«ՍԵՒՐԸ ՉՊԷՏՔ Է ՄՈՌԱՑՈՒԻ, ԴԱ ԹՈՒՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՅՆՔԱՆ ԶԳԱՅՈՒՆ Է, ՈՐ ԿԱՅ «ՍԵՒՐԻ ՍԻՆԴՐՈՄ» ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ»․ ՌՈՒԲԷՆ ՍԱՖՐԱՍՏԵԱՆ

 

Կարսի եւ Մոսկուայի պայմանագրերը որոշեցին այն աշխարհաքաղաքական միջավայրը, որը հիմա ունենք մեր տարածաշրջանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանը, որը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցում է Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նուիրուած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Այս առումով պէտք է այդ պայմանագրերը շատ լուրջ ուսումնասիրուեն, թէ ինչպէս տեղի ունեցաւ, որ Բոլշեւիկեան Ռուսաստանը եւ Քեմալական Թուրքիան բաժանեցին Հայաստանը։ Նմանատիպ որոշակի գործընթացներ հիմա էլ են տեղի ունենում․ պէտք է նաեւ կարողանանք բացայայտել՝ որոնք են այդ նմանութիւնները»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը։

Փորձերը՝ Թուրքիայի հետ կարգաւորելու յարաբերութիւնները ապարդիւն են, համոզուած է նա, ոչ մի արդիւնք չեն տայ։

«Թուրքիան շահագրգռուած չէ Հայաստանի հետ կարգաւորելու յարաբերութիւնները, իրականում Թուրքիան Հայաստանը պատկերացնում է կա՛մ որպէս վասալ պետութիւն, ինչպէս Բաթումի պայմանագրով էր 1918 թ-ին, կա՛մ էլ ինչպէս պետութիւն, որը 1921 թ-ին բաժանուեց Քեմալակամ Թուրքիայի եւ Բոլշեւիկեան Ռուսաստանի միջեւ, դա է Թուրքիայի տեսլականը Հայաստանի մասին։ Այս պայմաններում Թուրքիայից ակնկալել, որ կարող են մեզ հետ լուրջ բանակցութիւններ վարել, կոմպրոմիսների գնալ, ո՛չ, նրանք անընդհատ ճնշելու են, պարտադրելու են, եթէ մի զիջման գնանք, շատ աւելի պարտադրանք են դնելու մեզ վրայ, ինչպէս հիմա տեսնում ենք․ 3 պահանջ ունէին մեզանից, հիմա աւելացրել են 4-րդը՝ Սիւնիքի միջանցքը»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը։

Սեւրի պայմանագիրը Թուքիայի համար շատ զգայուն հարց է՝ այնքան զգայուն, որ նոյնիսկ կայ արտայայտութիւն՝ «Սեւրի սինդրոմ» հոգեբանական առումով՝ նշեց նա։

«Որովհետեւ Թուրքիան այն ժամանակ մնաց միայնակ աշխարհի դէմ, եւ Անտանտի երկրները պարտադրեցին Թուրքիային, դրա համար նրանք մտավախութիւն ունեն, որ կարող է նոյն բանը կրկնուել․ Սեւրը նրանց համար վտանգ է, որ անընդհատ կախուած է իրենց գլխին։ Հիմա մենք պէտք է Սեւրի մասին քննարկումերը, յիշողութիւնը, հետազօտութիւնները շատ ակտիւ իրականացնենք, չպէտք է մոռացուի դա»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը։

Այո, մենք հիմա հնարաւորութիւն չունենք պահանջելու, որ Սեւրը իրականացուի, նկատեց նա, բայց Մերձաւոր Արեւելքն այսօր մտել է մի այնպիսի շրջան, որ պետութիւնները քանդւում են, իսկ Սեւրը միայն մեզ հետ չէ կապուած, այն կարգաւորում է ողջ Մերձաւոր Արեւելքը, եւ այժմ այդ տարածքում նոր պետութիւններ են առաջանում եւ կը գայ ժամանակ, որ Սեւրը նորից կը դառնայ ակտուալ եւ մենք պէտք է պատրաստ լինենք։

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.