Քայլ առ քայլ գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

ՀՀ իշխանութիւնները ոչ միայն պէտք եղածը չեն անում Հայաստանի ինքնիշխանութիւնը պահելու համար, այլ ընդհակառակը շատ արագ եւ հապճեպ որոշումներով եւ միակողմանի զիջումներով է առաջնորդւում այս ամբողջ գործընթացը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը, որը Երեւանում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրւած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Դա է մեր մեծագոյն մտահոգութիւնը, որ քայլ առ քայլ մենք գնում ենք դէպի Հայաստանի թրքացում եւ պետականութեան անկում։ Ինչպէ՞ս այսպիսի վտանգ իշխանութիւնները չեն տեսնում, մեզ համար ուղղակի զարմանք է, եւ մենք ամէն ինչ անելու ենք, որ այդպիսի արդիւնքի չհասնենք»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Նա փաստեց, որ իշխանութիւնները Գեղարքունիքում, Սիւնիքում փոքր-փոքր տարածքների զիջումով արդէն որոշ կացութիւններ են ստեղծում, որը կը նախապատրաստի աւելի մեծ «համաձայնագրի» հաւանականութիւնը, եւ ասաց, որ ՀՅԴ-ն ամէն ինչ անելու է, որ այդպիսի արդիւնքի չհասնենք։

«Սա շատ լուրջ խնդիր է եւ մենք էլ մտավախութիւն ունենք, որ սահմանագծման, սահմանազատման հարցով արդէն գաղտնի բանակցութիւններ սկսել են, եւ բանակցութիւնների ընթացքում յանկարծ մի նոր անակնկալ կը պատրաստուի հայ ժողովրդի համար, որ մեզ լաւատեսութիւն չի թելադրում։ Այդ ուղղութեամբ շատ մտահոգ ենք»,- ասաց նա։

1921թ-ի իրավիճակի հետ, երբ ստորագրուեցին Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը, այսօր էլ զուգահեռներ տեսնում է Յակոբ Տէր-Խաչատուրեանը։ Ասում է՝ թուրքական ու ադրբեջանական ախորժակները չեն փոխուել։

«Թուրքիան իր պանթիւրքական նկրտումներից երբեք յետ չի կանգնել, իսկ Ադրբեջանն էլ հիմա ընդհանուր խաղաղութեան հաստատման պիտակի տակ ուզում է կորզել թէ՛ Հայաստանի հողային տարածքներ, եւ թէ՛ վերջնականօրէն ճշտել սահմանների խնդիրը եւ ստիպել Հայաստանին՝ ճանաչելու իր տարածքային ամբողջականութիւնը՝ այդ ձեւով թաղելով Արցախի հարցը»,- ասաց նա։

Սրանք բոլորն էլ, բնականաբար, անընդունելի հանգամանքներ են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար, վստահեցրեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը, իրենք միշտ ասել են եւ հիմա էլ կրկնում է, որ երկրների միջեւ յարաբերութիւններ կարելի է ստեղծել նաեւ սահմանային խնդրին վերջնական լուծում չտալով․ այդպիսի հարցեր գոյութիւն ունեն շատ երկրների միջեւ, լաւագոյն օրինակը, ըստ նրա, Ռուսաստանի եւ Ճապոնիայի խնդիրն է, որոնք Երկրորդ աշխարհամարտից յետոյ մինչեւ այսօր սահմանային խնդիրներ ունեն կղզիների վերաբերեալ, բայց դա երբեք չի խանգարել, որ բնականոն յարաբերութիւններ ունենան։

«Շատ զգուշաւորութեամբ պէտք է մօտենալ այդ հարցին, խանդավառութեամբ չնետուել այն աբսուրդ իրավիճակի մէջ, թէ մենք վերջնականօրէն ամէն ինչ պէտք է սահմանագծենք, սահմանազատենք, հարիւրաւոր տարիներից ի վեր եղած հարցերը յանկարծ լուծենք այսօր, որովհետեւ այսօրուայ պայմաններում, երբ Հայաստանը պարտուած վիճակում է, ունենք պարտուողական հոգեբանութեամբ վարչակարգ, եւ, բնականաբար, բոլոր ուժերը սա օգտագործելով՝ փորձելու են առաւելութիւններ կորզել»,- մտահոգութիւն յայտնեց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Սրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է պատմութիւնից դասեր քաղելով՝ չընկնել նոյն խաղերի մէջ։ ՀՅԴ Բիւրոյի ղեկավարը յոյս յայտնեց, որ գիտաժողովի արդիւնքները կ’օգնեն այդ ուղղութեամբ զգուշաւորութեան ուղերձ հասցնել նաեւ գործող իշխանութեանը, որպէսզի հայ ժողվորդի անժամանացելի իրաւունքները ձեռքից բաց չթողնեն։

Իրանը, Հնդկաստանը, այլ գերտէրութիւններ այս օրերին շահագրգռութիւն են ցուցաբերում Հայաստանի սուբիեկտայնութիւնը բարձրացնելու ուղղութեամբ։ Յակոբ Տէր-Խաչատուրեանն ասաց՝ սա է, որ իշխանութիւնները լաւապէս պէտք է օգտագործեն։

«Ունենք պետութիւններ, որոնց համար Հայաստանի գոյութիւնը որպէս անկախ պետականութիւն, որպէս հզօր պետականութիւն իրենց շահերից էլ է բխում, եւ այդ ուղղութեամբ իրենք պէտք է յենուեն նաեւ այդպիսի հնարաւորութիւնների վրայ, որպէսզի զօրացնեն իրենց բանակցային ձեւերը։ Դժբախտաբար, մեր իշխանութիւնների կողմից այդ ուղղութեամբ մեծ աշխատանք տարուելու իրողութիւնը չենք տեսնում»,- ասաց նա։

Իրենք, որպէս ՀՅԴ, մեծ ջանք են թափում տարբեր երկրների մէջ Հայաստանի համար առաւելութիւններ վաստակելու ուղղութեամբ, որպէսզի երկիրը կարողանայ առաւել յանդուգն եւ ողնաշարը մի քիչ շտկուած խօսի երկու հարեւան թշնամիների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի։

Աննա Բալեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.