be logged in to post a comment.