Մի տեղից կայծը կը պայթի, քանի որ անընդունելի է անընդհատ հայի արիւն թափելը. Անդրանիկ Չավուշեան

Lragir.am-ի զրուցակցին է Քաշաթաղի Աղաւնօ համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշեանը

-Պարոն Չավուշեան, Արցախում ժամանակ առ ժամանակ հրադադարի խախտման հետևանքով զոհեր են լինում։ Ի՞նչ պէտք է անել անվտանգային խնդիրները լուծելու համար։

-Պէտք է հայ ազգը՝ 10 մլն հայութիւնն այլևս մտածի, որ օգնի այս իշխանութիւններին, որ դուխաւորուեն։ Ռուսական խաղաղապահ առաքելութիւնը ոնց որ իր գործը չի անում։ Երևի մի տեղից կայծը կը պայթի մի օր, քանի որ անընդունելի է անընդհատ հայի արիւն թափելը։         Մենք մեր ճակատագրի տէրն ենք, սա ազգային հարցն է, դրա համար 10 մլն հայութիւնն այլևս պէտք է գործի, իշխանութիւններին երևի դուխ է պէտք։

-Դուք նկատի ունեք, որ նման իրավիճակներում պէտք է համարժէք պատասխա՞ն տալ թշնամուն։

-Իմ անձնական կարծիքը սա է՝ եթէ ռուս խաղաղապահը չլինէր, եթէ մեր զօրքերը լինէին, թշնամին հակահարուած կը ստանար։ Հիմա, կարծում եմ, խնդիրը ռուսների հետ է։ Ռուսների հետ պէտք է խօսել, որ՝ եթէ դու ճանապարհը հսկում ես, բայց քո աչքի առաջ, քո քթի տակ սպանում են, մորթում են, ո՞ւր է խաղաղապահը։ Ուզում են, որ համակերպուենք, վերջ, սա՞ է։ Ոչ, այդպէս չի կարող լինել։ Հիմա հայութիւնը թող մտածի, մենք այս ամէնի մէջ ենք, հայրենիքը բոլորինն է։ Պէտք է աւելի խորը մտածենք, թէ ինչ կարող ենք անել։

1994 թուականից ի վեր, թէպետ հրադադարը կար, բայց ամսական 3-4 զոհ էինք ունենում, մինչև 2016 թուականը։ Թուրքը նոյն թուրքն է, նոյն թշնամին է, նոյն վայրագը։ Մենք ենք դարձել շատ մոռացկոտ, նոյնիսկ շատ արագ ենք մոռանում ու ներում։ Եթէ մի անգամ լաւ հակահարուած ստանայ, կարծում եմ, չի շարունակի։ Կար ժամանակ, որ մերոնք անհրաժեշտ գործողութիւններ արեցին, իրենց մոլլան ասաց՝ հայ ազգի հետ շուտ հաշտութեան մասին մտածէք, թէ չէ, եթէ հայերը մի քիչ զայրացան, ահաւոր է իրենց զայրոյթը։ Հիմա, կարծում եմ, պետական մարմինները ծրագրաւորուած ժողովրդի վրայ լաւ աշխատեցին, անտարբեր սարքեցին, բանակը ելակով կերակրեցին, ոչ թէ գաղափարով ու կամքով։ Ազգ-բանակ հասկացութիւնը թուլացրեցին, բայց չվերացրեցին, ազգը պարբերաբար դառնում է բանակ։

-Ի՞նչ տրամադրութիւններ են Արցախի բնակչութեան շրջանում։

-Ժողովրդի մէջ ընդհանրապէս ճամպրուկային վիճակը միշտ կայ, նախքան այս դէպքերն էլ կար։ Մենք էլ ուզում ենք դա փոխարինել ոչ ճամպրուկային վիճակով։ Մենք ժողովրդին ասում ենք՝ ո՞ւր ես փախչելու, դա հարցի լուծում չէ։ Կարծում եմ՝ անվտանգային հարցերը լուծելու համար միմիայն հայոց բանակը պէտք է ուժեղացնել։ Այդ դէպքում՝ եթէ մէկ հոգի խփեն, մենք թուաքանակով քիչ ենք, դիմացը՝ 10 հոգի։ Եթե լաւ հակահարուած ստանան, մի քիչ կը խելոքանան։ Բայց այսօր ամէն օր Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի ուղղութեամբ կրակոցներ կան, հիասթափեցնում են ժողովրդին։ Իշխանութիւններն էլ ձեռքերը ծալած, ոչ մի յայտարարութիւն չեն անում։ Հակառակը, խաղաղութիւնից են խօսում։ Ես մի քիչ այլ կարծիքի եմ՝ ի՞նչ խաղաղութիւն, ո՞ւմ հետ, ո՞վ է այդ խաղաղասէրը։ Այսօր իշխում է ուժը, եթէ ուժեղ ես, արդէն խաղաղասէր ես, ամէն ինչ ես։ Ես կարծում եմ, որ մենք պէտք է ուժով լուծենք այս հարցը։ Տեսանք՝ քաղաքականութեան մէջ թոյլ ենք ու ձախողուած՝ լինի արտաքին, թէ ներքին։ Բայց 1990-ական թուականներին, երբ հակահարուած հասցրեցինք, տարածքներն ազատագրեցինք, հայ ժողովուրդը լաւ էլ 20-30 տարի վայելեց այդ ամէնը։

 

ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Leave a Comment

You must be logged in to post a comment.