Կրթուած երիտասարդութիւնը՝ երկրի ապագան

«Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդութեանը»: Նժդեհեան այս խօսքերը, յիրաւի վկայութիւնն են 1980-ականների վերջերից սկիզբ առած մեր ազգային-ազատագրական պայքարի, որի ակունքներում երիտասարդներն էին, իսկ այդ պայքարի արդիւնքը ծնունդն է հայկական զոյգ պետութիւնների:

Այդ գոյապայքարում իր առանձնայատուկ դերն է ունեցել Արցախի պետական համալսարանը (մայր բուհն այն ժամանակ կոչւում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ):

1988 թուականի փետրուարի 12-ին Արցախի պետական համալսարանի հայ ուսանողներն ու դասախօսներն առաջին անգամ Ստեփանակերտում բողոքի ցոյց կազմակերպեցին, որը յետագայում դարձաւ համաժողովրդական ազատագրական պայքարի Արցախեան փուլի մեկնակէտը:

Պայքարի յետագայ՝ ռազմական առճակատման փուլը ստիպեց, որ այդ նոյն երիտասարդները, թողնելով իրենց ձեռքի գրիչը, զյնք վերցնեն՝ յանուն սեփական հողի ու ժողովրդի յարատևման: Հազարաւոր երիտասարդների արեան գնով, սակայն, բաղձալի յաղթանակն ի վերջոյ իրողութիւն դարձաւ:

Պետօ, Կարօտ, Բեկոր, Դուշման Վարդան… մեզ յաղթանակ պարգևած այս տղաները, սակայն, վերջին զոհերը չեղան: 30-ամեայ մեր ո՛չ խաղաղութիւն, ո՛չ պատերազմ ժամանակահատուածում շատերը հայոց սահմանների պաշտպանութեան ժամանակ ընկան ոսոխի նենգ փամփուշտներից: Յետոյ եկան ապրիլեան, յետոյ՝ քառասունչորսօրեայ արհաւիրքները:

Ու կրկին մեր երիտասարդներն ու ուսանողները, թողնելով իրենց ուսանողական ու աշակերտական նստարանները, ելան մարտի։ Ելան ու յաւերժի ճամփորդների շարքերը կրկնապատկուեցին: Ադամ, Ռոբերտ, Ալբերտ, Արթուր, Ալէն. հազարաւոր երիտասարդներ իրենց անունը փառքով պսակեցին Բեկորի, Դուշմանի և միւսների անունների կողքին։

Դաժան ու անողոք էր պատերազմը։ Մարտադաշտից շատ շատերը չվերադարձան դէպի իրենց նստարաններ, իսկ նրանք, ովքեր վերադարձան, յայտնուեցին պայքարի մի նոր հանգրուանում, հանգրուան, որտեղ պայքարի ուղղութիւնները շատ-շատ են, անելիքները՝ բազմապիսի։ Նախապատերազմեան և յետպատերազմեան իրավիճակներում ուսանողական կեանքի տարբերութիւնների և դժուարութիւնների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Արա Սարգսեանի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսխորհրդի նախագահ Հրաչ Սայիեանի և Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ Նարինէ Առուշանեանի հետ։

«Ապառաժ»-ը իր զրուցակիցներին առաջադրել է նոյն հարցադրումները, որոնք ներկայացնում ենք ստորև.

—Ինչո՞վ են այսօր հետաքրքրուած արցախցի ուսանողները:

Ն.Առուշանեան.   Այսօր, ցաւօք, փոխուել են ոչ միայն ուսանողների, այլև բոլորի հետաքրքրութիւններն ու նպատակները։ Այսօր բոլորիս հետաքրքրութիւնները կապուած են Արցախի խաղաղ ու անվտանգ ապագայի հետ:

Ա.Սարգսեան. Պատերազմից յետոյ ուսանողներն աւելի շատ են իրենց պարտաւորուած զգում՝ հայրենիքին հնարաւորին չափ օգտակար դառնալու համար։

Այսօր արցախցի ուսանողները աւելի շատ են մօտիւացուած, յատկապէս՝ յետպատերազմեան շրջանում, քանի որ ամէն կերպ փորձում են հմտանալ, որպէսզի կարողանան ի շահ մեր հայրենիքի գործունէութիւն ծաւալել և դրան, իհարկէ, նպաստում է բուհը` փորձելով օգնել ու հեշտացնել այդ գործընթացը։

Հ. Սայիեան.  Ինչպէս իւրաքանչիւր արցախցի, ուսանողը ևս ունի մէկ նպատակ` ծառայել հայրենիքին։ Նա ամէն կերպ հետաքրքրուած է իր կարողութեամբ ու գիտելիքներով երկրին օգնելու, այս վիճակից դուրս բերելու խնդրով։ Դա կարող է լինել իր գիտելիքներով, հասարակական ակտիւութեամբ, իր ձայնը լսելի դարձնելով, Արցախի դրօշը աշխարհի տարբեր տեղեր ծածանելով:

