Ընդդիմութեան դէմ իշխանական քարոզչամեքենայի հիմնական կեղծ թեզերը

Ընդդիմութիւնը երեկ սկսեց Փաշինեանի հեռացման համար խոստացուած փողոցային պայքարը: ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը նստացոյց է սկսել Ազատութեան հրապարակում: Կանխատեսելի էր, որ իշխանական քարոզիչները և «ստատուսագիրները» համակարգուած գրոհ էին սկսելու ընդդիմադիր գործչի դէմ:

Առանձնացնենք իշխանութեան ներկայացուցիչների և նրանց արբանեակների հիմնական քարոզչական թեզերից մի քանիսը.

  1. Վանեցեանը փախել է Շոշ գիւղից:

Այս սուտը հետևողականօրէն տարածւում է իշխանական քարոզիչների կողմից՝ Վանեցեանին որպէս դաւաճան ներկայացնելու նպատակով: Այս պրիմիտիւ քարոզչական հնարքը որևէ քննադատութեան չի դիմանում, քանի որ եթէ Վանեցեանին այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում, ապա իշխանութիւնները պատերազմից յետոյ մօտ մէկուկէս տարուայ ընթացքում առիթը բաց չէին թողնի նրա նկատմամբ քրէական հետապնդումը մինչև վերջ հասցնելու համար: Հետաքրքիր է, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը յայտարարել էր, որ պատերազմի դադարեցման գինը Շուշին էր` ակնարկելով, որ Շուշին ուղղակի յանձնուել է թշնամուն: Այդ դէպքում թէ ինչ առնչութիւն ունի Արթուր Վանեցեանը Շուշիի յանձնման գործում, անհասկանալի է:

  1. Ընդդիմութիւնը երկիրը տանում է ցնցումների:

Այս թեզը պատերազմից յետոյ միշտ կիրառւում է ընդդիմութեանը վարկաբեկելու համար: Ֆիքսենք, որ ընդդիմութեան պայքարի մեթոդաբանութիւնը կապիտուլյացիայից յետոյ երբեք դուրս չի եկել օրէնքի և սահմանադրականութեան շրջանակներից: Եւ վերջապէս, ՀՀ իւրաքանչիւր քաղաքացի ունի սահմանադրական իրաւունք՝ փողոցում իր քաղաքական կամ քաղաքացիական հայացքներն արտայայտելու համար: Ելնելով վերոգրեալից` իշխանական քարոզիչների այն թեզը, թէ իբրև իշխանութիւնը երկիրը տանում է ցնցումների, պարզապէս զաւեշտալի է:

  1. Ընդդիմութիւնը մտածում է միայն իշխանութեան գալու մասին:

Այս թեզը ընդդիմութեան հիմնական քարոզչական թեզերից է: Այն միտուած է պախարակելու ընդդիմութեան գործը, սակայն Արթուր Վանեցեանը` ինքը յայտարարեց, որ պէտք է վայր դնել կուսակցական դրօշները և լծուել միասնական պայքարի Փաշինեանի հեռացման համար:

  1. Ընդդիմութիւնը գործում է ռուսական ուղղորդմամբ:

Այս թեզը թերևս ամենազաւեշտալին է, որովհետև ներկայիս վարչակազմը ՀՀ 30 տարուայ պատմութեան մէջ ամենառուսամէտ իշխանութիւնն է: Այս իշխանութեան օրոք է, որ Հայաստանը էականօրէն զիջել է իր ինքնիշխանութիւնը և հետևողական կերպով շարունակում է զիջել: Իսկ այս մասով իշխանական պրոպագանդիստները հետևողականօրէն լռում են:

Ամփոփելով արձանագրենք, որ իշխանութիւնների կողմից իրականացուող արշաւը փաստում է այն մասին, որ իշխանութիւնները լրջօրէն անհանգստացած են ընդդիմադիր դաշտի ակտիւութիւնից: Անհանգստանալու պատճառ, իհարկէ, ունեն, քանի որ պատմութեան մէջ դեռևս պետական դաւաճանների ոչ մի խմբաւորում չի խուսափել ժողովրդական ցասումից:

 

 

Հեղինակ` Դաւիթ Ֆիդանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.