Նիկոլ Փաշինեանի Ծրագրային Ելոյթը Ազգային Ժողովին Մէջ

Երեքշաբթի, 8 մայիսին, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի յատուկ նիստին ընթացքին վարչապետութեան թեկնածու Նիկոլ Փաշինեանը հանդէս եկաւ ելոյթով: Կը ներկայացնենք արդէն վարչապետ ընտրուած Փաշինեանին ելոյթը` ամբողջութեամբ.

«Երեւանի Հանրապետութեան հրապարակում հաւաքուած թանկագի՛ն բարեկամներ, Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում համացանցով եւ հեռուստացոյցով մեզ հետեւող սիրելի՛ հայրենակիցներ, յարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի յարգելի՛ նախագահութիւն, յարգելի՛ պատգամաւորներ,

Այսօր հայոց արժանապատուութեան միջնաբերդի` Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհաւորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային յաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կայ նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան տէ ժիւրէ յաղթանակը պէտք է արձանագրուի հէնց այսօր` Շուշիի ազատագրման տարեդարձի օրը:

Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր ոգեւորուած են նոյնքան, որքան` Շուշիի ազատագրման օրերին, Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր յաղթանակած է նոյնքան, որքան` Շուշիի ազատագրման օրերին: Հայաստանի քաղաքացին եւ հայ ժողովուրդն այսօր առաւել քան երբեւէ վստահութիւն ունեն դէպի ապագան եւ հաւատում են սեփական ուժերին: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին:

Հայաստանի քաղաքացու եւ հայ ժողովրդի վարկանիշն այսօր աշխարհում առաւել բարձր է, քան երբեւէ: Հայաստանի Հանրապետութեան միջազգային հեղինակութիւնն այսօր առաւել ծանրակշիռ է, քան երբեւէ: Եւ սա մի բացառիկ հնարաւորութիւն է, որը մենք պէտք է ծառայեցնենք մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան շահերին, անշրջելի եւ անառարկելի դարձնենք Շուշիի ազատագրման եւ ընդհանրապէս 90-ականներին մեր ժողովրդի մղած ազատագրական պայքարի արդիւնքները:

Եւ հիմա այս բարձր ամպիոնից որպէս Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրուած վարչապետի թեկնածու` ուզում եմ սիրոյ եւ զօրակցութեան ուղերձ յղել Արցախի Հանրապետութեանը եւ նրա հերոսական ժողովրդին: Սիրելի՛ արցախցիներ, համոզուած եղէք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւնը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարաւորութիւններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականութեան համար:

Սա համազգային եւ համաժողովրդական զարթօնքի բացառիկ ժամ է, եւ ինչպէս 1988 թուականի համազգային շարժումը յանգեցրեց Արցախի տէ ֆաքթօ ինքնորոշմանը, հայկական յեղափոխութեան արդիւնքն ի վերջոյ լինելու է Արցախի ինքնորոշման իրաւունքի տէ ժիւրէ միջազգային ճանաչումը: Այսօր, առաւել քան երբեւէ, մենք մօտ ենք այդ նպատակի իրագործմանը, որովհետեւ մեր համախմբումն ու լաւատեսութիւնը յիրաւի զօրաւոր ուժ է, իսկ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը համախմբուած են, լաւատես ու հզօր` Հայաստանում, սփիւռքում եւ Արցախում:

Հարկ եմ համարում ընդգծել, որ նման վիճակը վերջին մէկ ամսուայ ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձութիւնների` առանց բացառութեան բոլոր կողմերի խոհեմութեան, պետական մտածողութեան եւ հայրենասիրութեան արդիւնք է: Ներքաղաքական երկարամեայ հակամարտութիւնների` 2008 թուականի մարտի 1-ի, 2004 թուականի ապրիլի 12-ի, 1996 թուականի սեպտեմբերի 26-ի միջով անցնելով` ներքաղաքական կեանքի բոլոր մասնակիցներս, ըստ էութեան, յանգել ենք լռելեայն մի համաձայնութեան, որ վե՛րջ, բռնութիւնն այլեւս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կեանքում, ներքաղաքական եւ ընդհանրապէս ներհայաստանեան յարաբերութիւններում ինքնաձիգները պէտք է լռեն յաւիտեան, եւ ժողովրդական կամքի անառարկելիութիւնը պէտք է լինի այն առանցքը, որի շուրջ պէտք է տեղի ունենան հայկական պետականութեան հետագայ կայացումն ու հզօրացումը:

