Ո՞Վ Է ԽՕՍՈՒՄ․ Աւետիք Իշխանեան

Կարդացի վարչապետ կոչեցեալի «շնորհաւորհական ուղերձը», մայիսի 28-ի կապակցութեամբ։

«Ուղերձում» կարդում ենք հետևեալ «մտքերը»․ «Մեր այս մեծերի և հազարաւոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերուած սրբազան անկախութիւնն ընդամէնը երկուսուկէս տարի անց կորսուեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ:

Սա տեղի ունեցաւ այն պատճառով, որ երկու տարուայ ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը չկարողացաւ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայութիւն ձեռք բերել, իր շուրջ խաղաղութիւն հաստատել»:

Եթէ «ուղերձում» չկարդայինք «Առաջին Հանրապետութիւն» բառերն, ապա ընթերցողը հաստատ կը մտածէր, որ այս տողերը վերաբերում են 2018-20 թուականներին և այն կ’ընկալուէր, որպէս ինքնախոստովանութիւն։

Բայց, վարչապետ կոչեցեալն, իրեն իրաւունք է վերապահում քննադատել Առաջին Հանրապետութեան նուիրեալ ղեկավարներին։ Վարչապետ կոչեցեալը, փաստօրէն նոր «նախկիններ» է յայտնաբերել։ Իհարկէ, սա զարմանալի չէ։ Եթէ նախկին մեղաւորների շարքում են Տիգրան Մեծը, «ֆաշիստ» Գարեգին Նժդեհը, ապա, բնական է, որ մեղաւոր-«նախկիններ» են նաև Առաջին Հանրապետութեան ղեկավարները։

Իհարկէ, Առաջին Հանրապետութեան ղեկավարները անսխալականներ չեն եղել։ Նրանք ճիշտ չեն կողմորոշուել փոփոխուող աշխարհում, յատկապէս մեր տարածաշրջանում, յոյսները դնելով Ուիլսոնեան Հայաստանի մասին անիմաստ խոստումներին։ Հաշուի առնենք, որ նրանք դեռևս չունէին պետական կառավարման փորձ և թերևս բացատրելի է նրանց այն տարիների հաւատը արևմուտքի նկատմամբ։

Բայց, ով-ով, Առաջին Հանրապետութեան նուիրեալ-ղեկավարներին քննադատելու իրաւունք չունի այսօրուայ Հայաստանի վարչապետ կոչեցեալը։

Առաջին Հանրապետութեան ղեկավարները եղել են նուիրեալներ, նրանց համար իշխանութիւնը չի եղել վայելքների աղբիւր։ Նրանք Սարդարապատի յաղթանակի արդիւնքում ստացել են ընդամէնը 10 000 քառ․ կմ․ տարածք, որի վրայ ստեղծեցին պետութիւն, այն ընդլայնելով, ներառելով Սիւնիքը, Լոռին։ Նրանք վարել են ասպետական ապրելակերպ,չեն մսխել պետական պիւտճէ իրենց վայելքների և ցոփ ու շուայտ կեանքի համար, հիմնադրել են բանակ, Համալսարան, այլ պետական ինստիտուտներ։

Իսկ դու՞․․ Դու որ ժառանգութիւն ստացար անկախ Հայաստան, ազատագրուած Արցախ․․․ և ի՞նչ արեցիր քո միանձնեայ իշխանութեան, արդէն 4 տարիների ընթացքում։ Յիշեցնե՞մ․պառակտեցիր հայ ժողովրդին, քայքայեցիր պետական կառոյցները՝ բանակ, ազգային անվտանգութիւն, դատարաններ, ԲՈՒՀ-եր, շարքն անվերջ է։ Դու, որ խօսում ես «խաղաղութիւնից», մեր խաղաղ երկրին բերեցիր, աւելի ճիշտ հրահրեցիր պատերազմ, զոհաբերեցիր հազարաւոր կեանքեր, յանձնեցիր Արցախի մեծ մասը, նաև Հայաստանի տարածքները։ Դու փչածրեցիր Հայաստանի յարաբերութիւններն ինչպէս մեր դաշնակիցների, այնպէս էլ մեր նկատմամբ յարգանք ունեցող պետութիւնների հետ, Հայաստանը պետութիւնից դարձնելով նուաստացած, պարտուած, արհամարհուած տարածք։ Եւ այդ ամէնից յետոյ, անամօթաբար քննադատում ես Առաջին Հանրապետութեան ղեկավարներին և շարունակում կառչած մնալ աթոռիդ, շրջապատուած հազարաւոր ոստիկաններով։

Դու պատրաստւում ես «խաղաղութեան» և «Զանգեզուրեան միջանցքի» անուան տակ յանձնել Սիւնիքը, այլ տարածքներ։ Եւ եթէ, ինչպէս վերը նշեցի, Առաջին Հանրապետութեան ղեկավարները փորձի պակասի պատճառով էին յոյսը դնում արևմուտքի վրայ, դու այդ ամէնն անում ես քո և քո տէրերի շահերից ելնելով, թքած ունենալով Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի ճակատագրի վրայ։

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.