Սահմանագծման և սահմանազատման ճանապարհով թաղելու են Արցախի հարցը․. Յակոբ Տէր-Խաչատուրեան

Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի բացման նիստից յետոյ խորհրդաժողովի օրակարգերը Գորիսում ենք քննարկելու, դրա հիմնական նպատակը Սիւնեաց աշխարհի ժողովրդին նեցուկ յայտնելն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր- Խաչատուրեանը՝ յաւելելով, որ Սիւնիքը վտանգուած է:

«Այս պարտուողական եւ անհայրենիք կացութեան մէջ, որ գտնւում է իշխանութիւնը, թւում է՝ շատ զիջումների է պատրաստ: ՀՅԴ-ն և իր Հայ դատի կառոյցներն ամբողջովին նեցուկ են Սիւնեաց աշխարհին և պատրաստ են պաշտպանելու Հայաստանի սահմանները», – ասաց նա։

Կարևորագոյն խնդիրները, որ շարունակում են ՀՅԴ-ին մտահոգել՝ սահմանագծման և սահմանազատման խնդիրներն են. «Դրանք երբեք չպէտք է լինեն ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին, որովհետև մենք քաջ գիտենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան ամէն գնով աշխատելու են, որ Արցախի հարցը թաղեն սահմանագծման և սահմանազատման ճանապարհով՝ Հայաստանին պարտադրելով Ադրբեջանի հողային ամբողջականութեան ճանաչում», – նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Բնականաբար, հնարաւոր չէ սկզբունքային ձեւով դէմ լինել հաղորդակցութիւնների հանգուցալուծման խնդրին, բայց կարեւորն այն է, թե ինչ տեսակի ու ձեւի հանգուցալուծում է պարտադրւում կամ գոյանում այդ հաղորդակցութեան կապերը բացելու իմաստով. նշեց Յակոբ Տէր- Խաչատուրեանը։

«Մենք կտրականապէս դէմ ենք միջանցքի գաղափարին, բայց թէ որեւէ ձեւով Հայաստանը բացուելու է աշխարհի առջեւ, այդտեղ որեւէ հարց չունենք, եթէ լինին մտածուած, հաշուարկուած, ծրագրաւորուած աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով Սոչիում ընդունուած եռակողմ յայտարարութեանը եւ փաստին, որ այնտեղ խօսք չկար Արցախի խնդրի մասին, Յակոբ Տէր-Խաչատուրեանն ասաց. «Այդ յայտարարութիւնում շատ բաների մասին խօսք չկար, Արցախի կարգավիճակ, գերիների հարց, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմական ոճիրների խնդիր:

Մեզ համար կարեւոր է, որ Արցախի հարցը լուծուած չէ, որքան էլ Ադրբեջանը յայտարարի, որ իր համար նման հարց գոյութիւն չունի, թէ Արցախի մարզ գոյութիւն չունի Ադրբեջանի մէջ: Մենք կողմնակից ենք, որ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը վերակենդանացուի:

Եթէ հնարաւորութիւն լինէր յետաձգել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, անշուշտ մենք դրա կողմնակիցը կը լինենք: Սակայն այս իշխանութիւնները պնդում են, որ քանի որ կէտ գոյութիւն ունի նոյեմբերի 9-ի եւ յունուարի 11-ի յայտարարութիւններում, որ պէտք է կատարուի դա: Մենք չենք հաւատում, որ այդքան անմիջական է հարցը, որովհետեւ դուք լաւ գիտէք, որ կան շատ երկրներ, որոնք ունեն բնականոն յարաբերութիւններ՝ առանց սահմանագծում ու սահմանազատում ունենալու: Այս ուղղութեամբ Հայաստանին պարտադրել այնպիսի խիստ պայմաններ, որ աշխարհի շատ պետութիւններ չունեն, իսկապէս անընդունելի է: Պարտութեան հետեւանքով թշնամին փորձում է ամէն ինչ կորզել, եւ այդ ուղղութեամբ օգտագործում է շատերի անտարբերութիւնը կամ Թուրքիայի քաջալերանքը»,-ասաց նա:

 

Մանրամասն՝ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.