Սիրելի՛ հայրենակիցներ, հէնց սա է լինելու ձեւաւորուող կառավարութեան գործունէութեան առաջնահերթութիւնը` Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում ձեւաւորել ազգային համերաշխութեան մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրաւունքի եւ օրէնքի վրայ հիմնուած ազգային միասնութիւն:

Բոլոր մարդիկ հաւասար են օրէնքի առաջ, Հայաստանում արտօնեալներ չեն լինելու եւ վե՛րջ: Ընտրութիւնների արդիւնքներն այլեւս չեն կեղծուելու, ընտրակաշառք չի բաժանուելու եւ վե՛րջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, իւրաքանչիւր ոք կարողանալու է զբաղուել իր նախընտրած պիզնեսով եւ վե՛րջ: Մարդու իրաւունքները պաշտպանուած են լինելու եւ վե՛րջ: Իշխանութիւնը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արուելու փտածութիւնը եւ վե՛րջ: Հաստատուելու է օրէնքի, իրաւունքի գերակայութիւն եւ վե՛րջ:

Ոեւէ մէկը թող չկասկածի, որ թէկուզ անցումային այս ժամանակահատուածում մեր կառավարութիւնը շրջադարձային փոփոխութիւններ է իրականացնելու: Միեւնոյն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծուելու են առանց վրէժխնդրութեան եւ առանց սեփականութեան վերաբաշխման` խստօրէն պահպանելով օրինականութիւնն ու բոլոր քաղաքացիների իրաւունքներն ու օրինական շահերը:

Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջն այլեւս փակուած է Հայաստանում, եւ օրէնքը հաւասարաբար եւ նոյն կերպ պիտի գործի ինչպէս քաղաքական համախոհների ու մերձաւորների, այնպէս էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական յեղափոխութեան հիմնական եւ ամենակարեւոր ուղերձը, որին մենք պէտք է հաւատարիմ մնանք անմնացորդ եւ մինչեւ վերջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հէնց սա ենք համարում այն անկիւնաքարը, որի վրայ պէտք է կառուցուի նոր Հայաստանը: Հէնց այս սկզբունքի շրջանակներում պէտք է ապահովուի նաեւ Հայաստանի տնտեսական յեղափոխութիւնը: Այս օրերին մենք տասնեակ ուղերձներ ենք ստանում սփիւռքի մեր հայրենակիցներից, ովքեր հաւաստիացնում են, թէ կազմ ու պատրաստ սպասում են ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծմանը, որպէսզի վերադառնան Հայաստան եւ լծուեն սեփական հայրենիքի շէնացման գործին: Եւ ես ուզում եմ քաջալերել բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր մտադիր են ներդրումներ անել Հայաստանում, նորանոր պիզնեսներ հիմնադրել, տասնեակ հազարաւոր աշխատատեղեր ստեղծել: Ուզում եմ նաեւ դիմել մեր այն հայրենակիցներին, ովքեր արտերկրում պիզնես յաջողութիւնների են հասել, այդ ընթացքում որպէս օգնութիւն միլիոնաւոր տոլարներ են ուղարկել Հայաստանում գտնուող իրենց հարազատներին ու բարեկամներին, բայց որեւէ պիզնես չեն հիմնադրել, որեւէ ներդրում չեն արել բոլորիս յայտնի արհեստական խոչընդոտների պատճառով եւ այժմ էլ դեռեւս վստահ չեն` արժէ՞ դա անել, թէ՞ ոչ:

Եւ ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, ձեր վերադարձի ժամը եկել է: Իմ վարչապետ ընտրուելն ինքնաբերաբար կը նշանակի ձեզ յայտնի բոլոր տեսակի խոչընդոտների ու ապօրինութիւնների վերացում: Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին, եւ այս գործընթացը պէտք է սկսել անմիջապէս եւ առանց յետաձգման, որովհետեւ սա ոչ միայն տնտեսական վերածննդի, այլեւ ազգային անվտանգութեան հրատապ հարց է: Հայկական դրամագլխի ներհոսքին զուգընթաց պէտք է մեկնարկի մեծ հայրենադարձութեան գործընթացը եւ հայ ժողովրդի աւելի քան հազարամեայ արտագաղթի անիւը պէտք է ետ պտտուի` յանգեցնելով Հայաստանի բնակչութեան շարունակական աճի: Եւ հէնց այս գործընթացն է, որ պէտք է արժեւորի հայկական պետականութեան գոյութիւնը, որովհետեւ մեր ընկալմամբ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան ամենակարեւոր իմաստն ու նպատակը հայութեան մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտաւոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենդրոնացումն է սեփական տարածքում եւ այդ ներուժի անվտանգութեան ու բնականոն զարգացման ապահովումը:

Ուզում եմ ընդգծել, որ այս ձեւակերպումն ու նպատակը մենք համարում ենք հայ ժողովրդի ազգային գաղափարախօսութեան ողնաշարն ու առանցքը, եւ այս գաղափարի իրագործման շուրջ պէտք է համախմբել մեր ողջ ազգային ներուժը:

Ըստ այդմ, մենք պէտք է լրջագոյն բարեփոխումներ իրականացնենք, որոնք ուղղուած կը լինեն Սփիւռքի ներուժը ոչ միայն Հայաստանի տնտեսութեան, գիտութեան, կրթութեան, անվտանգութեան, այլեւ պետականաշինութեան ոլորտներում առաւել արդիւնաւէտ ներգրաւելու համար եւ լրջագոյնս պէտք է մտածել սրան խանգարող օրէնսդրական կարգաւորումները վերացնելու մասին: Մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում սփիւռքի ներկայացուցիչների հետ այս թեմայով հաստատութենական խօսակցութիւն սկսելու եւ գործնական քայլեր իրականացնելու վերաբերեալ:

Սիրելի՛ հայրենակիցներ, խօսելով Սփիւռքի ներուժի մասին` որեւէ կերպ չեմ ցանկանում նսեմացնել այն ներուժը, որ այսօր առկայ է Հայաստանում: Մենք համոզուած ենք, որ Հայաստանի պետական կառավարման քաղաքական համակարգում առկայ են բազմաթիւ բարձր արհեստավարժներ, որոնց տաղանդն ու ստեղծագործական միտքը բաւարար չափով չեն դրսեւորուել քաղաքական լճացած իրավիճակի պատճառով:

Ուզում եմ յստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստւում քատրային ջարդ իրականացնել, այլեւ, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբուած տեսնել պետական կառավարման համակարգում առկայ լաւագոյն ներուժը, մէկտեղել մեր ջանքերը հայրենիքի շէնացման եւ հզօրացման գործում: Մենք յոյս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն արհեստավարժների վրայ, ովքեր իրենց դիրքին ու պաշտօնին հասել են տաղանդի ու աշխատասիրութեան շնորհիւ:

Ես համոզուած եմ, որ Հայաստանում կեդրոնացած է նաեւ լրջագոյն տնտեսական ներուժ: Հայաստանեան պիզնեսը, ըստ էութեան, գերեվարուած է եղել իշխանական փտած,  համակարգի կողմից, եւ իմ վարչապետ ընտրուելու պարագայում երաշխաւորում եմ պիզնեսի ազատագրումը փտած համակարգի առաջ ունեցած պարտաւորութիւններից` ակնկալելով, որ արդիւնքում ազատուած միջոցները ոչ թէ կը ծուարեն օտարերկրեայ դրամատներում, այլ կը դառնան ներդրումներ Հայաստանի տնտեսութեան մէջ ու յատկապէս այն մարզերում, որտեղ գործազրկութեան ծանր շունչը զգացւում է առաւել ցայտուն:

Այսօր, ի դէպ, շատ է խօսւում այն մասին, որ գործարար դաշտում ընթացիկ քաղաքական փոփոխութիւնների վերաբերեալ մտավախութիւններ, լարուածութիւններ ու վախեր կան: Բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգային այս զարթօնքը, վերածնունդը հնից զատուելու շանս է տալիս իւրաքանչիւրին, ով պատրաստ է լինել նոր Հայաստանի նոր քաղաքացի, ով պատրաստ է չարհամարհել պետական եւ հանրային շահը:

Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում ընդգծել, որ չափազանց կարեւորում եմ տնտեսական զարգացման ընկերային ազդեցութեանը: Տնտեսութեան զուտ վիճակագրական աճերը, որոնք էական ոչինչ չեն փոխում մարդկանց կեանքում, մնում են որպէս սովորական վիճակագրութիւն: Մինչդեռ մեզ հարկաւոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոտել, որն իրապէս կը փոխի մարդկանց կեանքը, կը դառնայ գործազրկութեան կրճատման եւ աղքատութեան յաղթահարման իրական գործիք: Մեզ հարկաւոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոտել, որը կտրուկ կը մեծացնի պետական պիւտճէի եկամուտները, ինչն իր հերթին հնարաւորութիւն կը տայ մտածելու կենսաթոշակների եւ պիւտճէական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի իրական աճի մասին: Այս առումով ուզում եմ ընդգծել տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթութիւն:

(Շար. 1)

Leave a Comment

You must be logged in to post a comment.