Նմանատիպ սիմւոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայութեան զգօնութիւնը. Վարուժան Գեղամեան

Պ.գ.թ., թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան գրառմամբ հայ-թուրքական բանակցութիւնների գաղտնի մանրամասներ է յայտնում.

«Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակուել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցութիւնների որոշ մանրամասներ, որոնք կարեւոր են հասկանալու համար բանակցային տրամաբանութիւնը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը եւ իմ մեկնաբանութիւնները։

– Յունուարի 20-ին թուրքական իշխանութեան խօսափող համարուող Sabah թերթի անգլիալեզու տարբերակը (Daily Sabah), յղում կատարելով իր դիւանագիտական աղբիւրին, յայտնեց, որ «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնները երրորդ երկրում անցկացուելու փոխարէն պէտք է անցկացոուեն երկու երկրներից մէկում»։ Նոյն աղբիւրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երեւանում կամ Անկարայում՝ հաշւի առնելով, որ առաջին հանդիպումը Երեւանի պահանջով տեղի է ունեցել Մոսկւայում»։

– Յունուարի 25-ին, հեղինակաւոր Hürriyet թերթը, յղում կատարելով արտաքին քաղաքականութեան հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մօտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ յարբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Թերթը նաեւ յայտնում է այն քայլերի մասին, որոնք պէտք է ձեռնարկուեն Հայաստանի ուղղութեամբ. «Որպէս առաջին քայլ՝ յստակեցուել է փոխադարձ ուղիղ չուերթներ սկսելու մասին որոշումը:

Յատկապէս Կարսի եւ Վանի մասով կատարուելիք աշխատանքներից յետոյ օրակարագ կը գայ նաեւ Թուրքիայի տարբեր նահանգների ուղղութեամբ Հայաստանից չուերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ յատկապէս Վանը հայերի համար կարող է զբօսաշրջային կենտրոնի վերածուել: Բացի այդ ծրագրուել է Կարսի մօտակայքի որոշ պատմական կառոյցների, այդ թւում՝ կամուրջների ու այլ շինութիւնների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարեւորութիւն ունեն։ Իսկ Հայկական սփիւռքի ճնշումը նուազեցնելու նպատակով  միաժամանակ կ’ընդլայնուեն նաեւ առեւտրային յարաբերութիւնները»:

Առաջին նորութիւնը տեղաւորւում է աշխարհաքաղաքական տրամաբանութեան մէջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարաւորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու եւ Հւ. Կովկասը Թուրքիայի լիարժէք ազդեցութեան գօտու վերածելու նպատակով։

Երկրորդ նորութեան մանրամասները առաւելապէս վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթութեանը։ Դժւար չէ կռահել, որ նմանատիպ սիմւոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայութեան զգօնութիւնը եւ «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չէզոքացնել հայկական քաղաքական գործօնը Արցախի եւ տարածաշրջանի այլ հարցերում։

Կարելի է ենթադրել նաեւ, որ առաջիկայում մենք կը տեսնենք հայ-թուրքական «բարեկամութիւնը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի եւ ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնների կողմից։

Անհրաժեշտ է յիշեցնել նաեւ, որ այդպիսի ձեռնարկները հնարաւորութիւն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջեւ դրուել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ տէ ֆակտօ իշխանութիւնները»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.