Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ այսօր (Բ.)
Մուշ տեղափոխուած սասունցիներ, 2015։ Լուսանկարը՝ Սոֆիա Յակոբեանի
Սոֆիա Յակոբեան
1. Բոզկանի շրջան կամ Բուն Սասուն
Ցեղասպանութիւնից յետոյ հայկական բնակչութիւն ունեցող գիւղերն են Գելիեգուզան, Քաղքիկ, Սեմալ, Շենիկ, Աղբիկ:Բացի Քաղքիկից, որը Պաթմանի նահանգի Սասոն գաւառի կազմում է, նշուած միւս գիւղերը մտցուել են Մուշի գաւառի կազմի մէջ:
Վերը նշուած գիւղերի հայկական բնակչութիւնն ամբողջովին իսլամացուած է. իսլամացման գործընթացն այս շրջանի հայերի մէջ սկսուել է 1930-ականների երկրորդ կէսից եւ շարունակուել մինչ 1940-ականների կէսերը: Թէեւ որոշ ընտանիքներ կարողացել են գաղտնի կերպով պահպանել քրիստոնէական որոշ աւանդոյթներ, սակայն հետագայ տարիներին հիմնականում Մուշի կենտրոն տեղափոխուած այս հայերի մեծ մասն այնտեղ ամբողջովին անցաւ մահմետական կենսակերպի:
Ցեղասպանութեանը յաջորդած քսան տարիների ընթացքում այս գիւղերից պարբերաբար արտագաղթեր են եւ գրանցուել Գամիշլի եւ Հալէպ:
1930-ականներին՝ քրտական ընդվզումների ժամանակ, այն հայերը, ովքեր չբարձրացան լեռները, քիւրտ ապստամբների հետ միասին աքսորուեցին Թուրքիայի արեւմտեան շրջաններ: Որոշ ժամանակ անց սրանց մի մասը վերադարձաւ հայրենի Սասուն:
Այս գիւղերի բնակչութեան զգալի մասը պետութեան անմիջական վերահսկողութեամբ հետագայ տարիներին տեղափոխուեց Մշոյ դաշտի գիւղեր եւ Մուշի կենտրոն. այս վերաբնակեցումը շարունակուեց մինչեւ 1990-ականների կէսերը:
Վերոնշեալ գիւղերի հայ բնակչութեան մեծ մասն արաբախօս է, որոշները՝ քրտախօս: Աւագ սերնդի շրջանում դեռեւս կարելի է գտնել մի քանի հայախօսողների:
Այս հատուածի կրօնափոխ սասունցիներին կարելի է առանձնացնել իրենց յատուկ կրօնամոլութեամբ, ինչպէս նաեւ նրանով, որ հենց այս գիւղերում են բնակւում ամենամեծ թուով ծպտեալները (իրենց ինքնութիւնը թաքցնողները): Սովորաբար Սասունի գիւղերում հայերը թէեւ յաճախ հանդիպել են ամենատարբեր հալածանքների, սակայն ծպտեալ կենսակերպ վարողները շատ չեն, քանի որ բոլորն էլ ճանաչում են միմեանց: Մինչդեռ պատմական Սասունի հենց այս հատուածում ամենաշատն են քրտի կամ արաբի ինքնութեամբ ներկայացողները: Թէեւ Սասունի այլ շրջաններում հայկական ինքնութեան եւ Ցեղասպանութեան վերաբերեալ հարցերն արդէն ազատ քննարկւում են, Գելիեգուզանի եւ Սեմալի պէս գիւղերում դեռեւս առկայ է վախի մթնոլորտն ու ինքնութիւնը ծածկելու սովորութիւնը: Սակայն առաւել քան ուշագրաւ է այն փաստը, որ այստեղ իրենց հայկական ծագման մասին խօսել չցանկացողներն անգամ միւսների պէս շարունակում են ամուսնանալ միայն իրենց պէս կրօնափոխ հայերի հետ:
Այս տարածքում վերջին մի քանի տարիներին կարելի է նկատել որոշ տեղաշարժ՝ անցեալն աւելի մանրամասն ուսումնասիրելու եւ հայկական ինքնութեանն աւելի մօտ կանգնելու վարակիչ մի ձգտում, ինչ-որ չափով նաեւ զարթօնք, որը յատկապէս նկատելի է երիտասարդների շրջանում, որոնց մեծ մասն արդէն բնակվւում է Մուշ քաղաքում: Դրան մեծապէս նպաստել է նաեւ Մուշում հայկական առաջին հայրենակցական միութեան հիմնումը:Գելիեգուզանի բնակչութեան մեծ մասը տեղափոխուել է Մուշ, սակայն գիւղում դեռեւս բնակւում է հայկական ծագում ունեցող երկու մեծ գերդաստան: Սեմալցիների մի մեծ եւ բաւականին ակտիւ զանգուած ապրում է Մուշին յարակից գիւղերից մէկում, իսկ անմիջապէս Սեմալում մնացած հայ ընտանիքների մասին որեւէ յստակ տեղեկութիւն հաղորդելը բարդ է այնքանով, որ Սեմալում ապրողները փաստացի ոչ միայն ձուլուած են կրօնով, լեզուով եւ մշակոյթով, այլեւ բացարձակապէս չեն խօսում իրենց անցեալի մասին, թէեւ Մուշ իջած սեմալցիների պնդմամբ հայրենի գիւղում միանշանակ մնացել են հայեր, եւ նրանք քիչ չեն: Ճիշ
դ նոյն իրավիճակն է տիրում Շենիկ եւ Աղբի գիւղերում:Սակայն նոյնը չի կարելի ասել քաղքիկցիների մասին, որոնք դեռեւս շարունակում են իրենց ներկայացնել որպէս հայ, աւելին՝ ակտիւ շփում ունեն Սփիւռքի եւ Հայաստանի սասունցիների հետ: Քաղքիկ գիւղի կրօնափոխ հայերից մի մեծ գերդաստան բնակւում է Մուշում, երեքը մնացել են Քաղքիկում եւ մի քանի քրիստոնեայ ընտանիք վաղուց արդէն Սթամպուլ է տեղափոխուել:
2. Խուլբ եւ Խիեանք (ներկայում Տիարպեքիրի նահանգի Քուլպ շրջան եւ Պաթման նահանգի Սասոն շրջան)
Այս շրջանները հայկական աղբիւրներում ներկայացուած են որպէս մէկ շրջան, թէեւ վաղուց առանձնացուած են իրարից: Խուլբը ներկայում ամբողջութեամբ կցուած է Տիարպեքիրին, իսկ Խիեանքի զգալի հատուածը դեռ Սասունի (ժամանակակից քարտէզով Սասոն) կազմում է:
Հայաբնակ գիւղերը.
