Նախիջեւանում Թուրքական Ռազմակայա՞ն. Արդեօք Հնարաւո՞ր Է

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Այս հարցադրումը նոր չէ: Թէկուզ հարցի շուրջ ներկայումս, առաւել քան երբեւէ, բուռն են հանրային քննարկումները: Ինչպէս Թուրքիայյի եւ Ազրպէյճանի, նոյնպէս եւ` Հայաստանի ու Ռուսաստանի լրատուամիջոցներում: Այն, կարելի է ասել, գրեթէ հասակակից է Գիւմրիում  ռուսական ռազմակայանի կամ, պաշտօնական անուանմամբ, Անդրկովկասում  ռուսական  զօրախմբի 102-րդ  ռազմակայանի ներկայութեանը:

Փաստօրէն Հայաստանում ռուսական զինուժի ներկայութիւնը իւրօրինակ աչքի փուշ է դարձած հիւսիսատլանտեան դաշինքի` ՕԹԱՆ-ի անդամ պետութիւնների եւ այդ միջազգային ռազմական կառոյցի գործընկեր հանդիսացող առանձին երկրների, ինչո՞ւ չէ, նաեւ հայաստանեան որոշ քաղաքական ուժերի ու քաղաքական վերլուծաբանների համար:

Բանն այն է, որ Գիւմրիի  ռազմակայանը, փաստօրէն, Ռուսաստանի վերջին ու միակ ռազմական յենակէտն է Հարաւային Կովկասում: Ինչպէս յայտնի է, Վրաստանը, ապա եւ Ազրպէյճանը վաղուց արդէն ռուսական ռազմակայանները տարհանել են տուել իրենց տարածքներից, համապատասխանաբար, Ախալքալաքից 2007թ. եւ Կապալայից 2012թ.: Տարածաշրջանում մնացել է միայն Գիւմրիի ռուսական ռազմակայանը: Ինչպէս յայտնի է, 2001թ. յուլիսի 1-ից այդ միաւորումը, որն իրականում, որպէս զօրամաս, գունդ էր, մտել է Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի Միաւորուած խմբաւորման զօրքերի (ուժերի) կազմի մէջ: 2009-ի օգոստոսի 1-ից գունդը վերաձեւաւորուել է 73-րդ առանձին մոթոհրաձգային գնդի, ապա 2010թ. մայիսին վերանուանուել 102-րդ ռազմակայանի: Տեղակայուած լինելով Հայաստանի հիւսիսում` այն մարտական հերթապահութիւն է իրականացնում` ԱՊՀ մասնակից պետութիւնների, աւելի որոշակի`  Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ երկրների Հակաօդային պաշտպանութեան միաւորուած համակարգի շրջանակներում: 2010-ի օգոստոսի 20-ին ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողութեան ժամկէտը երկարաձգուել է մինչեւ 2044թ.: Ռազմակայանը  յագեցած է ռուսական արտադրութեան կործանիչ ինքնաթիռներով, ռազմափոխադրամիջոցին եւ հարուածային ուղղաթիռներով, արդիական ու գերարդիական այլ զինատեսակներով: Միով բանիւ, լիովին սպառազինուած է` արդիւնաւէտ պաշտպանութիւն իրականացնելու, ինչպէս նաեւ, անհրաժեշտութեան դէպքում, նախայարձակ հակառակորդին արժանի հակահարուած հասցնելու համար: Համաձայն պայմանագրի, բացի Ռուսաստանի Դաշնութեան շահերի պաշտպանութիւնից բխող իր գործառոյթներից, ռազմակայանը նաեւ ապահովում է Հայաստանի անվտանգութիւնը սահմանի ողջ պարագծով մէկ: Նկատի առնելով, որ Նախիջեւանը սահմանակից է Հայաստանի Սիւնիքի եւ Վայոց Ձորի մարզերին եւ այնտեղ թուրքական ներկայութիւնը լարուածութեան սրման լրացուցիչ ռիսքեր է ստեղծում տարածաշրջանում, ուստի, բնականաբար,  Նախիջեւանից Հայաստանին Ազրպէյճանի հասցրած ցանկացած հարուած համարուելու է յարձակում Ռուսաստանի դաշնակցի դէմ: Այնպէս որ, չփորձենք թերագնահատել Գիւմրիի ռազմակայանի զսպիչ դերակատարութիւնը` ի լրումն հայոց բանակի մարտավարական հնարաւորութիւնների, առաւել եւս` հանրապետութեան տարածքի նկատմամբ արեւմուտքից Թուրքիայի եւ արեւելքից Ազրպէյճանի վտանգայարոյց նկրտումների պարագայում: Ի վերջոյ, չմոռանանք, որ Հայաստանն այն ոսկորն է, որ խրուել, մնացել է անկախ, ինքնիշխան Հայաստանի նկատմամբ մշտապէս թշնամաբար տրամադրուած այդ երկրների կոկորդում` խոչընդոտելով ու ձախողելով Մեծն Թուրանի ստեղծման նրանց հեռագնայ ծրագիրը: Ընդ որում, կարեւոր է նշել, որ եթէ Թուրքիան Հիւսիսատլանտեան դաշինքի գործուն անդամ է եւ իր զինուած ուժերի թուաքանակով ու սպառազինութեամբ այդ կառոյցի երկրորդ պետութիւնն է, ապա Ազրպէյճանը ՕԹԱՆ-ի գործընկեր մի երկիր է, որը հոգու խորքում նուիրական յոյս է փայփայում աւագ եղբօր` Անգարայի աջակցութեամբ, եթէ ոչ մօտակայ ապագայում, ապա գոնէ տեսանելի հեռանկարում անդամակցել նոյն այդ դաշինքին:

