Ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնուազն լռելու փոխարէն, սկսեց զբաղուել դրանց արդարացմամբ․ Տաթևիկ Հայրապետեան

ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Տաթևիկ Հայրապետեանը ֆեյսբուքեան իր էջում գրում է․ «ԼՂ բանակցային գործընթացի խեղաթիւրմանը զուգահեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջին ասուլիսի ժամանակ ևս մէկ վտանգաւոր թեզ նետեց շրջանառութեան մէջ՝ փորձելով հաւասարութեան նշան դնել Ադրբեջանում պետական մակարդակով տասնամեակներ շարունակ տարուող հակահայկական քաղաքականութեան և 90-ականների հանրային խօսքում հնչած յատուկենտ արտայայտութիւնների միջև:

Փաշինեանի այս անհեթեթ «խոստովանութիւնը» արագօրէն ողջունեց Հարաւային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյվօ Կլաարը, այսինքն՝ այդ անհիմն պնդումը դառնում է միջազգային դիսկուրսի մասին՝ իր բոլոր վնասակար հետևանքներով հայկական կողմի համար:

Փաստացի ունակ չլինելով պատասխանել Ալիևի հնչեցրած տեքստերին՝ ՀՀ վարչապետը առնուազն լռելու փոխարէն, սկսեց զբաղուել դրանց արդարացմամբ՝ կրկին մեղքը անցեալի վրայ բարդելու իր անհասկանալի տրամաբանութեան մէջ:

ՀՀ–ում երբեք և ոչ մի ղեկավար ատելութեան խօսքով և ռազմատենչ հռետորաբանութեամբ հանդէս չի եկել: Դա անժխտելի փաստ է, իսկ հիմա Փաշինեանը իր անկարող վիճակն արդարացնելու համար մի կողմից ամբողջութեամբ նենգափոխում է բանակցային գործընթացում քննարկուած տարբերակները, խօսում Արցախի «ոչ զուտ հայկական միաւոր» լինելու մասին, միւս կողմից՝ փորձում զրկել հայկական կողմին իր կարևոր կռուանից, որով ապացուցւում է, որ Ադրբեջանում էթնիկ հայի նկատմամբ առկայ քսենեֆոբիայի պարագայում համակեցութեան մասին որևէ խօսակցութիւն հաւասարազոր է արցախահայութեան բնաջնջմանը կամ արտաքսմանը, և չի կարող Արցախը որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:

Անգամ ՄԱԿ-ի Արդարադտութեան միջազգային դատարանի որոշման մէջ էր նշւում, որ Ադրբեջանում պետական պաշտօնեանները ատելութեան խօսք են տարածում հայ ժողովրդի դէմ: Դատարան ուղարկուած փաթեթում մանրամասն ներկայացւում էր Ադրբեջանի նախագահի և պաշտօնատար անձանց կողմից տարուող հայատյացութեան քաղաքականութիւնը՝ իր բոլոր հետևանքներով, քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովի յայտնի դէպքը դրա վառ օրինակներից է:

Ընդ որում, այդ փաթեթը կազմուել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանի և նրա գրասենեակի կողմից: Դա ընթերցելու դէպքում ՀՀ վարչապետը միգուցէ և հասկանար, թէ ինչ քաղաքականութիւն է որդեգրել Ալիևը և որ նրա ելոյթները բնաւ էլ «էմոցիոնալ» չեն:

Սեփական անկարողութեան արդարացման համար դաշտ նետել հակառակորդի շահերից բխող թեզեր և դրոյթներ, սա է այն քաղաքականութիւնը, որով առաջնորդւում է Նիկոլ Փաշինեանը՝ հսկայական վնաս պատճառելով ոչ միայն ներկայ հնարաւոր գործընթացին, այլ նաև փորձելով ձախողել ապագայում որևէ փոփոխութեան, որն ուղղուած կը լինի այս անարժանապատիւ վիճակը յաղթահարելուն:

Նոյն Փաշինեանը, որ յամառօրէն պնդում է, որ ինքը 2020 թ. որոշել էր պայքարել Արցախի համար, այժմ պնդումներ է անում, որով քար է գցում արցախահայութեան ապագայի և Արցախի կարգավիճակի շուրջ հնարաւոր բանակցութիւնների վրայ:

Ադրբեջանում պետական մակարդակով տարւում է հայատյացութեան քարոզ, Ալիևի ելոյթներն էլ էմոցիոնալ չեն, այլ նպատակային, Շուշիում թուրք–ադրբեջանական համատեղ հռչակագիրը դա միասնական ծրագիր է՝ ուղղուած հայկական պետականութեան ոչնչացմանը: Հակառակորդին արդարացնելով, հանրային զգօնութիւնը բթացնելով և պետական շահն անտեսելով՝ հաստատ խաղաղութեան դարաշրջան չի կառուցւում»:

 

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.