Խուլբում՝ Ահարոնք, Փասուր, Խըռուջ, Փարկա, Շիրնաս, Արտկունք, Գարըկ, Թիահա, Ջըկսէ:
Խիեանքում՝ Արխունդ, Բերմ, Բադէ:
Խուլբի եւ Խիեանքի հայերին բաւականին ծանր ճակատագիր բաժին հասաւ այն առումով, որ հենց այս շրջաններում են հաստատուել Ցեղասպանութեանն ամենաակտիւ մասնակցութիւնն ունեցած քրտական աշիրէթները: Մազապուրծ եղած հայերը, աւարի հետ միասին, հիմնականում բաժին էին հասել այս աշիրէթներին` որպէս ստրուկ:
Ցեղասպանութեան շրջանում ու դեռեւս դրանից առաջ բռնի իսլամացուած այս հայերի մէջ եղան այնպիսիները, ովքեր կարողացան ներհամայնքային ամուսնութիւնների շնորհիւ պահպանել հայութիւնը, թէեւ ամբողջովին քրտախօս դարձան: Նրանցից շատերն աւելի ուշ նաեւ քրտական շարժման ակտիւ մասնակիցներ են եղել:
Խուլբի հայութիւնն ամբողջովին իսլամացուեց Ցեղասպանութեան շրջանում եւ դրան յաջորդած մի քանի տարիներին:
Նրանք պահպանել են հայկական ազգային մի քանի պար եւ հայկական խոհանոցի որոշ առանձնայատկութիւններ:Բաւականին բազմամարդ եւ ակտիւ են Խըռուջ, Փասուր եւ Փարկա գիւղերի հայկական գերդաստանները: Նրանց մէջ այսօր նկատւում է որոշ ազգային զարթօնք, ինչը դրսեւորւում է երեխաներին հայկական անուններ դնելով, հայերէնով ու հայկական մշակոյթով հետաքրքրուողների թուի աճով, Հայաստանում եւ Սփիւռքում գտնուող ազգականների հետ շփումների հաստատումով կամ վերականգնումով եւ այլն: Վերջիններս հիմնականում ամուսնանում են իրենց պէս կրօնափոխ հայերի հետ, թէեւ լինում են նաեւ բացառութիւններ:
Բադէ գիւղի քրտացած հայերը ներկայում բնակւում են Սիլվանում, քրտական շարժման ակտիւ մասնակիցներ են եւ վաղուց արդէն ոչ մի կապ չունեն հայութեան հետ:Նոյն վիճակում է Բերմ գիւղի միակ փրկուած հայկական ընտանիքի ժառանգների մի մասը, ովքեր այժմ բնակւում են Պաթմանի կենտրոնում. նրանք արդէն վաղուց չեն անդրադառնում իրենց հայկական արմատներին: Մինչդեռ նրանց ազգականների մի մասը պահպանեց ե՛ւ ազգային, ե՛ւ կրօնական ինքնութիւնն ու տեղափոխուեց Սթամպուլ:Հայկական ինքնութիւնից ամբողջովին հեռացել են նաեւ Խուլբի միւս գիւղերում ապրողները:
Առանձին ուշադրութեան է արժանի Արխունդ գիւղի հայութիւնը, որի մի մասը մինչ օրս քրիստոնեայ է: Խիեանքի շրջանում ամենաշատը հենց նրանց է յաջողուել պահպանել ազգային ինքնութիւնը եւ կրօնը:
Տարբեր ժամանակներում գիւղի բնակչութեան թուաքանակը տատանուել է. եղել է մի շրջան, երբ հասել է 42 տան: Ցեղասպանութեան շրջանում բռնի իսլամացուած այս հայերի մի հատուածը բաւականին երկար ժամանակ կարողացաւ գաղտնի կերպով պահպանել ազգային եւ կրօնական որոշ աւանդոյթներ, սովորոյթներ ու ծէսեր, երբեմն էլ, երբ հանգամանքները թոյլ էին տալիս, կարողանում էին աւելի բացայայտ քրիստոնէական կենսակերպ վարել: Թէեւ նրանց մէջ գրեթէ չէին մնացել մայրենի լեզուին տիրապետողներ, այնուամենայնիւ, նրանցից շատերը Սթամպուլ արտագաղթելուն պէս շտապեցին մկրտել ու հայկական դպրոցներ ուղարկել իրենց երեխաներին:
Արխունդ գիւղի հայութեան մի հատուածը գիւղից հեռացաւ քրտական PKK-ի ակտիւացման շրջանում, երբ գիւղի բնակիչներին պարտադրւում էր համալրել իշխանամէտ գիւղական պահակախմբերի շարքերը եւ կռուել քիւրտ զինեալների դէմ: Արխունդի քրտացած հայերի զգալի հատուածը հրաժարուեց PKK-ի դէմ զէնք բարձրացնել ու հեռացաւ դէպի արեւմուտք, հիմնականում` Սթամպուլ: Արխունդի հայերն այսօր Կ. Պոլսում ունեն իրենց առանձին հայրենակցական միութիւնը` Հերենդի (Արխունդի քրտերէն անունը) հայերի միութիւն:
Արխունդից հայերի արտագաղթի միւս պատճառը հարեւան մահմետական բնակչութեան տեւական ճնշումներն էին, որոնց հետեւանքով արխունդցիների մի մասը մահմետական դարձաւ, իսկ որոշները մինչեւ վերջ պահպանեցին կրօնն ու լքեցին գիւղը: Շատերը իսլամանում էին ձեւականօրէն՝ ճնշումներից ազատուելու համար: Իսլամ ընդունելուց յետոյ էլ շարունակեցին ներհամայնքային ամուսնութիւնները՝ չխառնուելով քրտերի հետ:
1960-ականներին քրիստոնեաների դէմ բացայայտ յարձակումներն այստեղ մշտական բնոյթ ստացան: Գիւղի քրիստոնեայ բնակչութիւնը պաշտօնապէս իսլամացուել է 1968 թ., երբ Արխունդի եկեղեցին վերածուեց մզկիթի, իսկ տեղի բոլոր քրիստոնեայ բնակիչերը հաշուառուեցին որպէս մահմետականներ: Թուրքական մամուլը չշրջանցեց այս դէպքերը. «Հուրիէթ» թերթը շտապեց այս ամէնը ներկայացնել որպէս Աջար գիւղի (Արխունդի թուրքական անունը) քրիստոնեայ բնակչութեան կամաւոր մահմետականացում եւ անգամ մէջբերեց գիւղի «հոգեւոր առաջնորդի» հետեւեալ խօսքը «Մենք վաղուց էինք համակրում այս կրօնին, եւ վերջապէս մեր հոգիները կը խաղաղուեն»:
Միչդեռ յայտնի է, որ Արխունդի հայերը ցոյց էին տուել դիմադրութիւն. բախումների ընթացքում երեք հոգի սպանուեց հայերի կողմից եւ երեքը՝ քրտերից:
Անդրադառնալով «Հուրիէթ»ի յօդուածին՝ պէտք է նշենք, որ սա այն դասական սցենարն է, որը սովորաբար յաջորդում էր հայերին բռնի իսլամացնելու դէպքերին. մամուլի եւ շրջակայ մահմետական բնակչութեան կողմից «հայերի կամաւոր իսլամացման» մասին լուրերի տարածում, իսկապէս կամաւոր կրօնափոխութեան գնացող մի քանի անհատների կողմից ամբողջ համայնքի անունից յայտարարութիւնների ակտիւ բրոբականդում ու վերջիններիս որոշ հողատարածքների բաշխում :
3. Խաբլջոզ եւ Հազզօ (ներկայում Պաթման նահանգի Սասոն եւ Քոզլուք շրջաններ)