Գիւմրիի ռուսական ռազմակայանն արեւմտեան տէրութիւնների, յատկապէս Միացեալ Նահանգների համար, անկասկած, նոյնպէս զգալի խոչընդոտ է` հարաւկովկասեան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ճանապարհին, ինչը նրանց հեշտութեամբ յաջողուել է Վրաստանի եւ Ազրպէյճանի պարագաներում: Իսկ Հայաստանի պարագայում այդ ռազմավարական նպատակը տարիներ ի վեր փորձ է  արւում կեանքի կոչել տեղի մի ամբողջ շարք քաղաքական կուսակցութիւնների ու հասարակական  կազմակերպութիւնների եռանդուն ջանքերով` համապատասխան հանրային կարծիքի ձեւաւորման միջոցով, ինչի համար, ինչպէս դա տեսանք, առանձնապէս, Վրաստանում եւ Ուքրանիայում, միջոցներ չեն խնայւում` առատաձեռն ֆինանսաւորումից սկսած մինչեւ իշխանափոխութիւն: Ի դէպ, նոյն այդ մեթոտաբանութիւնը փորձ արուեց կիրառել նաեւ Արցախում, սակայն այն, բարեբախտաբար,  ձախողուեց: Ըստ երեւոյթին, արցախցիներն աւելի սթափ ու կշռադատ գնահատեցին իրադարձութիւնների նման զարգացման վտանգաւորութիւնը երկրի ու ժողովրդի ճակատագրի համար, եւ ընկերայինից քաղաքականի վերափոխուած շինծու բողոքական ալիքը կարճ ժամանակում տեղատուութիւն տալով` յետընթաց ապրեց եւ արդիւնքում չարժանացաւ լայն հանրութեան հաւանութեանն ու աջակցութեանը:

Եթէ փորձենք յետադարձ հայեացքով աւելի հեռուն նայել, ապա կը տեսնենք, որ Նախիջեւանի նկատմամբ Թուրքիան նկրտումներ ունէր տակաւին անցեալ դարի 20-ական թուականներին: Յայտնի է, որ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Աթաթուրքն այն ժամանակ Նախիջեւանը ներառել էր Թուրքիայի քարտէզի մէջ, բայց պատմական իրադարձութիւնները ձեւաւորուեցին այնպէս, որ Նախիջեւանը չդարձաւ Թուրքիայի մաս: Այնուամենայնիւ, Անգարան արել է հնարաւոր ամէն ինչ, որպէսզի Նախիջեւանը յայտնուի Ազրպէյճանի ենթակայութեան ներքոյ:

Եւ ահա տարածաշրջանային հին ու նոր իրադարձութիւնների այդ համապատկերում, որպէս թէ անսպասելի ամպրոպ խաղաղ երկնքում, վերստին ճայթեց Նախիջեւանում թուրքական ռազմակայան տեղադրելու հաւանականութեան հարցը, որն առաջին անգամ հրապարակ նետեց թուրքական իշխանամէտ «Սէօզճիւ» թերթը` նշելով, որ Սոմալիից եւ Քաթարից յետոյ Թուրքիան կարող է Նախիջեւանում  հիմնել արտերկրում իր թուով երրորդ ռազմակայանը: Ընդ որում` Թուրքիայի արտաքին յարաբերութիւններին նուիրուած այդ յօդուածի հեղինակը` թերթի սիւնակագիր Զէյնեփ Կիւրճանլին ոչ մի յղում չի կատարում ո՛չ պաշտօնական Անգարային եւ ո՛չ էլ պաշտօնական Պաքուին, չնշելով, թէ նրանք ի՛նչ ծրագրեր ունեն այդ կապակցութեամբ: Նրա միակ յղումը «վերջին շրջանում Անգարայում պտտուող խօսակցութիւններն» են, ինչի տողատակից դժուար չէ կռահել, որ տեղեկատուութեան աղբիւրն  ամենեւին էլ թուրքական մայրաքաղաքի շուկաները կամ փողոցները չեն, այլ` հէնց իշխանութեան բարձրագոյն ատեաններից մէկը, որի յանձնարարութեամբ էլ նա, որպէս թէ երեւոյթի հաւանականութեան հեղինակային ենթադրութիւն, հրապարակ է նետել այդ աղմկայարոյց լուրը` հանրային կարծիքը, ինչպէս նաեւ, որ պակաս կարեւոր չէ, շահագրգիռ երկրների ու միջազգային կառոյցների հնարաւոր արձագանգները հետախուզաբար շօշափելու ու բացայայտելու համար: Ռազմաքաղաքական մտադրութիւնների իրականացման ճանապարհին դա, առհասարակ, սովորական երեւոյթ է ներքին եւ արտաքին քարոզչութեան ասպարէզներում:

Այո՛, դժուար չէ կռահել, որ Նախիջեւանում թուրքական ռազմակայան հիմնելու գաղափարը որոճւում է Անգարայի կամ Պաքուի իշխանական աշխատասենեակներում` մեկուսի  եւ կամ երկկողմ քննարկումների տեսքով: Եթէ դարձեալ յետադարձ հայեացք նետենք ոչ հեռու անցեալին, ապա կը տեսնենք, որ հէնց այդպէս էլ կայ: Ահաւասիկ, տեղեկատուական հոսքը վկայում է, որ տարիներ առաջ` 2013թ. օգոստոսի սկզբներին, պաշտօնական Պաքուն Ուաշինկթընի հետ քննարկել է Նախիջեւանում ՕԹԱՆ-ի ռազմակայան ստեղծելու հարցը: Ինչպէս այն ժամանակ վկայել  է Պաքուի «Ենի Մուսաւաթ» թերթը, խնդիրը շօշափուել է Ազրպէյճանի պաշտպանութեան նախկին նախարար Սաֆար Ապիեւի` Միացեալ Նահանգներ կատարած այցի ժամանակ: Եօթ օր տեւած  հանդիպումների ընթացքում քննարկուել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցութեան եւ այլ հարցեր: Այցի աւարտից յետոյ պարբերականի հետ զրոյցում ազրպէյճանցի ռազմական փորձագէտ Ուզէիր Ճաֆարովը յայտարարել էր, որ` «Ձեռք բերուած ամենակարեւոր համաձայնութիւնը Նախիջեւանում ՕԹԱՆ-ի ռազմակայանի ստեղծումն էր»: Նրա հաղորդմամբ. «Օրակարգում է Նախիջեւանի պաշտպանութեան նպատակով ինքնավար հանրապետութիւնը Թուրքիայի խնամակալութեանը յանձնելու հարցը: Կասկած չկայ, որ դա Միացեալ Նահանգների հաւանութեամբ եղող հարց է: Հնարաւոր է` եկող տարի Թուրքիան Նախիջեւանում ռազմակայան ստեղծի կամ էլ ռազմական ներկայացուցչութիւն բացի: Թուրքիայի մուտքը Նախիջեւան ապահովում է նաեւ այդ տարածքում ՕԹԱՆ-ի ներկայութիւնը»: Փորձագէտի ասած եկող տարին 2014 թուականն էր: Այսինքն դեռ այն ժամանակ Անգարան եւ Պաքուն նախապէս պայմանաւորուել էին խնդրի շուրջ, մնում էր «պապայի», այսինքն Միացեալ Նահանգների համաձայնութիւնը: Կարելի է ենթադրել` Ուաշինկթընի պատասխանը միանշանակ չէր, ուստի եւ հարցը պահ է տրուել գրասեղաններից մէկի գզրոցին` գալիք նպաստաւոր ժամանակների ակնկալիքով:

