Որքան ուժերը մէկտեղուեն, այնքան մեր նպատակին աւելի հեշտ կը հասնենք. Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ներողութիւն է խնդրում քաղաքացիներից Նիկոլ Փաշինեանի իշխանութեանն այս ընթացքում հեռացնել չյաջողելու հարցում: Այս մասին նա նշեց «Ազատութեան» «Ֆեյսբուքեան ասուլիսի» ժամանակ: Միաժամանակ Սաղաթելեանն անդրադառնում է ՀՅԴ-ի անդամներին քննչական մարմիններ հրաւիրելուն` ասելով, որ իրենք գիտեն` ինչի համար են պայքարում և շարունակելու են իրենց պայքարը:

Ստորև ներկայացնում ենք հատուածներ ասուլիսից.

«Բոլորը պատասխան են տալու»

«Անկյայտ է, որ այս իշխանութիւնը իր կառավարման ամբողջ ընթացքում ու յատկապէս վերջին օրերի ընթացքում թիրախաւորել է ՀՅԴ բազմաթիւ անդամների, մէկ ընկեր ունենք կալանաւորուած արդէն, որոշներին մեղադրանք են առաջադրել: Դա մեզ համար խիստ երկրորդական է, մենք գիտենք` յանուն ինչի ենք պայքարում ու նման որևէ մեթոդով կամ քայլով չեն կարող մեղմել կամ կասեցնել մեր գործունէութիւնը», – այսօր ասաց Իշխան Սաղաթելեանը:

Նաև Ասաց, որ իր ազգականներին ու այլ ընկերներին են վաղը հրաւիրել քննչական մարմին. «Բոլորը պատասխան են տալու` սկսած հրահանգ տուողներից, վերջացրած կատարողներից: Վաղը կանչել են, ինձ, իմ ընկերներին, իմ հարազատներին, կուսակցութեան ներկայացուցիչներին, ովքեր մտել ենք այս պայքարի մեջ, գիտենք` ինչի ենք պայքարում ու պատրաստ ենք դիմադրել ցանկացած ապօրինի գործողութիւնների»:

Սաղաթելեանը` Քոչարեանի ընտրացուցակում երկրորդ տեղն զբաղեցնելու լուրերի մասին

ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչը նպատակայարմար չի գտնում խօսել մամուլի այն լուրերի մասին, որ ինքը երկրորդ նախագահի առաջնորդած ընտրական ցուցակում երկրորդ տեղում է լինելու. «Եթէ մենք գնանք դաշինքով, բնականաբար ես այդ ցուցակում լինելու եմ: Որ տեղում, ինչ կարգավիճակով, Դաշնակցութիւնն ինչ մասնակցութիւն է ունենալու, դա մեր հասարակութիւնից գաղտնի չի մնալու», – ասաց նա` ի պատասխան հարցին, թէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի հետ միասին նախընտրական ցուցակ կազմելու պայմանաւորուածութիւն կա՞յ արդէն:

«Բանակցութիւններ կան, յայտարարել ենք, որ մասնակցելու է ՀՅԴ-ն ընտրութիւններին, երբ կը լինի վերջնական որոշում, ու ակնյայտ կը լինի, որ ընտրութիւններ են լինելու, յայտարարութեամբ հանդէս կը գանք: Տեղերի մասին ոչ մի բան չեմ կարող այս պահին ասել», – յաւելեց նա:

Սխալներ եղել են, բայց դրանք ուղղելի են, ասում է ՀՅԴ անդամը

Օգտատէրերը նշել էին, որ տարիներ շարունակ իրենց կուսակցութիւնը հանդիսացել է չընտրուած իշխանութեան մաս, որոնք միշտ գողացել են ընտրողների ձայները, իրենց շահի համար կոալիցիա են կազմել, ապա հարցեր` ինչո՞վ են համոզելու ընտրողներին ու ներողութիւն չեն խնդրելու արդեօք:

«Ես մեր ընտրողներից պէտք է ներողութիւն խնդրեմ նրա համար, որ թոյլ եմ տուել, որ սա գայ իշխանութեան, որ չենք կարողացել այս չարիքի կառավարութեանն այս 6 ամսուան ընթացքում հեռացնել: Ես ինչի՞ համար պէտք է ներողութիւն խնդրեմ, ոչ հայրենիքիս մաս ենք կորցրել իմ պատճառով, ոչ 5 հազարից աւելի զոհ ենք տուել: Մեր կառավարման տարիներին, այո, եղել են բացթողումներ, սխալներ, եղել են երբեմն անարդարութիւններ, բայց այդ բոլոր սխալները վերականգնուող են, ուղղելի են»:

«Մենք կառուցել ենք բանակ, ունեցել ենք սպառազինութիւն…»

Նախորդ տարիներին, ըստ օգտատէրերի, ՀՅԴ-ն էլ է ունեցել մասնակցութիւն նրան, որ երկրում կոռուպցիան շարունակուել է, «քաղաքական սպանութիւններ են եղել, բանակը թալանուել է, պատերազմը մի օրում չեղաւ»: Այս ամէնին արձագանգելով` Սաղաթելեանը շեշտում է. «Նախ քաղաքական սպանութիւնների մասին. այսօրուան իշխանութեան կառավարման 3 տարիների ընթացքում 2 նախկին բարձրաստիճան պաշտոնեայ, ըստ պաշտօնական վարկածի ինքնասպան է եղել: Այս հարցերի պատասխանը պէտք է ժամանակի ընթացքում տրուի:

Այսօրուայ իշխանութիւնը արդէն 3 տարի է` իշխանութեան է: Նիկոլն ունէր հնարաւորութիւն` այդ ամէն ինչը ապացուցելու, բացայայտելու և պատասխանատուներին պատժելու, այս իմաստով ևս ինքը զերօ է, որևէ դատարանի վճիռ այդ մասով ևս չկայ: Ունեցե՞լ ենք բացթողումներ, ունեցել ենք, կարո՞ղ էինք աւելի լաւ և զարգացած, պաշտպանուած, հզօր բանակ ունենալ, կարող էինք: Բայց կեանքը ցոյց է տուել, որ այդ ամէն ինչով հանդերձ զերոյից անցնող 30 տարիների ընթացքում մենք կառուցել ենք բանակ, ունեցել ենք սպառազինութիւն, կարողացել ենք խուսափել պատերազմից, կամ եթէ 16 թուականին ունեցել ենք պատերազմ, այս խայտառակ արդիւնքը չենք ունեցել»:

Ինչո՞ւ Դաշնակցութիւնն առանձին չի գնում ընտրութիւնների

Մէկ այլ հարցի, թէ ինչո՞ւ չեն առանձին գնում յունիսի 20-ին նախատեսուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների, կուսակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչն արձագանգեց. «Մենք այս անգամ չենք գնում ընտրութիւններին մասնակցելու` մանդատներ վերցնելու, այս ընտրութիւնները դիտարկում ենք հնարաւորութիւն և միջոց` այս չարիքի կառավարութեանը հեռացնելու իմաստով, հետևաբար, այո, մենք գտնում ենք` որքան ուժերը մեկտեղուեն, որքան խոշոր բլոկ լինի, այնքան մեր նպատակին աւելի հեշտ կը հասնենք»: Ըստ նրա` դրանից յետոյ պէտք է ձևաւորել նոր որակի իշխանութիւն, որը ի վիճակի կը լինի յաղթահարել երկրի առջև կանգնած մարտահրաւէրները, երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից, ինչպէս ինքը նշեց, դրա համար կարևոր է, որ Դաշնակցութեան նման ազգային, համահայկական ուժը առանցքային դերակատարութիւն ունենայ յառաջիկայ իշխանութեան մէջ:

Հարցազրոյցը ամբողջութեամբ տեսանիւթում

Leave a Comment

You must be logged in to post a comment.