Շտապ գրութիւն եմ ուղարկել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպաններին. Թագուհի Թովմասեան

ԱԺ մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասեանը յայտարարութիւն է տարածել.

«Շտապ գրութիւն եմ ուղարկել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպաններին, ինչպէս նաեւ ՌԴ Մարդու իրաւունքների պաշտպանին՝ նրանց ուշադրութիւնը հրաւիրելով այն փաստի վրայ, որ Ադրբեջանը 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները կոպտօրէն խախտում է, որին ինքս ականատես եմ եղել Արցախում։

Մասնաւորապէս ներկայացրել եմ, որ մարտի 24-ից ադրբեջանական զինուած ուժերը ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ համայնք, գրաւել բնակավայրը և վերահսկողութեան տակ վերցրել հարակից դիրքերը, փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետութեան արևելեան սահմանագօտում, որի արդիւնքում՝

– հրադադարի ռեժիմը խախտուել է՝ Ադրբեջանի կողմից կիրառուելով ինչպէս տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպէս էլ հարուածային անօդաչու թռչող սարքեր, այդ թւում նաև «Bayraktar TB-2» տիպի:

– ռուսական խաղաղապահ զօրակազմին յաջողուել է դադարեցնել ադրբեջանական զինուած ուժերի առաջխաղացումը, սակայն ադրբեջանական ուժերը չեն վերադարձուել իրենց ելման դիրքեր,

– Զոհուել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրաւորումներ,

– Ոտնահարուել է Փառուխ գիւղի բնակիչների կեանքի իրաւունքը, մարդիկ զրկուել են իրենց հայրենիքում խաղաղ կեանք վարելու, անվտանգ ապրելու իրենց իրաւունքից, աւելին՝ ունենք բռնի տեղահանուած նոր խաղաղ բնակիչներ։

Հիմք ընդունելով վերոնշեալը՝ խնդրել եմ հասցէական հրապարակային գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի այս հանցաւոր գործողութիւնները, միջազգային մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումները։ Միաժամանակ ձեռնարկել բոլոր հնարաւոր միջոցները՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականութիւնը, Արցախում իրականացուող էթնիկ զտումները։ Արցախում մարդիկ ցանկանում են խաղաղ կեանք վարել, հրապարակային ձայնը կ’օգնի, որ որ նոր ջարդ ու ցեղասպանութիւն չլինի:

Յ․Գ․ լուսանկարն արուած է մարտի 24-ին Քարագլուխ բարձունքի ֆոնին, որի համար քանի օր է պայքարում է թշնամին»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.