Պատմական Սասունի Հազզոյի շրջանի մեծ մասը, Սասունից անջատելով եւ Քոզլուք անուանափոխելով, դարձրել են Պաթման նահանգի առանձին շրջան, իսկ Խաբլջոզը հանդիսանում է ժամանակակից Սասունի կենտրոնը, որի մի հատուածը զբաղեցնում է Սասոն քաղաք-շրջկենտրոնը:Հայաբնակ գիւղերը` Կուսգետ, Հազզօ, Հասոփիկ, Իրիցանք, Փիրշենք, Կորով, Կոմեկ, Խարվեռ, Նադոբան, Դերէ, Բադըրմուտ, Քորամ, ԸկուզնակՍխալուած չենք լինի, եթէ ասենք, որ Ցեղասպանութիւնից յետոյ Սասունում ամենաշատ թուով հայեր մնացել են հենց այս շրջանում: Յատկապէս Խաբլջոզի լեռնային անառիկ գիւղերում` Մարաթուկի փէշին են կենտրոնացած եղել փրկուած հայերի փոքրիկ համայնքները:
Սա հենց Սասունի արաբացած հայերի ամենամեծ շրջանն է, նշուած բոլոր գիւղերում բնակչութիւնն ամբողջովին արաբախօս է: Սակայն սասունցիների այս խումբը, թերեւս, ամենաշատն է պահել հայկականութիւնը (հին հաւատալիքներն ու աւանդոյթները, երգերը, պարերը, խոհանոցը, իսկ մի շարք գիւղերում մինչեւ 1980-ականները պահպանել էին նաեւ լեզուն), ինչպէս նաեւ անում էին հնարաւոր ամէն բան՝ օտարների հետ ամուսնական կապերը բացառելու համար:
Այս շրջանում են նաեւ պահպանուել ամենաշատ քրիստոնեայ ընտանիքները, որոնց զգալի մասը Սթամպուլ արտագաղթեց 1970-80-ական թթ., երբ բռնի իսլամացման եւ տարատեսակ ճնշումների նոր ալիք բարձրացաւ Արեւմտեան Հայաստանի բոլոր այն գաւառներում, որտեղ դեռ հայեր կային: Այստեղի իսլմացուածների զգալի հատուածը (չենք սխալուի, եթէ ասենք մօտ 70-80%) կրօնափոխ է եղել հենց այդ ժամանակ եւ ոչ թէ Ցեղասպանութեան շրջանում, իսկ քրիստոնէութիւնը պահողները արտագաղթեցին Սթամպուլ: Եւ ի հարկէ հենց այս շրջանից տեղի հայերի մէջ հայերէնն իր տեղը աստիճանաբար զիջեց արաբերէնին:
Հարկ է նշել նաեւ, որ այստեղ հայերը ձախակողմեան կամ քրտամէտ չեն, աւելին` Սասունի այս շրջանը բառի բուն իմաստով «հակաքրտական» է (արաբացած հայերի խնդրին ու քրտական շարժման մէջ նրանց դերին աւելի մանրամասն կ’անդրադառնանք աւելի ուշ):
Խաբլջոզի շրջանում թերեւս ամենահայաշատը եղել է Փիրշենքը. այստեղ հայերի տները տասից աւելի էին, ի հարկէ այս թիւը տատանւում էր տարբեր ժամանակներում: Ներկայում գիւղում մնացել է երեք տուն հայ` մէկը՝ քրիստոնեայ, երկուսը մահմետական: Իրիցանք գիւղում ծպտուած հայերի տները թէեւ աւելի քիչ էին, քան Փիրշենքում, սակայն պակաս բազմամարդ չէին: Վերջիններս դեռեւս երեսուն տարի առաջ կրօնական ճնշումների հետեւանքով տեղափոխուեցին Սթամպուլ:
Երեք քրիստոնեայ ընտանիք դեռեւս ապրում է Կոմեկ գիւղում:Հասոփիկ, Նադոբան, Խարվեռ եւ Կորով գիւղերում մնացել են վերջին մի քանի կրօնափոխ հայ ընտանիքները:
Կուսգետ գիւղի քրիստոնեայ հայերը Սթամպուլ տեղափոխուեցին 1960-70 թթ. (ի դէպ 10 կուսգետցիների գնդակահարութեան պատմութիւնը որոշակիօրէն արտացոլում է հայերի վիճակը Սասունում 1927-38 թթ. քրտական ընդվզումների ընթացքում. գնդակահարութիւնները թուրք զինուորներն իրականացրեցին 1937-ին, թէեւ այս հայերը ոչ մի կապ չունէին քրտերի ապստամբութեան հետ եւ գնդակահարութեան վայր էին բերուել խաբէութեամբ) (5):Բաւականին շատ հայ որբեր են պահուել Բադըրմուտ գիւղի քիւրտ աղայի տանը, որոնց մի մասը փախչելով փրկուեց գերութիւնից, սակայն շատ հայ աղջիկներ եւ կանայք Բադըրմուտում ձուլուեցին պարտադրուած խառն ամուսնութիւնների պատճառով: Բադըրմուտի որբերից ոմանք, միմեանց հետ ամուսնանալով, կարողացան խուսափել ձուլումից, սակայն այդպէս էլ չվերադարձան քրիստոնէութեան: Այդպիսի մի քանի ընտանիք ներկայում ապրում է Մշոյ դաշտի գիւղերից մէկում: Դերէ գիւղի միակ հայկական ընտանիքը ներկայում բնակւում է Սիլվանում, մեծահասակներն իսլամացուել են դեռեւս Ցեղասպանութեան տարիներին՝ որբանալուց յետոյ:
Հազզօ գիւղից հայերն արտագաղթել էին Սիրիայի Գամիշլիի շրջան դեռեւս 1930-ականներին:
Ընկուզնակում եւ Քորամում մինչ օրս էլ ապրում են կրօնափոխ ընտանիքներ, Սասունի վարչական կենտրոնին շատ մօտ գտնուելու պատճառով նրանք աւելի անազատ են հայկական ինքնութեամբ ապրելու հարցում եւ աւելի հեռու են Սասունի միւս հայերից, ովքեր հիմնականում բարձրադիր լեռնային գիւղերում են ապրում: Քորամում եւ Ընկուզնակում բազմաթիւ հայուհիների փախցրել են արաբներն ու քրտերը:
4. Փսանք (ներկայում Պաթման նահանգի Սասոն շրջան)
Հայաբնակ գիւղերը` Հռութ, Մըջգեղ, Փշուտ, Բըքսէ, Խնձորենք, Մըկտենք, Ռաբաթ, Զիլան:
Հռութ եւ Փշուտ գիւղերը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ 1980-ականների վերջը եղել են ամենախիտ հայ քրիստոնեայ բնակչութիւնն ունեցող գիւղերն ամբողջ Սասունում: Սրանց մեծ մասը տիրապետել է հայերէնի, սակայն երիտասարդ սերունդն աւելի շատ արաբախօս է: Այսօր այդ գիւղերում քրիստոնեաներ ընդհանրապէս չեն բնակւում, կան ընդամէնը մի քանի կրօնափոխ հայ ընտանիքներ, սակայն նրանց քանակն էլ տարեցտարի նուազում է:
Մըկտենք եւ Բըքսէ գիւղերի հայերն իրականում նոյն գերդաստանի անդամներն են, մկտենքցիների վերջին երկու ընտանիքներն էին Սասունում Ցեղասպանութիւնից յետոյ: Սակայն Գէորգ Չաւուշի ծննդավայր Մկտենքում հաստատուած Կենդօ աշիրէթի քրտերը բռնի գաղթեցրեցին այս վերջին երկու հայ ընտանիքներին դէպի Բըքսէ գիւղ, որտեղ էլ նրանք ապրում են մինչ օրս, սակայն մէկ դար անց արդէն լինելով ոչ թէ երկու, այլ երեսուն ընտանիք: Բըքսէի հայերը մահմետական են, հայերէն չգիտեն եւ քրտախօս են: Բըքսէ գիւղն այդ շրջանի քիչ գիւղերից է, որի բնակչութիւնը հրաժարուեց կռուել քրտերի դէմ, ինչի պատճառով թուրք զինուորները 1990-ականներին երեք անգամ այրել են Բըքսէն:Ռաբաթ եւ Զիլան գիւղերից վերջին հայերը գաղթել են 1930-40-ական, իսկ Մըջգեղից ու Խնձորենքից` 1970-ական թուականներին:
5. Մօտկան (ներկայում Պիթլիս նահանգի Մուտկի շրջան)
Հայաբնակ գիւղերը` Նիչ, Արփի, Շենիստ, Աղբնջեր, Քերհօ:Ներկայում Շենիստ գիւղում ապրում է ինը իսլամացուած հայ ընտանիք, որոնք բաւականին բազմանդամ են, ամուսնանում են միայն իրենց պէս կրօնափոխ հայերի հետ: Մի քանի կրօնափոխ հայ ընտանիք դեռեւս ապրում է Աղբնջեր գիւղում:Նիչը ե՛ւ Ցեղասպանութիւնից առաջ, ե՛ւ յետոյ եղել է Մօտկան գաւառի ամենահայաշատ գիւղը: Ցեղասպանութիւնից յետոյ այստեղ ապրող հայ ընտանիքների թիւը յստակ չէ, քանի որ քրիստոնեայ նչեցիները, տարբեր հանգամանքներից ելնելով, յաճախ արտագաղթել, բայց նորից ետ են վերադարձել գիւղ: Նչեցիները նաեւ յաճախ տեղափոխուել են կողքի գիւղերը` ամենաշատը Արփի գիւղ: Այսօր Նիչի եւ Արփիի հայերի բազմաթիւ գերդաստանների կարելի է հանդիպել Սթամպուլում, որոնք քաղաք հասնելուն պէս մկրտուել են ու վերականգնել հայկական անունները: Ներկայ պահին Նիչում մնացել է մէկ քրիստոնեայ տուն եւ բազմաթիւ կրօնափոխներ, Արփիում բոլորը կրօնափոխ են (14 տուն):
Մօտկան գաւառի եւ յատկապէս այս երկու գիւղերի հայերի գլխաւոր առանձնայատկութիւնը կարելի է համարել այն, որ թէ՛ քրիստոնեայ եւ թէ՛ կրօնափոխ` վերջիններս Ցեղասպանութիւնից յետոյ ութ-ինը տասնամեակ շարունակել են օգտագործել հայերէնը: Թէեւ Մօտկանի գիւղերի հայութեան մեծ մասը, բացի հայերէնից, տիրապետել է նաեւ արաբերէնի, քրտերէնի (քուրմանջի) եւ զազայերէնի, սակայն նրանց շրջանում եղել են նաեւ հայեր, ովքեր, բացի հայերէնից, այլ լեզու չգիտէին: Աւելին` նրանց հարեւան արաբներն ու քրտերը նոյնպէս հայերէն էին խօսում նրանց հետ:
Քերհօ գիւղի հայերն աքսորուել են 1937-ին: Թուրքիայի արեւմուտքում անցկացրած աքսորի տարիներից յետոյ միայն երկու ընտանիք կարողացաւ վերադառնալ գիւղ, ընտանիքներից մէկը իսլամացաւ եւ մնաց հայրենի գիւղում, իսկ միւսները Քերհոյում ապրուստ չհայթայթելու պատճառով բռնեցին նախ՝ Սղերդի, իսկ այնուհետեւ՝ Սթամպուլի ճանապարհը: Վերջիններս երկար տարիներ ծպտեալ կերպով պահպանեցին քրիստոնէութիւնը, իսկ Սթամպուլ հասնելուց յետոյ մկրտուեցին (6):
Նիւթի պատրաստմանն աջակցելու համար յատուկ շնորհակալութիւն Սեւան Շենոլին, Մեհմետ Ջեմշիին, Աստղիկ Բալջըին, Դաւիթ Արուշին, Բեսսէ Քաբաքին, Ս. Շարքլըին, Վէյսի Զենգիլին, Հ. Ակդաշին, Իսահակ, Թունջայ, Աւնի եւ Մելիսա Զունգիորներին, Ն. Յունթուրին, Կարօտ եւ Ռուբէն Աւջըներին, Նուրի Թաշին, Օրհան Քաբէին, Իրֆան Գեզին,Մելիքէ Ակքուշին, Սիլվա Զ.-ին, Նազան Ջ.-ին, Այհան Դերինջէին, Արսէն Դեմիրին:
(Բ. մաս եւ վերջ)