Նորագիր ՀՕՄ-ուհիներն ուխտեցին ծառայել հայրենիքին

Պռոշեանի «Զօրաց» պանթէոնում, մարտի 8-ին, տեղի ունեցաւ նորագիր 19 ՀՕՄ-ուհիների՝ Հայ օգնութեան միութեանն անդամակցող կանանց ուխտի արարողութիւնը։

Սրբազան վայրը պատահական չէր ընտրուել․ «Զօրաց» պանթէոնում ամփոփուած են Արցախեան պատերազմներում ընկած մեր հերոսները։

Հայ օգնութեան միութեան հայաստանեան շրջանային վարչութեան ատենապետուհի Մարինէ Համբարձումեանը Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց, որ պատերազմի ժամանակ ՀՕՄ-ը հսկայական աշխատանք է տարել․ այցելել են հիւանդանոցներ, զօրավիգ են եղել վիրաւորուած, զոհուած հերոսների ընտանիքներին։ «Այո, այս վայրը պատահական չի ընտրուել։ Պատերազմի ժամանակ 1 օրում մենք ունեցանք 17 զոհ հենց Պռոշեանից։ Գումարտակի տղաները խնդիր են ունեցել՝ դիմել են մեզ, մենք ենք խնդիր ունեցել՝ դիմել ենք նրանց։ ՀՕՄ-ականի պարտականութիւնն օգնելն է՝ զինուորին, որբին, անտունին։ Երբ իմացանք, որ կան տեղահանուածներ, ՀՕՄ-ը նորից ոտքի կանգնեց՝ տէր կանգնելու խնդիր ունեցող ընտանիքներին»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՕՄ-ի կեդրոնական վարչութիւնը 1000 ընտանիքի ամսական տրամադրել է 250 ԱՄՆ դոլար, որպէսզի ծանր, դժուար ամիսներին մարդիկ կարողանան իրենց կեցութիւնն ապահովել։

«Մեզ մշտապէս աջակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեր ընկերները։ Դաշնակցութեան հետ կապը բաւականին ամուր է։ Այսօր տղաների շիրիմներին այցելելիս նաեւ ուզում ենք ցոյց տալ, որ իրենց ընտանիքներին չենք մոռանայ, որ իրենց արած աշխատանքը երկրի, խաղաղութեան համար շատ մեծ է։ Ցաւ եմ ապրում, որ մեր հերոսների արածին համարժէք պատասխան չեղաւ։ Նրանք չգիտէին, որ Շուշին եւ Հադրութը պիտի տրուէր»,- ասաց Մարինէ Համբարձումեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.