Փաշինեանի քաղաքականութիւնը սպառնալիք է պետականութեանը. Վարդան Օսկանեան
- (0)

«Հայաստանի ինքնիշխանութեանն ու ազգային անվտանգութեանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլեւ սեփական ղեկավարութեան ձախողումները։ Ատրպէյճանի նկրտումները վաղուց յստակ են՝ ռազմական ուժի եւ դիւանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նուաճումները», ահազանգում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։
Նա ընդգծում է՝ այս մարտահրաւէրները գոյութենական սպառնալիքի են վերածուել ոչ միայն Պաքուի ագրեսիայի, այլեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի անձեռնհասութեան պատճառով։ Նրա սխալ հաշուարկները, անվճռականութիւնը եւ տապալուած քաղաքականութիւնը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողութիւնը՝ կառավարելի հակամարտութիւնը վերածելով ազգային աղէտի։ Փաստացի, հենց Փաշինեանն է դարձել Հայաստանի անվտանգութեան ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարաւոր դարձնելով Ատրպէյճանի ագրեսիան։
«Ատրպէյճանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողութիւնը թուլացել է Փաշինեանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտօնավարումը նշանաւորուել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստուածութիւնը, դիւանագիտական ազդեցութիւնը եւ ներքին միասնականութիւնը։ 2020-ի պարտութեան, յետոյ՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանութեան եւ Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիւանագիտական, ռազմավարական եւ ռազմաքաղաքական հմտութիւններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսուել 2020-ին. դրանք ակնյայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր յեղափոխական հռետորաբանութիւնը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականութեան յստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ատրպէյճանի սպառնալիքների հանդէպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլութեան եւ պարտուողականութեան։
Տարածաշրջանային իրատեսական քաղաքականութիւն եւ պաշտպանական ամուր ռազմավարութիւն մշակելու փոխարէն՝ Փաշինեանը տղայական ազգայնականութիւնից գնաց մինչեւ անընդունելի զիջողականութեան, որոնցից ոչ մէկը չէր բխում դիւանագիտական եւ անվտանգութեան իրատեսական շրջանակից։ Նրա կառավարութիւնն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ատրպէյճանի ռազմական հզօրացումը եւ սխալ կառավարեց յարաբերութիւնները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով աւանդական գործընկերներից եւ առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղէտալի սխալներից մէկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանութիւնը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկուեց պատերազմի փորձութեանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսուեց դիւանագիտական հետեւանքներին, անվճռական էր եւ յաճախ անտեղեակ։ Իսկ երբ ի յայտ եկան ուղղութիւն փոխելու հնարաւորութիւններ, նա կրկնապատկեց այն քաղաքականութիւնը, որը հետագայում էլ աւելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։
Այժմ, երբ Փաշինեանի անձնական անվտանգութիւնն աւելի ու աւելի է կապւում իշխանութիւնը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերեւս աւելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դէպի Արեւմուտք իրականացուեց անզգոյշ՝ օտարացնելով Ռուսաստանին եւ փոխարէնը արեւմտեան շօշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասաւորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթէ ռազմավարական մօտեցում ցուցաբերուէր։ Բայց Փաշինեանի կառավարութիւնը ապաւինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցութեան հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգութեան կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցութեան մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարեւոր զարգացումների հետ, այդ թւում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի միւնիխեան ելոյթի եւ ռուս-ամերիկեան բանակցութիւնների մեկնարկի, ինչը նշանաւորում է աշխարհաքաղաքական նոր վերադասաւորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետեւանքներով։
Ակնյայտ սխալ այս հաշուարկը կրկին վկայում է կլոպալ դինամիկայից Փաշինեանի անտեղեակութեան մասին։ Հայաստանի դիրքաւորումն առաւելագոյնս ամրապանդելու փոխարէն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի աւելի լայն փոխազդեցութիւնը։
Իր բոլոր թերութիւններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականօրէն եղել է Հայաստանի անվտանգութեան հիմնական երաշխաւորը։ Թէեւ Մոսկուայի ձախողումների վերաբերեալ դժգոհութիւնները հիմնաւոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմութիւն է։ Դիւանագիտութիւնը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախեւառաջ ազգային առաւելագոյն անվտանգութիւն ապահովելու մասին է։ Փաշինեանի օրօք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկուայից, չստանալով Արեւմուտքի աջակցութիւնը եւ խոցելի դառնալով Ատրպէյճանի ճնշման հանդէպ։
Միեւնոյն ժամանակ, Ատրպէյճանի պահանջները շարունակում են աւելանալ։ Իլհամ Ալիեւի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարութեան նուաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ատրպէյճանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում եւ տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Սրանք պարզապէս ագրեսիւ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրաւէր Հայաստանի ապագայի համար։ Սակայն Փաշինեանի արձագանգը եղել է պասիւ։ Նա չի կարողացել անել այնպէս, որ Ատրպէյճանն այդ գործողութիւնների համար պատասխան ու գին տայ։ Նրա կառավարութիւնը մէկը միւսի յետեւից կուլ է տուել դիւանագիտական եւ ռազմական յետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողութիւնները եւ երկիրը դարձնելով աւելի խոցելի։
Ատրպէյճանն ի հարկէ ագրեսոր է, բայց հենց Փաշինեանի ձախողումներն են Ալիեւի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարութիւն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հաւասարակշռութիւնը, որը կարող է մշակել անվտանգութեան իրատեսական քաղաքականութիւն եւ որը կարող է դիւանագիտութեամբ զբաղուել կարողութեան, այլ ոչ թէ յուսահատութեան դիրքերից։ Փաշինեանը բազմիցս ցոյց է տուել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանութեան, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանութիւնը կը քայքայուի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչեւ որ ոչինչ չմնայ պետութեան անկախութիւնից։
Փոփոխութեան ժամանակը հիմա է։ Հայաստանը պէտք է վերագտնի իր սեփական դերակատարութիւնը, վերասահմանի իր անվտանգութեան առաջնահերթութիւնները եւ վերակառուցի իր դիւանագիտական վստահելիութիւնը», ֆէյսպուքեան իր էջում գրել է Վարդան Օսկանեանը։