Լոյս տեսաւ հայդուկապետ, հայ ազատագրական պայքարի կարկառուն դէմքերէն Նիկոլ Դումանի անտիպ նամակներու հաւաքածոն
Երեւանի մէջ, խմբագրութեամբ վաստակաշատ պատմաբան Երուանդ Փամպուքեանի, լոյս տեսաւ հայդուկապետ, հայ ազատագրական պայքարի կարկառուն դէմքերէն Նիկոլ Դումանի անտիպ նամակներու հաւաքածոն, որ կը հանդիսանայ «Վէմ» համահայկական հանդէսի նոյնանուն մատենաշարի երրորդ թիւը:
Հրատարակութիւնը իրականացած է մեկենասութեամբ Նազարէթ Պարսումեանի` ի յիշատակ Հրայր Մարուխեանի, իսկ տպագրութիւնը կատարուած է «Լուսակն» հրատարակչութեան կողմէ, Երեւան, 1000 տպաքանակով:
կը ներկայացնենք «Նիկոլ Դուման. նամականի» հատորին յառաջաբանը, զոր գրած է պատմագիտութեան դոկտոր, փրոֆեսէօր Խաչատուր Ստեփանեան, ինչպէս նաեւ Երուանդ Փամպուքեանի ներածականը:
Նիկոլ Դուման. Մտաւորական Հայդուկապետը
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Պատմագիտութեան դոկտոր, փրոֆեսէօր
Մեծանուն գործիչ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տէր Յովհաննիսեան, 1867–1914) իր անջնջելի հետքն է թողել 19-րդ դ. վերջի եւ 20-րդ դ. սկզբի հայ ազատամարտի պատմութեան մէջ: Նա հռչակուեց թէ՛ զէնքի, թէ՛ մտքի ասպարէզում: Որպէս զինուորական` նաե՛ւ քաջ մարտիկ էր ե՛ւ ռազմի հմուտ ուսուցիչ. որպէս մտաւորական` ե՛ւ անթերի ռազմավար էր ե՛ւ անկրկնելի գաղափարախօս: Դումանը որպէս անվախ մարտիկ` դարձել էր թշնամու պատուհասը: Արդէն 1890-ականների կէսերին քրտերի մօտ փառաբանւում էր իր քաջութեամբ: Պատահական չէր նաեւ հէնց քրդերից ստացած «Դուման» (Փոթորիկ) պատուանունը: Հայդուկային բազմաթիւ կռիւներում տարած յաղթանակները երաշխաւորուել են Նիկոլ Դումանի խիզախութեան, վճռականութեան, ինքնավստահութեան շնորհիւ միայն: 1896 թ. Վանի երկրորդ ինքնապաշտպանութեան, Խանասորի արշաւանքի, 1905-1906 թ.թ. հայ-թաթարական կռիւների ժամանակ դրսեւորուել են Նիկոլի թէ՛ զինուորական կարողութիւնները, թէ՛ յեղափոխական նկարագիրը:
Նիկոլ Դումանը ծնուել է 1867 թ. յունուարի 12-ին, Շուշիի գաւառի Ղշլաղ (այժմ Ծաղկաշատ, Արցախի Հանրապետութիւն, Ասկերանի շրջան) գիւղում: 1867 թ. Շուշիի թեմական դպրոցն աւարտելուց յետոյ երկու տարի աշխատում է Արցախի թեմի եկեղեցական խորհրդում, ապա եւս երկու տարի ուսուցչութիւն է անում Հիւսիսային Կովկասի հայկական դպրոցներում:
Այս ընթացքում էին ձեւաւորւում հայ ազգային կուսակցութիւնները, որոնք կոչուած էին ղեկավարելու արեւմտահայ ազատագրական շարժումը: Ազատագրական շարժման սկզբնաւորութեան շրջանից եւեթ Նիկոլ Դումանը պայքարի առաջին շարքերում էր: Լինելով ազատագրական պայքարի մէկ այլ ռահվիրայ` Յովնան Դաւթեանի դպրոցական կրտսեր ընկերը, Նիկոլը ժամանակի ընթացքում մեծապէս իր վրայ կրել է այդ գործչի գաղափարական ազդեցութիւնը:
