Փաստն այն է, որ ՀՀ տարածքի նկատմամբ եղել է ու կայ ագրեսիա, եւ ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնութիւն. Իշխան Սաղաթէլեան

Եթէ այդպէս է եւ նրանցից էր կախուած ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի յայտարարութիւններին:

Յիշեցնենք, որ ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը յունուարի 7-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարեց, որ Հայաստանն իրաւունք չունէր իրեն նեղացած երիտասարդի պէս պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չէք արել, մենք էլ չենք անի։ Արմէն Գրիգորեանը նաեւ ընդգծել է, որ պատմութեան մէջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցոյց տուել, թէ ինչպէս պէտք է աշխատի եւ յոյս է յայտնել, որ եթէ Հայաստանը հետագայում նման իրավիճակում յայտնուի, կը ստանայ համապատասխան օգնութիւն ՀԱՊԿ-ից։

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաների մտքերից վաղուց արդէն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթէ այդպէս է եւ նրանցից էր կախուած ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ աւարտուած չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնւում թշնամու զօրքերը։ Եթէ դա ԱԽՔ քարտուղարութիւնից էր կախուած, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թէ՞ Ղազախստանի համար աւելի սրտացաւ են։ Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնյայտ է, թէ նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթէ Հայաստանում էլ ցոյցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կայ ագրեսիա, եւ ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնութիւն։ Մինչեւ հիմա պարզ չէ՝ արդեօք մենք գրաւոր ընթացակարգով, պատշաճ ձեւով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնութեան ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊԿ-ից ստացաւ այն, ինչ իրեն հարկաւոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացաւ, ունենք անսկզբունք, անտեսակէտ եւ անկարող իշխանութիւն, որը չի կարողանում պաշտպանել երկրի անվտանգութիւնը»,- ասաց Սաղաթէլեանը։

Իշխան Սաղաթէլեանը ընդգծեց, որ իրենք կարեւորում են ՀԱՊԿ-ի գործունէութիւնը որպէս անդամ երկիր եւ որպէս անվտանգութեան համակարգ, որին մենք մաս ենք կազմում, բայց նաեւ ակնկալում են փոխադարձ օժանդակութիւն մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու հարցում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պէտք է խոչընդոտ չհանդիսանար ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման ընդունման համար՝ հաշուի առնելով նաեւ այն ակնկալիքները, որ ունենք այդ կառոյցի հետ կապուած։ Բայց զօրախումբ ուղարկելու հարցում պէտք է ձեռնպահ մնայինք՝ հաշուի առնելով, որ չկայ ամբողջական ինֆորմացիա, վերլուծութիւն զօրք ուղարկելու հետեւանքների առումով, եւ Ղազախտանի վերաբերմունքը 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ նրա յայտարարութիւնները»,- յաւելեց նա։

Իշխան Սաղաթելեանի խօսքով` Նիկոլ Փաշինեանը յանուն իր իշխանութեան պահպանման պատրաստ է ցանկացած քայլի:

«Պէտք է արձանագրենք, որ այս մարդը սկզբունքներ չունի, յանուն իր իշխանութեան պատրաստ է ցանկացած քայլի։ Յիշենք՝ ինչ որ ժամանակին խօսում ՀԱՊԿ-ի, ցոյցերի մասին, բանակը ներքաղաքական հարցերին չխառնելու մասին եւ ինչ է անում հիմա։ Իշխանութիւնը առաւօտեան կարող է լինել ռուսամէտ, կէսօրին՝ արեւմտամէտ, երեկոյեան՝ թուրքամէտ։ Պատահական չէր, որ ասում էին՝ մեր իշխանութիւնը «իզմեր» չունի։ Հետեւաբար պէտք չէ նրանց գործողութիւններում տամաբանութիւն փնտրել»,- եզրափակեց նա։

Leave a Comment

You must be logged in to post a comment.