-Ո՞րն է պատերազմից յետոյ ուսանողների դերակատարութիւնը հասարակութեան մէջ:

Ա. Սարգսեան.  Պէտք է կրթուել ու շարժուել դէպի առաջ, ցանկացած գնով նպաստել մեր երկրի, հայրենիքի հզօրացմանն ու զարգացմանը, բոլոր ուղղութիւններով ակտիւօրէն աշխատել` ջանք ու եռանդ չխնայել, որպէսզի ապագայում լինենք մեր հայրենիքի արժանի զաւակները։

Հ. Սայիեան.  Իւրաքանչիւր մարդու դերն իր հայրենիքում արժանի քաղաքացի լինելն է։ Ուսանողի դերակատարութեան բարդութիւնը կայանում է նրանում, որ ուսանողն է երկրի վաղուայ ապագան։ Մեր սովորած, մեր կերտած սերունդն է վաղը պահելու Արցախը։ Սակայն, մինչ այդ, կայ նաև ներկայ, որն այդքան էլ լաւ վիճակում չէ։ Ուսանողը պիտի այսօր դեռ փրկի ներկան. այն օրհասական է, այն անյստակ է ու անկանխատեսելի։ Պիտի ամէն ինչ անենք ղեկը ճիշտ կողմ թեքելու ու փոթորկից խուսափելու համար:

Նարինէ Առուշանեան. Կարծում եմ՝ պատերազմից յետոյ բոլորիս դերն Արցախում ապրելն ու Արցախն ապրեցնելն է:

— Յիրաւի, տեղին է ասուած՝ Արցախում պէտք է ապրել ու ապրեցնել Արցախը։

Բնական է, որ պատերազմն իր անջնջելի հետքն է թողել ուսանողների, նրանց ակտիւութեան և ուսման հանդէպ տրամադրուածութեան վրայ։

Հ. Սայիեան.  Պատերազմի օրերին ու դրանից յետոյ երկար ժամանակ ուսանողները հասկանալի պատճառներով չէին կարողանում կենտրոնանալ կրթութեան վրայ, սակայն կարևոր է գիտակցել, որ միայն կրթուած լինելով կարող ենք կերտել մեր երազած երկիրը։ Եթէ ամէն մէկս մեր գործում լինէինք լաւագոյնը, ապա այսօր այս վիճակը չէր լինի։ Այո՛, մեր այս վիճակի գլխաւոր պատճառը կրթութեան թերի լինելն է։ Մենք պէտք է լինենք կրթուած քաղաքացի, կրթուած ծնող, կրթուած զրուցակից… Խօսքը միայն մասնագիտութեան մասին չէ, մեր առջև դրուած բոլոր պարտականութիւնները պէտք է կատարենք առաւելագոյնս։ Պիտի չանենք այն, ինչ մեր գիտելիքներին համապատասխան չէ. բժիշկը պէտք է իր գործով զբաղի, դասախօսը` իր, կոշկակարը` իր։ Չկան կարևոր ու անկարևոր գործեր։ Ամէն մէկս պէտք է մեր տեղում լինենք, որպէսզի չվնասենք, որպէսզի չվնասուենք ու  կարողանաք հայրենիք կերտել:

Նարինէ Առուշանեան.  Պատերազմը փոխել է բոլորին և ամէն ինչ։ Իհարկէ, փոխուել է ուսանողների ակտիւութիւնը, ցաւի ու կորստի հետ անհամատեղելի է ակտիւութիւնը, բայց այսօր փորձում ենք նորից առաջ նայել այն յստակ գիտակցումով, որ կրթուելով ու լաւ մասնագէտներ դառնալով կարող ենք օգնել մեր երկրին:

Ա. Սարգսեան.  Թէև առկայ է դժուարութիւններին ու մարտահրաւէրներին, ուսանողներն աւելի մօտիւացուած են, քանի որ ստեղծուած իրադրութիւնը պարտադրում է  նրանց կրթուել, որպէսզի ներքին ու արտաքին մարտահրաւէրներին կարողանան դիմակայել։ Պետութեան հզօրացման ուղղութիւններից մէկը հէնց կրթութիւնն է` իր մրցունակ ու գիտելիքներով զինուած քաղաքացիներով:

-Գաղտնիք չէ, որ ուսանողները համարւում են հասարակութեան ամենաակտիւ կորիզը։ Արցախեան շարժումը սկսուեց համալսարաններից, սակայն այսօր կարծես թէ ուսանողներն անտարբեր են քաղաքական զարգացումներին, կամ էլ ուղղորդւում են համալսարանների կողմից:  Ինչպէ՞ս էք մեկնաբանում այն հանգամանքը, որ ուսանողներն ինքնուրոյն չեն մասնակցում երկրի ճակատագրին վերաբերող գործընթացներին, մինչև որ նրանց թոյլտուութիւն չեն տալիս համալսարանները, չեն ցուցաբերում ակտիւութիւն տեղի ունեցող զարգացումներին համապատասխան:

Ն. Առուշանեան. Արցախեան շարժման ժամանակ համախմբուածութիւն և յստակ տեսլական կար։ Այսօր համատարած անորոշութիւն է տիրում, որը կարծես շեղում է բոլորին և դէպի անտարբերութեան տանում:

Հ. Սայիեան.  Չեմ կարծում, թէ չեն մասնակցում կամ սպասում եմ համալսարանից թոյլատուութեան։ Գիտէ՞ք, որ արգելուած պտուղը միշտ էլ քաղցր է, և եթէ համալսարանի թոյլտուութեամբ լինէր, ապա աւելի շատ մարդ կ’ընդգրկուէր այս դէպքում։ Իմ կարծիքով, ընդհանուր յուսահատութիւնն է շատացել։ Մարդիկ շատ բան են կորցրել, ու, ցաւօք, այդ ամէնի հետ միասին նաև կորցրել են  իրենց հաւատը։ Կան մարդիկ, ովքեր ծանր իրավիճակներից յետոյ հաւաքւում ու աւելի մեծ ու ուժեղ կամքով առաջ են շարժւում։ Մարդիկ էլ կան, ովքեր մնում են յուսահատութեան մէջ ու դեռ կորցրածի մասին են մտածում։ Դժուար է, ծանր է բոլորիս համար էլ, բայց պիտի կարողանանք ընդունել իրականութիւնը ու գոնէ ունեցածը պահել։ Պիտի հէնց առաջին տիպի մարդկանց թիւը շատանայ ոչ միայն ուսանողների, այլև ընդհանուր մարդկանց շրջանում, որպէսզի բարձրանայ նոր ու անկոտրում ալիք առաջ շարժուելու ու հայ մնալու համար:

Ա. Սարգսեան.  Այս հարցում  ուսանողները չպէտք է սպասեն համալսարանին։

Ուսանողը՝ բացի իր կրթութիւնից, ունի նաև անձնական կեանք և ինքն է որոշում, թէ ինչպէս պէտք է շարժուել։ Իւրաքանչիւր ոք պէտք է գործի սեփական խելքով։ Այսքանի հետ պէտք է նշեմ, որ առկայ փուլում տարբեր գործընթացներ են տեղի ունենում, որոնք կարող են իրականում չլինել այն,  ինչ երևում են առաջին հայեացքից, և ուսանողները, ինչպէս նաև ցանկացած քաղաքացի, պէտք է ամէն քայլ անելուց վերլուծի, յետոյ` գործի:

-Արդեօ՞ք ուսանողներն ակտիւ են և մասնակցում են կազմակերպուող հասարակական միջոցառումներին։

Հ. Սայիեան.  Մեր ուսանողների ակտիւութեան ապացոյցները բազմաթիւ հաւաստագրերն են՝ կնքուած ՀԿ-ների, ՀՀ և ԱՀ բուհերի ՈՒԽ-ների հետ։

Մեր համալսարանը մասնակցում է հասարակական կազմակերպութիւնների և մնացած բուհերի ՈւԽ-ների կողմից կազմակերպուած միջոցառումներին։ Շատ ակտիւ մասնակցել և մեր ուժերի չափով աջակցել ենք տարբեր ծրագրերի իրականացմանը։

Ա. Սարգսեան. Վերջին շրջանում ինչ-որ չափով ակտիւութիւնը արտահամալսարանական միջոցառումներին նուազել է, որն ունի իր պատճառները: Դա կապուած է  քննաշրջանի, համալսարանում կազմակերպուող միջոցառումների ու համալսարանական այլ խնդիրների հետ։ Սակայն պէտք է նշեմ, որ այդ ուղղութեամբ նոյնպէս աշխատել ու աշխատում ենք, քանի որ տարեսկզբին մեր ռազմավարութեան մէջ դա ևս կար:

Ն. Առուշանեան. Մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպութիւնների հետ և ակտիւօրէն մասնակցում ենք հասարակական ծրագրերին ու համազգային նշանակութեան բոլոր միջոցառումներին։

-Որո՞նք են ուսանողների հիմնական խնդիրներն այսօր համալսարանում:

Ա. Սարգսեան.  Ուսանողների հիմնական խնդիրները կապուած են կրթական ոլորտի հետ, և իմ կարծիքով՝ այդ ուղղութեամբ պէտք է լինեն արմատական փոփոխութիւններ: Բոլոնեան համակարգը ներկայ զարգացումներին համընթաց չի քայլում։ Խնդիր է նաև ուսանողների նախաձեռնողականութիւնը, որի ուղղութեամբ արդէն իսկ սկսել ենք աշխատել` համագործակցելով համալսարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Ն. Առուշանեան. Թէև մենք ունենք հետաքրքիր ու յագեցած ուսանողական առօրեայ, սակայն համալսարանում  ունեցած խնդիրները  կապուած են Արցախում ստեղծուած յետպատերազմեան իրավիճակով։ Պատերազմից յետոյ մենք ունենք մասնագէտների պակաս, որը փորձում ենք լրացնել Հայաստանի ու արտերկրի մասնագէտների հետ առցանց հանդիպումներով ու դասախօսութիւններով:

Հ. Սայիեան. Այսօր համալսարանները նորագոյն տեխնոլոգիաներով կահաւորման խնդիր ունեն: Ինչքան էլ դասախօսը դասապրոցեսը փորձի աւելի պարզ ու մատչելի դարձնել, ուսանողը տարբեր աղբիւրներից օգտուի նիւթը իւրացնելու համար, մէկ համակարգչի ու պրոյեկտորի առկայութիւնն աւելի մատչելի ու ընկալելի կը դարձնի դասաւանդումը։ Միգուցէ այդ կրճատուած ժամանակն էլ ուսանողը կը ծախսի առարկայի մէջ աւելի խորանալու վրայ: Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն համալսարաններին, այլ նաև դպրոցներին ու կրթական այլ հաստատութիւններին:

— Ինչպէս գիտէք, ուսխորհուրդների առաքելութիւնը ուսանողների շահերի և իրաւունքների պաշտպանութիւնն է։ Արդեօ՞ք ուսխորհուրդներն այսօր ուսանողի կողքին են ուսանող-դասախօս յարաբերութիւններում:

Ն. Առուշանեան.  ԳՆ համալսարանում ուսանող֊-դասախօս յարաբերութիւնները բաւականին անմիջական են։ Ուսանողական խորհուրդն, իհարկէ, միշտ ուսանողների կողքին է, Յատկապէս՝ առաջին կուրսեցիների, նրանց օգնում է ինտեգրուել ուսանողական առօրեային, բայց դասախօսները ևս հետաքրքրուած են ուսանողների խնդիրներով ու մտահոգութիւններով:

Հ. Սայիեան.  Մենք մեր ուսանողների և դասախօսների հետ ունենք շատ ջերմ յարաբերութիւններ։ Մեր համալսարանը հէնց դրանով էլ առանձնանում է, որ ուսանող-դասախօս յարաբերութիւնները դասապրոցեսից յետոյ պաշտօնական չեն, այլ՝ ընկերական։ Կարծում եմ՝ սա ուսանողների համար լաւ սովորելու ևս մէկ շարժառիթ է:

Ա. Սարգսեան. Ուսանողի կողքին ենք ցանկացած հարցում, որոնք վերաբերում են նրանց, իհարկէ՝ օրինականութեան շրջանակներում։

— Որպէս վերջաբան, ո՞րն է համալսարանների ասելիքն այն դիմորդներին, ովքեր սեպտեմբերից առաջին անգամ են յաճախելու իրենց համալսարաններ:

Հ. Սայիեան. Բարի գալուստ մեր ընտանիք։ Խոստանում ենք տալ որակեալ բարձրագոյն կրթութիւն, ապահովել ուսանողների յիշարժան ուսանողական կեանքը: Փակագծեր չեմ բացում՝ այն թողնելով ուսանողների բացայայտմանը։

Ն. Առուշանեան. Պէտք է դիմորդների մօտ ամրապնդենք այն համոզմունքը, որ բանիմաց, նպատակասլաց ու մասնագիտական կարողութիւններով օժտուած երիտասարդներն են ուժեղ ու զարգացած պետութեան հիմքը։

Ա. Սարգսեան. Ինչպէս ամէն տարի, այս տարի սեպտեմբերից ևս ԱրՊՀ-ն  կը կազմակերպի համապատասխան միջոցառումներ, որպէսզի լուծի հետևեալ խնդիրները՝ իրազեկի ուսանողներին նրանց իրաւունքների ու պարտականութիւնների մասին, շատ կարճ ժամանակահատուածում օգնի, որ ինտեգրուեն համալսարանական ակտիւ կեանքին, ինչպէս նաև ընթացիկ այլ հարցեր լուծելուն։

 

Վահագն Խաչատրեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.