1891 թ. Նիկոլն անդամագրւում է Հայ յեղափոխական դաշնակցութեանը եւ ուսուցչութեան նպատակով մեկնում է Թաւրիզ, որը ազատագրական շարժման կարեւոր յենակէտ էր հանդիսանում: Թաւրիզի Լիլաւա թաղամասի հայկական դպրոցում Նիկոլ Դումանը հնարաւորութիւն ունեցաւ ոչ միայն իր սաների մէջ ազատատենչ ոգի ներարկել, այլեւ` նրանց վարժեցնել զէնքի ու զինուորական գործի: Հէնց սկզբից Նիկոլը կարեւորում էր զէնքի եւ մտքի համադրութիւնը:
Քանի որ յատկապէս Թաւրիզում հաստատուած հայ յեղափոխական գործիչների հիմնական նպատակը արեւմտահայ ազատագրական շարժմանն աջակցելն էր, Նիկոլ Դումանը երկու տարի անց (1893 թ.) տեղափոխւում է Արեւմտեան Հայաստանին աւելի մօտ գտնուող Սալմաստ, որտեղ ուսուցչութեանը զուգահեռ շարունակում է իր յեղափոխական գործունէութիւնը: Սալմաստում նա ստեղծում է մի «օճախ», որտեղ հաւաքւում էին այստեղով Երկիր անցնող գործիչները: Նիկոլ Դումանի աւանդը յատկապէս մեծ է Սալմաստում փոքրիկ զինագործական արհեստանոց կազմակերպելու գործում: Նիկոլի սալմաստեան գործունէութեան շրջանում այստեղ մեծապէս բարձրացաւ ՀՅ Դաշնակցութեան հեղինակութիւնը:
Որպէս ուսուցիչ ներքաշուելով ազատագրական պայքարի յորձանուտ` Նիկոլ Դումանը հաւատում էր յեղափոխականի առաքելութեանը: Նրա պատկերացումը յեղափոխութեան մասին վկայուած է Ռուբէնի յուշերում յիշատակուած նրա հետեւեալ բառերում. «Յեղափոխութիւն չկայ, երբ նրա համար պատճառ ու նպատակ չկայ: Պատճառն ու նպատակը անարժէք բաներ են, երբ նրանք իրագործելու համար ուժ եւ կազմակերպութիւն չկայ: Ուժն ու կազմակերպութիւնը վճռական են, եթէ նրանք հարազատ պատկերն են յեղափոխութեան նպատակներու եւ ժողովրդի շահերու»: Նիկոլ Դումանը մինչեւ կեանքի վերջ հաւատարիմ մնաց յեղափոխութեան հանդէպ իր որդեգրած այս մօտեցմանը:
Սալմաստում Նիկոլ Դումանի յեղափոխական գործունէութիւնը անմիջականօրէն կապուած է Դերիկի վանքի հետ: Նրա մարտական գործունէութիւնը սկսւում է այստեղից: Յայտնի է, որ թուրք-պարսկական սահմանի վրայ գտնուող Դերիկի վանքը կարեւոր նշանակութիւն ունէր արեւմտահայ ազատագրական պայքարում: Այն անփոխարինելի յենակէտ էր հանդիսանում դէպի Երկիր զէնք, զինամթերք եւ կռուող ուժեր փոխադրելու գործում: Դերիկի վանքը Նիկոլ Դումանի պաշտելի վայրերից մէկն էր: Վերջինս վանքի ունեցած խորհրդաւորութեան մասին հետեւեալն է պատմում Ռուբէնին. «Երբ ո՛չ թիւ, ո՛չ որակ, ո՛չ էլ ուժ ունիս, թշնամիդ մի՛ զարնէ, հարուածդ տուր նրա երեւակայութիւնը բորբոքելու համար: Քո վրայ նետուող գազանի աչքերին նայիր, նա պոչը կը քաշէ, ոչխար կը դառնայ: Այս է գաղտնիքը Դերիկի յաջողութեան»: Սրանով Նիկոլ Դումանն ուզում էր ասել, որ ամենազօր թշնամին անգամ քո վճռականութիւնից եւ անակնկալ հարուածից կարող է տեղի տալ:
Դերիկի վանքում Նիկոլ Դումանի վերահսկողութեամբ թրծուած հայդուկները, բացի մարտականից, բարոյական-հոգեբանական լուրջ պատրաստուածութիւն էին անցնում: Հայդուկի յեղափոխական-բարոյական վեհ նկարագրի անհրաժեշտութիւնը Նիկոլը հնարաւորինս ձգտել է հասցնել կատարելութեան: Օրինակ, նրա պատկերացմամբ, հայդուկը հայ ժողովրդի պատիւն էր, եւ նա իրաւունք չունէր գերի ընկնելու: Նիկոլը նոյնիսկ առաջարկում էր, որ հայդուկները հրացաններից բացի` իրենց մօտ պէտք է անպայման ատրճանակ ունենան, որպէսզի հարկ եղած անելանելի դէպքերում ինքնասպանութիւն գործեն եւ ազատուեն գերի ընկնելու անպատուութիւնից:
Նիկոլ Դումանը հայդուկային կռիւների յաջողութիւնը պայմանաւորում էր հայդուկների հոգեբանական պատրաստուածութեամբ, թշնամու հանդէպ վճռական լինելու անսասանութեամբ: Այս տեսակէտից Նիկոլը փորձում էր խորհրդաւորութիւն մտցնել յատկապէս իր սիրելի Դերիկի վանքի կատարած դերի մէջ:
Երկաթեայ կարգապահութիւն դաւանող Նիկոլ Դումանը հանդիսացել է բազմաթիւ հայդուկների զինուորական ուսուցիչը: Հայդուկներն էլ ակնածանքով են խօսել Նիկոլ Դումանի մարզչական ունակութիւնների մասին: Նիկոլ Դումանի ղեկավարութեամբ անցկացուող երկարատեւ ու խստապահանջ զինուորական մարզանքները աւելի անվտանգ ու հմուտ էին դարձնում մեր նորահաս հայդուկներին:
1895 թ. աշնանը Նիկոլ Դումանի մարտական 54 հոգուց բաղկացած խումբը, դուրս գալով Դերիկի վանքից, հատում է թուրք-պարսկական սահմանը եւ ճանապարհ վերցնում դէպի Վան տեղի հայութեանը համիտեան կոտորածներից պաշտպանելու համար:
Սարայ գիւղաքաղաքի մօտ խումբը պաշարւում է շուրջ 2000 հոգիանոց քրտական զօրախմբի կողմից: Նիկոլ Դումանի սառնասրտութեան, համարձակութեան եւ հնարամտութեան շնորհիւ, խումբը մեծ վնասներ պատճառելով քրտերին` դուրս է գալիս պաշարման օղակից: Քրտերի համար զարմացնող է եղել այն, որ հայ մարտիկները կռուի թէժ պահին հանել են իրենց թաշկինակները եւ պարել: Քրտերի ապշահար վիճակը հնարաւորութիւն է տուել Նիկոլ Դումանի խմբին աւելի լաւ դիրքեր գրաւել: Այնուհետեւ մարտերը շարունակուել են մօտակայ Բողազքեասան գիւղում, որտեղ նոյնպէս քրտերը մեծ կորուստներ են կրել: Ի վերջոյ, Նիկոլ Դումանի խումբը բարեյաջող հասնում է Վան: Սարայ-Բողազքեասանի կռիւներում Նիկոլի համարձակութիւնից եւ վճռականութիւնից ազդուած քրտերը նրան տուեցին Դուման (Փոթորիկ) պատուանունը:
Նիկոլ Դումանը թշնամու հանդէպ առաւելագոյնս անողոք եւ խիստ լինելու մօտեցման կողմնակից էր, որի լաւագոյն ապացոյցը նրա ծրագրած Խանասորի պատժիչ արշաւանքն էր:
1896 թ. Վանի ինքնապաշտպանութեան աւարտից յետոյ, նախապէս ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ինքնապաշտպանութեան մասնակիցները պէտք էր անվտանգ հեռանային Պարսկաստան: Սակայն թուրք-պարսկական սահմանի հարեւանութեամբ գտնուող Սուրբ Բարդուղիմէոս վանքի մօտ քրտական մազրիկ ցեղի զինեալ հրոսակները, թուրքական իշխանութեան համաձայնութեամբ, շրջապատում են Վանի ինքնապաշտպանութեան մասնակիցներին եւ նենգօրէն գրեթէ բոլորին կոտորում: Մէկ տարի անց` 1897 թ. ամրանը Նիկոլ Դումանի առաջարկութեամբ եւ Դաշնակցութեան Կովկասեան մարմինի որոշմամբ հայ զինախմբերը պաշարում են Խանասորի դաշտում ճամբարած մազրիկ ցեղախմբին եւ յանկարծահաս յարձակումով մարդկային մեծ վնաս պատճառում նրան: Մազրիկ ցեղի կրած կորուստները շատ մեծ էին: Արշաւանքը նոր ոգեւորութիւն առաջ բերեց ոչ միայն կոտորածից ընկճուած վանեցիների, այլեւ համայն հայութեան մօտ:
Իր ծաւալով նախադէպը չունեցող այս գործողութեամբ վրէժ լուծուեց ուխտադրժօրէն նահատակուած հազարաւոր հայերի համար: Խանասորի արշաւանքը ունէր պատժիչ բնոյթ. պատուհասել Վասպուրականից նահանջող հարիւրաւոր հայ մարտիկների ջարդը կազմակերպող մազրիկ ցեղին եւ այդ միջոցով ճամբայ հարթել հայդուկային խմբերին ազատ մուտք գործելու Երկիր: Խանասորի արշաւանքը հայ ժողովրդի վրէժի ցասումն էր նենգ թշնամու դէմ:
Չնայած այն հանգամանքին, որ Խանասորի արշաւանքի թէ՛ գաղափարի, թէ՛ գործողութեան ծրագրի հեղինակը Նիկոլ Դումանն էր, արշաւանքին նա մասնակցեց յիսնապետի կարգավիճակով: Նիկոլը գործի արդիւնքը ամէն ինչից վեր դասող յեղափոխական էր: Նա, որ բոլոր իրաւունքներն ունէր արշաւանքի ընդհանուր ղեկավարը լինելու, աւելորդ համարեց սեփական պատուախնդրութիւնը շահարկելու եւ հրամանատարական փառքի դափնիներով հրապուրուելու, խոնարհաբար ընդունեց վերադասի որոշումը: Դումանը համեստ էր այն իմաստով, որ հեռու էր փառասիրութիւնից եւ խորշում էր իր անձի ու գործի հանդէպ շռայլուած գովասանքներից:
Ժամանակի ընթացքում Նիկոլը դարձաւ ազատագրական շարժման` Հրայր Դժոխքի դաւանած համընդհանուր ապստամբութեան մարտավարութեան ջերմեռանդ կողմնակիցը: Արեւմտահայաստանի ազատագրումը նա պատկերացնում էր հայութեան ուժերի միասնական դրսեւորմամբ եւ միասնական քայլերի գործադրմամբ միայն:
1904 թ. Նիկոլ Դումանը պէտք էր անցներ Սասուն` օգտակար լինելու այնտեղ արդէն սկսուած ապստամբութիւնը: Նման որոշում կայացուել էր` հաշուի առնելով Նիկոլ Դումանի ունեցած բարձր հեղինակութիւնը: Թէեւ համոզուած լինելով, որ ուշացած է իր գնալը, այդուհանդերձ, կարգապահ Ն. Դումանը, անսալով վերադաս մարմինից եկած հրահանգին, մի յուսահատական փորձ կատարեց սահմանն անցնելու: Սակայն թուրք-պարսկական սահմանի վրայ` Ռազիի մօտ Դումանի խումբը թէժ կռուի է բռնւում քրտական հրոսակախմբերի հետ եւ ստիպուած վերադառնում է Սալմաստ: Փաստօրէն Նիկոլ Դումանը չի մասնակցում Սասունի 1904 թ. ապստամբութեանը:
Նիկոլ Դումանի զինուորական տաղանդը հերթական անգամ փայլատակեց 1905-1906 թթ. Անդրկովկասում տեղի ունեցած հայ-թաթարական բախումների ժամանակ:
1905 թ. երբ սկսուեց ռուսական առաջին յեղափոխութիւնը, Ռուսաստանի ժողովուրդներին յեղափոխական շարժումներից հեռու պահելու նպատակով ցարական իշխանութիւնները Անդրկովկասում հայ-թաթարական ազգամիջեան ընդհարումներ հրահրեցին: Դա առաջին հերթին ուղղուած էր զարգացած ու կրթուած հայերի դէմ, որոնք առաւել շատ էին հակուած ընկերային ու ժողովրդավարական բարելաւումներ տեսնելուն: 1905 թ. փետրուարին Պաքւում տեղի ունեցան առաջին ընդհարումները: Զինուած մահմետականները յարձակւում էին հայերի եւ նրանց տների վրայ, կողոպտում, բռնաբարում, սպաննում խաղաղ հայ բնակչութեանը: Շուտով, Նիկոլ Դումանի գլխաւորութեամբ, Դաշնակցութեան ջոկատները արժանի հակահարուած են հասցնում թուրք ջարդարարներին, որոնք հսկայական զոհեր տալով` հաշտութիւն են խնդրում: Սակայն Պաքուով ընդհարումները չսահմանափակուեցին եւ տարածուեցին Անդրկովկասի այն բոլոր բնակավայրերում, ուր հայերն ու թաթարները ապրում էին կողք կողքի: Արիւնահեղ մարտեր տեղի ունեցան Պաքուի, Գանձակի, Երեւանի, Թիֆլիսի նահանգներում: Նիկոլ Դումանը փայլուն ձեւով ղեկավարեց նաեւ Երեւանի նահանգի եւ Զանգեզուրի ինքնապաշտպանութիւնը: Առանձնայատուկ պէտք է արժեւորել Նիկոլ Դումանի դերը Պաքուի եւ Երեւանի նահանգի հայութեան ինքնապաշտպանութեան յաջող կազմակերպման գործում:
1910 թ. Նիկոլ Դումանը 1910 թ. Միքայէլ Վարանդեանը հետ Քոփենհակընում մասնակցում է Միջազգային ընկերվարական համագումարին: Ն. Դումանը մեծ կարեւորութիւն էր տալիս յատկապէս ռուսական յեղափոխական ուժերի հետ համագործակցութեանը:
Վերադառնալով հայրենիք, Նիկոլ Դումանը 1911 թ. Ռոստոմի յանձնարարութեամբ անցնում է Պարսկաստան` մասնակցելու տեղի սահմանադրական շարժման պաշտպանութեանը: Սահմանադրական կարգերի համար պայքարից աւելի շատ Դաշնակցութեանը մտահոգում էր Պարսկաստանի հայութեան անվտանգութիւնը: Դումանը ստանձնում է Թաւրիզի հայութեան ինքնապաշտպանութեան գործը: Սակայն խնդիրն աւելի է բարդանում, երբ Պարսկաստանի միապետական ուժերին աջակցելու համար երկիր են մտնում ռուսական զօրքերը: Նիկոլ Դումանը գտնում է, որ ռուսներին դիմադրութիւն ցոյց չտալու դէպքում հնարաւոր է առաւել երաշխաւորել Թաւրիզի հայ բնակչութեան անվտանգութիւնը: Ռուսական զօրքերը Թաւրիզ մտնելուց յետոյ հայդուկային խմբերը, Դումանի գլխաւորութեամբ, հեռանում են քաղաքից: Նիկոլ Դումանն անցնում է Վան, իսկ այստեղից` Կ. Պոլիս:
1913 թ. Նիկոլ Դումանը կեղծ անցագրով Կ. Պոլսից վերադառնում է Կովկաս: Ընկերների թախանձագին յորդորով, քայքայուած առողջութիւնը դարմանելու նպատակով Նիկոլ Դումանը յայտնւում է հիւանդանոցում, որտեղ էլ ցարական իշխանութիւնները ձերբակալում են նրան: Սակայն կարճ ժամանակ անց երաշխաւորութեամբ դուրս է գալիս բանտից եւ մեկնում Հիւսիսային Կովկասի առողջարանները` թոքախտից բուժուելու:
Այդ օրերին (1914 թ.) բռնկուեց Ա. Աշխարհամարտը, որն աւելի ալեկոծեց Նիկոլ Դումանի հոգեկան ներաշխարհը: Նա տեղեակ էր, որ կուսակցութիւնն ու զէնքի իր ընկերները տենդագին լծուած էին հայ կամաւորական շարժման կազմակերպմանը: Որքան էլ որ վերապահ մօտեցում ունենար այդ շարժումից հայոց համար գալիք բարիքի նկատմամբ, այսուհանդերձ, հին մարտիկը ուժ չունէր եւ ի վիճակի չէր այլեւս իր ներդրումը բերելու քաղաքական եւ ռազմական այդ բախտորոշ խմորումներու դիմագրաւման պատասխանատու գործին:
Այս ծանր ապրումների տակ 1914 թ. սեպտեմբերի 23-ին Նիկոլ Դումանն ինքնասպան է լինում: Մարմինը նախ փոխադրւում է Պաքու, ապա ՀՅԴ Արեւելեան Բիւրոյի կարգադրութեամբ` Թիֆլիս, ուր սեպտեմբերի 28-ին յուղարկաւորւում է Խոջիվանքի հայկական պանթէոնում:
Նիկոլ Դումանը ոչ միայն գործնական ռազմական գործիչ էր, որի վառ ապացոյցը Խանասորի պատժիչ արշաւանքի մտայղացումն էր, այլեւ` մարտի կազմակերպման անկրկնելի տեսաբան:
Նիկոլ Դումանի հեղինակած «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան» գրքոյկը փորձի վրայ հիմնուած եւ բազմաթիւ կռիւներում փորձարկուած ռազմագիտական փոքրիկ աշխատասիրութիւն է, որտեղ ներկայացուած են ինքնապաշտպանական մարտեր վարելու ինչպէս տեսական, այնպէս էլ գործնական մօտեցումներ:
Նիկոլ Դումանն օժտուած էր մէկ այլ բացառիկութեամբ եւս: Նա անվիճելի հեղինակութիւն էր բոլորի համար: Ինչպէս գրում է հայ յեղափոխութեան անկրկնելի յուշագիրը. «Ամենահամեստ զինուորէն սկսած մինչեւ Հրայրը, Գէորգ Չաւուշն ու Անդրանիկը, բոլորն ալ հաւասար սիրով պատրաստ էին ենթարկուելու այդ ղարաբաղցի լեռնականին պողպատէ կամքին»: Հայ յեղափոխութեան մէկ այլ հիմնասիւն` Դրոն հպարտութեամբ եւ մշտապէս Նիկոլ Դումանին համարում էր իր ուսուցիչը:
Ըստ էութեան, Նիկոլ Դումանի դաւանած յեղափոխութիւնն ու յեղափոխականութիւնը ֆետայականի, մտաւորականի, ռազմագէտի, վեհանձնի, համեստի, նուիրեալի, կարգապահի ամբողջութիւնն է:
Ընթերցողի դատին ներկայացուող նամակների այս ժողովածուի մէջ մենք տեսնում ենք Նիկոլ Դուման գաղափարի մարտիկի, անվեհեր յեղափոխականի վերոնշեալ յատկանիշների համեստ, անկեղծ եւ ակամայ արտացոլանքը հէնց նրա կողմից:
Արժէքաւոր են Ատրպատականում գործունէութեան տարիներին Նիկոլ Դումանի կողմից դաշնակցական տարբեր գործիչներին, «Դրօշակ»-ի խմբագրութեանը գրած նամակները, որոնցում հետաքրքիր մանրամասնութիւններ են բացայայտւում տեղում Դաշնակցութեան գործունէութեան, զինատար խմբերի համալրման եւ զէնքի տեղափոխման մասին: Այս առումով նամակներում բացայայտւում են գոյութիւն ունեցած բազմաթիւ դժուարութիւններ, որոնց մասին ժամանակին բարձրաձայնել էր Դումանը: Վերլուծելով զինման կարեւորութեան վերաբերեալ նամակներում առկայ դիտարկումները` գալիս ենք այն եզրակացութեան, որ անկրկնելի ռազմագէտ Նիկոլ Դումանի համար զինուելը եւ կազմակերպուելը սահմանուել են որպէս հայ ժողովրդի փրկութեան բանալի:
Նիկոլ Դումանի նամակների յաջորդ ահազանգը ներկուսակցական եւ միջկուսակցական անհաշտութիւններն են: Հեղինակն իր նամակներում ցոյց է տալիս այդ անհաշտութիւնների բնոյթը: Միաժամանակ Նիկոլ Դումանի անձի օրինակով ընթերցողը համոզւում է յանուն ընդհանուր գործի ներկուսակցական եւ ներազգային հակասութիւնները ուժերի անիմաստ եւ աւելորդ վատնումի պատճառ էին հանդիսանում:
Առանձին հետաքրքրութիւն է ներկայացնում հայ-քրտական յարաբերութիւնների տարաշերտ ծալքերի, արեւմտահայ-ազգային ազատագրական շարժման մէջ գոյութիւն ունեցած քրտական գործօնի վերհանումը Նիկոլ Դումանի նամակներում: Նիկոլ Դումանը մի կողմից կարեւորում է քրտերի հետ լեզու գտնելը, միւս կողմից էլ փաստում է, որ դրա համար անհրաժեշտ է քրտերին բացատրել դրա կարեւորութիւնը եւ ցոյց տալ մեր ուժը, որի հետ քիւրտը հաշուի կը նստի:
Վանի 1896 թ. ինքնապաշտպանական կռիւների մասին բացառիկ տեղեկութիւնները, որոնք նա քաղել է բացառիկ փրկուածների պատմածներից, ինչպէս նաեւ նոյն թուականի աշնանը տեղի ունեցած «Պստիկ» կռիւների մասին պատառիկները (թէեւ` ժլատ), թուրքական վայրագութիւնների մասին նոր վկայութիւնները գիտական նոր բացայայտումների հնարաւորութիւն են ստեղծում:
Նամակներում բացառիկ եւ մինչ այժմ անյայտ եւ նոր մանրամասնութիւններով փաստերում դրուագներ են բերւում Սարայ-Բողազքեասանի, Դերիկի վանքի կռիւների, Խանասորի արշաւանքի նախապատրաստութեան, հայ-թաթարական ընդհարումների մասին:
Նիկոլ Դումանի նամակները նոր լոյս են սփռում նաեւ անցեալ դարասկզբին պարսկական սահմանադրական շարժմանը հայութեան մասնակցութեան արդարացիութեան վերաբերեալ: Նամակները մեզ համոզում են, որ դրանք պայմանաւորուած էին ոչ միայն պարսկահայութեան ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու, այլեւ հայութեան գործօնը Պարսկաստանում արժէքաւորելու տեսանկիւնից:
Մի խօսքով, Նիկոլ Դումանի նամակների հրատարակումը նոր լոյս է սփռում ոչ միայն Նիկոլ Դուման մեծանուն յեղափոխականի գործունէութեան դեռեւս չլուսաբանուած էջերի վրայ, այլեւ նոր նիւթ է տալիս ուսումնասիրողներին ինչպէս հայ ազատագրական շարժման գաղափարական ծալքերի ուսումնասիրութեան, այնպէս էլ հայկական շարունակականութեան բանալին փնտռելու համար: Մեզ մնում է մեր երախտիքի եւ յարգանքի խօսքը փոխանցել ազատագրական շարժման պատմութեան լուսաբանման անխոնջ նուիրեալ Երուանդ Փամպուքեանին` այս ժողովածուն կազմելու համար: Միաժամանակ լիայոյս ենք, որ շարքը շարունակելի է լինելու, եւ աւարտին է հասցուելու նմանատիպ այլ ժողովածուների հրատարակումը:
Նիկոլ Դումանի Նամակներուն Մասին
Նիկոլ Դուման, բուն անունով` Նիկողայոս Տէր Յովհաննիսեան, կը հանդիսանայ, անկասկած, կարկառուն դէմքերէն մէկը հայ ազատագրական պայքարի պատմութեան մէջ. նախ` իբրեւ փորձառու ռազմագէտ մարտիկ, որ օժտուած էր արտասովոր խիզախութեամբ ու քաջութեամբ, ապա` իբրեւ գաղափարական ամուր համոզումներու տէր անձնաւորութիւն, որ իր մտաւորական մարդու հմտութեան կը միացնէր նոյնպէս ներհուն քաղաքագէտի յատկութիւնը:
Առաւելաբար ծանօթ` որպէս մարտական կերպար, ան ունեցած է նաեւ հասարակական եւ քաղաքական աչքառու գործունէութիւն: Անդամակցած է ՀՅԴ Ատրպատականի եւ Պաքուի Կեդր. կոմիտէութիւններուն, Կովկասի եւ Արեւմտահայաստանի ինքնապաշտպանութեան մարմիններուն, մասնակցած` Կովկասի ռայոնական ժողովներու, ՀՅԴ հինգերորդ եւ վեցերորդ Ընդհ. ժողովներու եւ այլն, ամէն առիթով որոշակի, երբեմն վճռական դեր խաղալով վերջնական որոշումներու կայացման մէջ:
Այս բոլորը կարելի է գտնել իր նամակներու ընթերցումով` բացի մարտական դրուագներու նկարագրութենէն եւ այդ մարտերուն ընթացքին իր գործած արտակարգ սխրանքներէն: Այս մարզին մէջ զուսպ է ան ու ժլատ, զերծ` իր անձին կապուած որեւէ սնապարծութիւն ցուցաբերելէ:
Ինչ կը վերաբերի ներկայ հատորով ընթերցող հասարակութեան ներկայացուող Ն. Դումանի նամակներուն, անոնք գրեթէ ամբողջութեամբ վերցուած են Պոսթընի ՀՅԴ Կեդր. արխիւատան պահոցներէն, ուր անոնք տեղադրուած են տարբեր շրջաններու յատուկ թղթածրարներու մէջ: Հեղինակին ձեռագիրը շատ յստակ է ու դիւրին ընթեռնլի: Պահած ենք, ըստ կարելւոյն, իր լեզուական եւ ուղղագրական առանձնայատկութիւնները:
Տարբեր ժամանակներուն Ն. Դուման ստորագրած է Ն., Նիկ., Նիկօլ, Դուման, Քեշիշ, Ղարաբաբա:
Իւրաքանչիւր նամակ թուագրուած է ըստ Պոսթընի արխիւատան ընդհանուր ցուցակներուն: Այսպէս, առաջին թուահամարը, օրինակ` 455, ցոյց կու տայ թղթածրարին թիւը, երկրորդը, օրինակ` 3, գրութեան տրուած համարը տուեալ թղթածրարին մէջ: Բացառութիւն կը կազմէ No 1855-ը, որ ընդհանուր թղթածրարին տրուած համարն է, առանց որ իւրաքանչիւր փաստաթուղթ յատուկ թուահամար ունենայ: Որոշ թիւ մը Ն. Դումանի 90-ական թուականներու նամակներէն հրատարակած է Ս. Վրացեան («Դիւան ՀՅ Դաշնակցութեան»), ուրիշներ լոյս ընծայած ենք մենք «Նիւթեր ՀՅԴ պատմութեան համար» շարքի հատորներուն մէջ: Մեծամասնութիւնը անտիպ է եւ կը հրատարակուի առաջին անգամ:
Հատորի վերջին բաժնին կցուած են երկու յաւելուածներ.
Ա.- Նիկոլ Դումանի նամակները, թիւով` 24, ուղղուած իր բարեկամներէն Արմենակ եւ Զապէլ Արապեան ամոլին:
Բ.- Նիկոլ Դումանի հեղինակած «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան» երկասիրութիւնը, առանձին ներածականով մը ճշգրտելով այդ գործի առաջին հրատարակութեան թուականը:
Ե. Փ.