Մի օրակարգ կայ իշխանութեան հետ քննարկելու՝ անցնցում, արագ հեռանալու օրակարգն է. Իշխան Սաղաթելեան

Մայիսի 4-ին «Դիմադրութեան» շարժումը վերսկսել է անհնազանդութեան լայնամասշտաբ ակցիաներ՝ Երևանում և մարզերում։

Առաւօտից քաղաքացիները ինքնաբուխ ակցիաներ են իրականացրել՝ փակելով խաչմերուկներ, կամուրջներ մայրաքաղաքի տարբեր հատուածներում։ Երեւանում տարբեր ուղղութիւններով տեղի են ունեցել Դիմադրութեան» շարժման երթեր։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի գլխաւորութեամբ՝ Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիները երթով, փողոցներ փակելով ու իրազեկման ակցիայ իրականացնելով, քայլել են դէպի Մաշտոցի պողոտա։

«Այսօր առաւօտից մեր հայրենակիցները ողջ մայրաքաղաքում սկսել են բողոքի անհնազանդութեան ակցիաներ, այս պահին շուրջ 10 ուղղութիւններով նման քայլերթեր են իրականացւում»,- լրագրողների հետ զրոյցում ասել է Իշխան Սաղաթելեանը։

Ակնյայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիւը ժամ առ ժամ, րոպէ առ րոպէ աւելանում է, տեսաք, թէ երեկոյեան տեղի ունեցած երթին քանի տասնեակ հազար մարդ էր մասնակցում։

«յստակ կարող ենք արձանագրել, որ մեր ժողովուրդը իր պահուածքով արձանագրեց, որ օրուայ իշխանութիւնը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Հիմա կարող ենք փաստել նաև, որ իրենք չունեն այլևս իշխանութիւն և պէտք է օր առաջ հեռանան»։

Հարցին՝ իշխանութեան կողմից ստեղծուած իրավիճակը քննարկելու առաջարկներ եղե՞լ են, Սաղաթելեանը ասաց, որ իրենց հետ խօսելու մի օրակարգ կայ և դա օրուայ իշխանութիւնների անցնցում և արագ հեռանալու օրակարգն է։

«Մեր պայքարը աւարտուելու է Նիկոլի հեռացմամբ և Հայաստանի համար բացուելու է նոր արշալոյս, որովհետև այս մարդիկ պետութիւնը տանում են կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացուելու։

Ժողովրդական ճնշման տակ այս իշխանութիւնները պէտք է հեռանան և րոպէ առ րոպէ ինչ ուզում ենք, տեղի է ունենում»,- ընդգծել է Իշխան Սաղթելեանը։

Խօսելով իրենց հետագայ քայլերի և գործողութիւնների մասին՝ Սաղաթելեանը ասաց, որ Նիկոլ Փաշինեանի հեռանալուց յետոյ ձևաւորուելու է ազգային համաձայնութեան կառավարութիւն՝ տարբեր ուժերից բաղկացած։

Ես էլ ԱԱԾ-ին յանձնարարում եմ, որ զբաղի դաւաճաններով, ովքեր մեր պետութեան համար լուրջ սպառնալիք են․ ասել է Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպէ՞ս կը մեկնաբանի ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութիւնը, որ ԱԱԾ-ին յանձնարարել է փողոցից բերման ենթարկուածների տուեալները փոխանցել ՊՆ-ին, որպէսզի նրանց տանի Հայաստանի ու Արցախի անվտանգութիւնը պահպանելու։

«Անդրանիկ Քոչարեանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանութիւն չունի այս երկրում․ իշխանութիւնը ժողովուրդն է և առաջիկայ օրերին իրենք դա իրենց մաշկի վրայ կը զգան, եթէ դեռ չեն հասկացել։ Ես հասկանում եմ իրենց խուճապը»,-ասել է Իշխան Սաղաթելեանը։

 

https://www.facebook.com/watch/?v=1532964020468583

Leave a Comment

You must be logged in to post a comment.