Ըստ երեւոյթին, Անգարա-Պաքու զոյգին թւում է, թէ արդէն եկել  են այդ նպաստաւոր  ժամանակները, ինչի նախանշաններն Անգարա-Մոսկուա եւ Պաքու-Մոսկուա առաւել քան ջերմ յարաբերութիւնների պարունակում են: Բայց, արդեօք, Մոսկուան այս անգամ եւս կուլ կը տա՞յ իր թիկունքին հասցուած հերթական թուրքական հարուածը, ինչպէս որ դա 2015-ի նոյեմբերին տեղի ունեցաւ սիրիական երկնքում ռուսական ՍՈՒ-24  կործանիչը թուրքական օդուժի կողմից խոցելուց եւ օդում ռուս  օդաչու Օլեկ Փեշքովի, ապա եւ 2016-ի դեկտեմբերին`  Անգարայում ցուցահանդէսի ժամանակ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Անտրէյ Քառլովի սպանութիւններից, այս տարուայ յատկապէս յունիսի 12-ին` Ռուսաստանի տօնական օրը, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում անդրանատոլիական «ԹԱՆԱՓ» կազատարի պաշտօնական բացումից յետոյ:

«Սէօզճիւ» թերթի սիւնակագրի  գնահատմամբ, Անգարան եւ Մոսկուան այսօր շատ հարցերում դաշնակիցներ են, սակայն, միեւնոյն ժամանակ,  տարակարծութիւններ ունեն տարածաշրջանային հարցերում, մասնաւորապէս` Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերուող ռազմական աջակցութեան խնդրում: Ուստի, գրում է նա, ամենայն հաւանականութեամբ, ռուսական արձագանգը կը լինի ոչ միանշանակ:

Իսկ որ դա, իրօք, այնքան էլ հաճելի լուր չէ Ռուսաստանի համար, առաջիններից մէկը Մոսկուայից շտապել է ահազանգել «Նացիոնալնայա Օպորոնա» («Ազգային Պաշտպանութիւն») ամսագրի գլխաւոր խմբագիր Իկոր Քորոթչենքոն:  Նրա խօսքով, Ազրպէյճանում ՕԹԱՆ-ական ռազմակայանի յայտնուելը Ռուսաստանում կարող են ընդունել որպէս սպառնալիք ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դէմ, քանի որ դրան կարող է հետեւել Ազրպէյճանը ՕԹԱՆ-ի կազմ ընդգրկելու քաղաքականութիւնը: «Բացի այդ, թուրքական ռազմակայանները լաւ պայմաններ կը ստեղծեն բոլոր տեսակի հետախուզական գործողութիւնների համար, իսկ այդ հետախուզութեան տուեալները կը փոխանցուեն ՕԹԱՆ-ին, ինչը շօշափում է նաեւ Ռուսաստանի շահերը», ասել է Իկոր Քորոթչենքոն:  Միեւնոյն ժամանակ նշել է նա. «Եթէ Նախիջեւանում թուրքական ռազմակայաններ տեղակայուեն, ապա դա կը յանգեցնի  նրան, որ Պաքուն աշխարհաքաղաքական յաւակնութիւններ կը դրսեւորի` շարունակելու իր առաջընթացն այդ ուղղութեամբ: Ի վերջոյ, դա կարող է դրդել Պաքուին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, իր թիկունքում զգալով Թուրքիայի աջակցութիւնը»: Ռուս փորձագէտի դիտարկմամբ, Թուրքիան մեծ աշխարհաքաղաքական յաւակնութիւններ ունեցող երկիր է, որը դուրս է գալիս իր երկրի տարածքներից: Անկասկած, նշել է նա, Ազրպէյճանը Թուրքիայի համար կարեւոր դաշնակից ու գործընկեր է տարածաշրջանում, ուստի մենք չգիտենք, թէ Ազրպէյճանն ի՛նչ ձեւաչափով թուրքական ռազմակայան կը բացի Նախիջեւանում:

Թէ ի՛նչ ձեւաչափով եւ իրաւական հիմքով կը բացուի թուրքական երրորդ ռազմակայանը արտերկրում, տուեալ պարագայում` Նախիջեւանում, ի հարկէ խնդիր է Պաքուի, ինչպէս նաեւ Անգարայի համար:  Բանն այն է, որ ազրպէյճանական օրէնսդրութեամբ բացառւում է այլ երկրների ռազմական կառոյցների տեղակայումը հանրապետութեան տարածքում: Սակայն, ինչպէս նշում է Պաքուի «Ատլաս» հետազօտական կենտրոնի ղեկավար Էլխան Շախինօղլին, դա լուծելի խնդիր է: «Մշտապէս ամէն ինչ փոփոխման ենթակայ է, եւ այդ օրէնքի մէջ կարող են փոփոխութիւններ մտցուել», ասում է նա: Միեւնոյն ժամանակ ազրպէյճանցի վերլուծաբանը բացառում է Մոսկուայի բացասական արձագանգը Նախիջեւանում թուրքական ռազմակայանի տեղակայման հաւանականութեան առնչութեամբ:

Ինչ վերաբերում է Անգարայի պարագային, ապա Նախիջեւանում ռազմակայանի տեղակայման գաղափարը բախւում է ոչ այնքան սեփական  օրէնսդրութեան, այլ առկայ միջպետական համաձայնագրի` Կարսի 1921թ. հոկտեմբերի 13-ին ստորագրուած պայմանագրի սահմանած արգելքին: Յիշեցման կարգով նշեմ, որ Կարսի պայմանագիրը, համաձայն որի, Նախիջեւանը մտցուել է Ազրպէյճանի խնամակալութեան տակ (իրականում` կամայականօրէն բռնակցուել է  Ազրպէյճանին), յաջորդելով Մոսկուայի պայմանագրին, հաստատել է վերջինիս դրոյթները եւ սահմանել ժամանակակից սահմանները Թուրքիայի եւ Անդրկովկասեան հանրապետութիւնների միջեւ: Արտակարգ եւ լիազօր դեսպան, քաղաքական փորձագէտ Արման Նաւասարդեանի խօսքով. «Թուրքերն ասում են, որ համաձայն Կարսի պայմանագրի, դա լրիւ իրագործելի է եւ պէտք է դա անել, որովհետեւ Թուրքիան կարող է իր ռազմական ուժերը տեղադրել Նախիջեւանում, մինչդեռ պայմանագրի 5-րդ կէտը բացառում է թուրք-ազրպէյճանական միացեալ ուժերով ստեղծել որեւէ ռազմական միաւորում: Իսկ 4-րդ յօդուածում ասւում է, որ, եթէ Թուրքիան եւ Ազրպէյճանը դիմեն նման քայլի, ապա ուրեմն վերանայւում են այն սահմանները, որոնք Թուրքիան ունեցել է 20-ականներին:  Այսինքն նրանք կարող են կորցնել իրեն ամբողջականութիւնը, եթէ նման քայլի գնան»:   Միեւնոյն ժամանակ Արման Նաւասարդեանը համարում է, որ այդ ամէնը Հայաստանի համար պէտք է մեծ ահազանգ լինի:  «Օգտուելով դրանից,- ասում է նա,- մենք պէտք է վերանայենք ընդհանրապէս այս բոլոր խնդիրները: Արդեօք պայմանագիրը կարիք չունի՞ վերանայման, մասնաւորապէս` Ռուսաստանի կողմից. արդեօք դա չի՞ ասում, որ մենք պէտք է լուրջ քայլերի դիմենք  Նախիջեւանը զերծ պահելու համար նման ոտնձգութիւններից»:

Այնուամենայնիւ, հարց է ծագում. իրօ՞ք Թուրքիայի եւ Ազրպէյճանի համար հրատապ հրամայական է Նախիջեւանում թուրքական ռազմակայանի հիմնումը` ելնելով Հայաստանի հաւանական յարձակումից այդ ինքնավար հանրապետութիւնը նաեւ թուրքական զինուժի միջոցով պաշտպանելու անհրաժեշտութիւնից: Մանաւանդ որ Հայաստանը նման արկածախնդիր քայլի  դիմելու կարիք չունի եւ առաւել եւս, որ, ինչպէս Պաքուն է յոխորտում, Նախիջեւանում տեղակայուած ազրպէյճանական զինուժի Առանձին համազօրային բանակը յագեցած է արդիական սպառազինութեամբ, մարտունակ է եւ ընդունակ` հարուած հասցնելու Հայաստանի տարածքի ցանկացած թիրախի:

Ինչպէս տեղեկացնում է Պաքուի «մինվալ.ազ» ելեկտրոնային լրատուական կայքը, Թուրքիայի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի հետախուզական վարչութեան նախկին պետ, պաշտօնաթող զօրավար-գնդապետ Իսմայիլ Հակկի Փեքինի խոստովանութեամբ. «Թուրքիան անհրաժեշտ օգնութիւն է ցուցաբերում Նախիջեւանում տեղակայուած Ազրպէյճանի զինուած ուժերի զօրամիաւորումին: Այնտեղ են գտնւում մեր ռազմական խորհրդատուները: Թուրքիան սերտօրէն համագործակցում է Նախիջեւանի սահմանապահ զօրքերի եւ Յատուկ նշանակութեան ուժերի հետ: Երբ անհնար է Ազրպէյճանից վառելիք ուղարկել Նախիջեւանում գտնուող զօրքերի համար, Թուրքիան, իսկ երբեմն նաեւ Իրանը վառելիքով ապահովում են ինքնավարութեան զինուած ուժերին»: Թուրք զօրավարի կարծիքով, Իրանին կարող է որոշակի լարուածութեան տեղիք տայ իր հարեւանութեամբ ՕԹԱՆ-ի անդամ երկրի ռազմակայանի յայտնուելը: Իսկ ամենագլխաւորն այն է, ասում է նա, որ որեւէ իմաստ չունի ռազմակայան հիմնել Նախիջեւանում, քանզի Թուրքիան առանց այն էլ անհրաժեշտ օգնութիւն է ցուցաբերում ինքնավարութեանը: «Ինչո՞ւ ռազմակայան կառուցել, երբ Տողուպայազիտ, Կարս քաղաքներում տեղաբաշխուած մեր զօրամասերը, իսկ Էրզրումում զօրամիաւորումը անչափ մօտ են Նախիջեւանին», տարակուսում է Փեքինը:

Յաւարտ խօսքիս` նորից անդրադառնամ վերոյիշեալ «Ատլաս» հետազօտական կենտրոնի ղեկավարի, այսպէս կոչուած, փորձագիտական տեսակէտին, որ յատկանշում է Պաքւում տիրող մտավախութեան մթնոլորտը. «Նման ռազմակայանի ի յայտ գալը  իւրատեսակ ապահովագրութիւն կը ծառայէր Ազրպէյճանի համար, եթէ բան է`  Ղարաբաղում վերսկսուեն մարտերը, եւ Հայաստանը վճռի խնդիրներ յարուցել նախիջեւանեան հատուածում: Մենք ցամաքային կապ չունենք Նախիջեւանի հետ, իսկ Թուրքիան, համաձայն Կարսի պայմանագրի,  հանդէս է գալիս որպէս այդ տարածաշրջանի անվտանգութեան երաշխաւոր»: Դժուար չէ կռահել, որ Պաքուի որոշ տեղեր դեռ շարունակում են ցաւել ինչպէս 90-ական թուականների սկզբների եռամեայ, նոյնպէս եւ 2016-ի ապրիլեան քառօրեայ պատերազմների ժամանակ ստացած հարուածներից: Երեւի թէ այստեղ են ասել, որ վախի աչքերն աւելի մեծ են լինում, քան թուացեալ սատանան ինքն է:

Leave a Comment

You must be logged in to post a comment.