Նիկոլն ԱԺ ամբիոնից փաստացի յայտնեց Արցախը Ադրբեջանին ամբողջովին յանձնելու իր մտադրութեան մասին. Իշխան Սաղաթելեան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինեանն ԱԺ-ում հնչեցրել է մի շարք կարևոր յայտարարութիւններ՝ պնդելով, որ միջազգային ճնշումներով հարկադրուած է Արցախի հարցում որոշում կայացնել: Նա նաև ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանական կողմից Հայստանին պարտադրուած 5 կէտանոց պայմաններին, ինքը չունի որևէ առարկութիւն և ամենակարևորը, ըստ Փաշինեանի՝ Արցախի մնացեալ մասի կարգավիճակի յստակեցումն իր պաշտօնավարման օրոք այս նորամուծութեամբ է բանակցւում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն հիմա ածանցւում է անվտանգութեան երաշխքներին ու իրաւունքներին, և ոչ թէ առանջային է ԼՂ կարգավիճակի և ինքորոշման հարցը՝ ինչպէս նախկիններն էին բանակցում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով: Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնների վերաբերեալ մեկնաբանութեան համար Yerevan.Today-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանին։

«ԱԺ ամբիոնից Նիկոլը այսօր փաստացի յայտարարեց Արցախը Ադրբեջանին յանձնելու իր մտադրութեան մասին։ Նրա բոլոր հիմնաւորումները ոչ այլ ինչ էին, քան սեփական տկարութիւնը թաքցնելու խղճուկ փորձ։ Մի քանի օր առաջ յայտարարել եմ, հիմա նորից կը կրկնեմ՝ չե՞ս կարողանում պահել Արցախը, ուրեմն հեռացիր և ճանապարհ տուր կարող ուժերին։ Ճիշտ այնպէս, ինչպէս դա եղել է 1998 թուականին։

Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հիմա։ Ալիևի և Փաշինեանի համագործակցութիւն, որոնք համատեղ ջանքերով սկսել են Արցախի նախիջևանացման ծրագիրը։ Նրանք երկուսով են ցանկանում որոշել Արցախի ճակատագիրը՝ թքած ունենալով այն փաստի վրայ, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին արցախահայութիւնը հանրաքուէով արդէն իսկ հնչեցրել է իր՝ ազատ և անկախ ապրելու շատ յստակ ձևակերպուած կամքը։

Այն, ինչի մասին ԱԺ ամբիոնից յայտարարեց Փաշինեանը, ոչ այլ ինչ է, քան Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականութիւն։ Եւ դեռ ակնկալում է, որ իր դաւաճան այդ մտադրութեան համար երկնային արքայութեան է արժանանալու։ Իսկ ես յայտարարում եմ, որ չի ստացուելու։ Օրուայ իշխանութիւնների այս փորձերը կասեցուելու են, իսկ նրանց միակ վարձքը՝ սերունդների մշտական անէծքն է լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Մեր դիտարկմանը, որ ստացւում է՝ ընդամէնը ժամերի կամ շաբաթների հարց է Արցախի վերջնական կապիտուլյացիան, և հայութիւնը հիմա ռեալ տեսնում է, որ կանգնած է Արցախը վեջնականօրէն կորցնելու փաստի առաջ և փաստացի արցախահայութիւնը, Սփիւռքը, Հայաստանի քաղաքացին որևէ կերպ չի մասնակցում այդ իրավիճակին հանգուցալուծում գտնելու գործին, նորից միայնակ է Փաշինեանը որոշում ընդունում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Շատ ճիշտ նկատեցիք՝ մեր ժողովուրդն այսօր մասնակից չէ իր ճակատագրի որոշման գործին, նիկոլն ինքը իր խմբակով փորձում է տնօրինել մեր ճակատագիրը։ Մինչդեռ ժամանակին նոյն Փաշինեանը խոստանում էր, որ առանց ժողովրդի կարծիքն հարցնելու որևէ որոշում չի կայացնելու Արցախի հարցի կապակցութեամբ։

Կայ մի պարզ ճշմարտութիւն՝ սա ազգային հարց է։ Ոչ մի իշխանութիւն՝ առաւել ևս սրանք, չունեն նման լուծումներ տալու մանդատ։ Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ համաձայնե՞լ մեզ արւող առաջարկներին, թէ՝ ոչ։ Ինչ վերաբերում է լուծումներին, ապա ասել և շարունակելու եմ պնդել՝ առաջին քայլը օրուայ այս ապիկար իշխանութիւնների ժամ առաջ հեռացումն է։ Չի կարելի թոյլ տալ, որ ճակատագրական այս պահին երկրի ու ժողովրդի անունից կապիտուլյացիա ստորագրած, ամէն կերպ թշնամու առջև ստորացուած մէկը խօսի»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.