Պահանջում ենք Հայաստանի իշխանութիւններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը. Արցախի Աժ խմբակցութիւնների յայտարարութիւնը

Մի քանի օրից կը լրանայ Արցախի Հանրապետութեան 120 հազար բնակչութեանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերեալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարութիւնն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետութիւնն իրեն բռնակցելու մտադրութեան մէջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից եւ ահաբեկչական գործողութիւններից: Բնական կազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչութեան ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականութիւնները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխօսութեան մասին խօսակցութիւնները:

Միեւնույն ժամանակ, համոզուած ենք, որ ղարաբաղեան հակամարտութիւնը, որպէս միջազգային օրակարգի հարց, պէտք է լուծուի բանակցութիւնների միջոցով համապատասխան միջազգային կառոյցների միջնորդութեամբ ու երաշխիքներով, մասնաւորապէս, այդպիսի լիազօրութեամբ օժտուած Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրաւմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրութեանն ու միջազգային կառոյցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դէմ կիրառուող մարդասիրական ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղութեան դարաշրջանի» մասին:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները, արտայայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից հաւատարիմ մնալ ՀՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցութիւնները վերահաստատում են իրենց հաւատարմութիւնը մեր ժողովրդի կամքն արտայայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդուել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցութիւն
«Միասնական հայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

13 մարտի, 2023թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.