Ֆրանսիայի հայ համայնքի աշխատանքներում Արցախը մնալու է առաջնահերթութիւն

Ֆրանսիայի հայ համայնքի 2022 թուականի աշխատանքների առանցքում որպէս առաջնահերթութիւն լինելու է Արցախը:

«Արմենպրես»-ի հետ զրոյցում այս մասին նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը: Նա տեղեկացրեց, որ ինչպէս նախորդ տարիներին լրջագոյն աշխատանք են տարել Արցախի անկախութեան ճանաչման ուղղութեամբ, նոյն ակտիւութեամբ շարունակելու են 2022 թուականին: Խօսելով օրերս Փարիզում կայացած հայ համայնքի ամենամեայ ընթրիքից, որին ներկայ էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտօնեաներ թէ օրենսդիր, թէ գործադիր մարմիններից, Մուրադ Փափազեանը նշեց, որ այն ամենամեայ լաւ առիթ է հաւաքելու հայերի բարեկամներին:

«Մենք աշխատում են Ֆրանսիայի իշխանութիւնների հետ, որ պահպանուի հայամետ դիրքորոշումը: Յայտնի է, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման, ցեղասպանութեան ժխտողականութեան հարցում բաւական ամուր կեցուածք ունի: Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիայի հայամետ բնոյթը լինի նաև Արցախի հարցի հետ կապուած: Մենք այդ ուղղութեամբ աշխատում ենք, և արդիւնքը եղաւ այն, որ Ֆրանսիայի Սենատը քուէարկեց մի բանաձևի օգտին, որով կոչ էր արւում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախութիւնը: Նոյնը եղաւ Ֆրանսիայի տարբեր խոշոր քաղաքների, համայնքների պարագայում: Արդէն 85 քաղաքներ, շրջաններ քուէարկեցին այն բանաձևի օգտին, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախութիւնը: Սա ցոյց է տալիս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդիւնքը: Մենք մեր գործընկերներին, բարեկամներին ցոյց տուեցինք, որ հայկական համայնքն իսկապէս ուժեղ է և դրական սկզբունքների հիման վրայ պաշտպանում է հայ դատը, հայկական հարցը»,-ասաց Մուրադ Փափազեանը:

Փարիզում կայացած ամենամեայ ընթրիքին այս տարի, գործուղումներով պայմանաւորուած, Ֆրանսիայի նախագահը ներկայ չի եղել, սակայն եկել էր վարչապետը: Մուրադ Փափազեանը նշեց, որ կարողացան ներկայացնել հայ համայնքի պահանջները:

«Մեր կողմից խիստ գնահատականներ հնչեցին պատերազմի, դրա հետևանքների առնչութեամբ: Ներկայացրեցինք մեր դիտարկումները Արցախի ու հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ: Մենք մտադիր ենք ակտիւացնել կապերը՝ շեշտը դնելով նաև մշակութային հարցերի վրայ: ԵՈՒՆԵՍԿՕ-ն մեծ անելիք ունի՝ ապահովելու հայկական մշակութային արժէքների պահպանումը»,-ասաց Մուրադ Փափազեանն՝ ընդգծելով, որ պէտք է թոյլ չտալ, որ Ադրբեջանը իւրացնի հայկական մշակոյթը:

Մուրադ Փափազեանն ընդգծեց Ֆրանսիայի ու Արցախի քաղաքային մակարդակով համագործակցութեանն ուղղուած աշխատանքների ակտիւացման կարևորութիւնը: Նրա խօսքով, իրաւական հարթութիւնում աշխատանքների նոր ձև որդեգրելու անհրաժեշտութիւն կայ, որն աւելի ապահով կը լինի ու պէտք է քաջալերել, որ Ֆրանսիայի քաղաքները շարունակեն օգնել Արցախի քաղաքներին: Մուրադ Փափազեանը նշեց, որ Արցախն առաջնահերթութիւն է իրենց համար, բայց ուզում են քաջալերել, որ ակտիւացուեն Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը, մշակութային համագործակցութիւնը:

Տարին նախընտրական է Ֆրանսիայի համար, սպասւում են նախագահական ընտրութիւններ: Մուրադ Փափազեանի խօսքով, բոլոր գլխաւոր թեկնածուների հետ աշխատել են: Ընտրութիւններն անցկացուելու են երկու փուլով ապրիլի 10-ին և ապրիլի 24-ին: Երկրորդ փուլ անցած թեկնածուներին հնարաւորութիւն կ’ընձեռուի հայ համայնքի առջև յայտնել իրենց դիրքորոշումը:

 

Աննա Գզիրեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.