Նիկոլական լկտի սուտը. թուրք-ադրբեջանական նախապայմաններն ակնյայտ են․ Անդրանիկ Թևանեան
Անդրանիկ Թևանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․
Թէև Նիկոլ Փաշինեանն ու իր դրածոները պնդում են, որ հայ-թուրքական, այսպէս կոչուած, երկխօսութիւնն առանց նախապայմանների է, այդուհանդերձ այդ նախապայմանները կան: Դրանց մի մասն արդէն բաւարարուած է, միւս մասը բաւարարման փուլում է:
Յիշեցնեմ, որ Թուրքիան սահմանը 1993թ. փակել էր Քարվաճառի/Քելբաջարի շրջանը հայկական վերահսկողութեան տակ անցնելուն պէս:
1994-ի հրադադարին յաջորդած տարիներին Թուրքիան սահմանները բացելը պայմանաւորում էր գոնէ երկու գիւղ կամ երկու շրջան Ադրբեջանին յանձնելով: Դա թուրքական նախապայմաններից մէկն էր:
Ինչպէս յայտնի է, Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրոք Ադրբեջանին յանձնուեց 9 շրջան, ինչպէս նաև Արցախի այլ շրջանների մի շարք բնակավայրեր:
Այս փուլում թուրքական նախապայմանները ՀՀ-ին հետևեալն են՝
1.բաւարարել Ալիևի պահանջներն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասով,
2.պետականօրէն հրաժարուել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից,
3.ճանաչել հայ-թուրքական սահմանն ըստ Կարսի պայմանագրի,
4.տրամադրել Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանական զոյգին (միայն այս կէտի մասով է նիկոլական իշխանութիւնը հրապարակաւ անհամաձայնութիւն յայտնում, միւսների մասով իրենք «OK» են):
Այս բոլոր կէտերն ամրագրուած են Էրդողան-Ալիև Շուշիում կնքած հակահայկական հռչակագրում, որը գործող իշխանութիւնները չդատապարտեցին ու խորհրդարանում տորպեդահարեցին այդ հռչակագրին տրուող գնահատականի նախագիծը:
Թուրքիան բազմիցս է նշել, որ հայ-թուրքական շփումների արդիւնքները կախուած են Ադրբեջանի պահանջների բաւարարումից (ի դէպ, սա էլ է թուրքական նախապայման, որին պաշտօնական Երևանն ակնյայտօրէն ընդառաջ է գնացել): Նիկոլն այդ պահանջները առնուազն քարոզչութեան մակարդակով բաւարարել է՝ պարբերաբար «հիմնաւորելով», որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, և որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցն առաջին հերթին սփիւռքի գործն է (այս երկու հարցում էլ ՀՀ վարչապետ կոչեցեալը հանդէս է գալիս ՀՀ անկախութեան հռչակագրի դէմ):
Հիմա ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ականները և նրանց կից խօսափողները փորձում են համոզել, որ նախապայմաններ չկան, ինչը լկտի սուտ է: Ուզում են ցոյց տալ, թէ, իբր, Էրդողան-Փաշինեան հեռախօսազրոյցն այդ ամէնի վառ ապացոյցն է:
Մինչդեռ իրականութիւնն այն է, որ հայ-թուրքական գործընթացը թուրքական կողմը պայմանաւորում է հայ-ադրբեջանականով: Պատահական չէ, որ Էրդողանի հետ հեռախօսազրոյցին անմիջապէս յաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկուած հարցերը չեն հանրայնացուել:
Պարզ է, որ պաշտօնական Անկարան Երևանից պահանջում է ադրբեջանական օրակարգի բաւարարում ու դա անում է հրապարակաւ: «Մերոնք» փորձում են թաքցնել այդ ամէնը՝ դէմ տալով այն ձևական յայտարարութիւնը, թէ, իբր, հայ-թուրքական շփումներն առանց նախապայմանների են ու, իբր, շաղկապուած չեն հայ-ադրբեջանական գործընթացի հետ:
Սրանք լկտիաբար ստում ու կեղծում են ճիշտ այնպէս, ինչպէս ստում ու կեղծում էին, երբ հանրութեանը դեմ էին տալիս հերոս Աբաջեանի ֆէյք պապիկին: