Մինչեւ Հայի Արդար Դատաստան…

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

1.- Արդէն աւելի քան մէկ շաբաթ է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի ողջ աշխատողները գործադուլի մէջ են` աշխատավարձերի բարձրացման ու տարրական աշխատանքային պայմանների բարելաւման պահանջով:

2.- Արդէն օրեր շարունակ վարչապետարանի առջեւ բազմաթիւ քաղաքացիներ բողոքում են կառավարութեան կողմից հարկային տարատեսակ աւելացումների որոշման դէմ:

3.- Իսկ ամենաառարկայականը` փոխադրամիջոցների ապօրինի թանկացման դէմ ժողովրդական տարերային բողոքներն են, որոնք ուղեկցւում են 150 դրամ ուղեվարձը պոյքոթել-չվճարելու քաղաքացիական կեցուածքով:

4.- Փոխադրամիջոցների թանկացման հիմնական պատասխանատու քաղաքապետ Աւինեանը աւագանու ժողովում, ի պատասխան ընդդիմադիր անդամների բողոքին, քաղաքապետարան է կանչում կարմիր բերետաւորների, որոնք իրենց ընկալեալ «բարեկրթութեամբ» դուրս են հրաւիրում բողոքող աւագանու անդամներին…

5.- Այս իրադարձութիւններին զուգահեռ` տեսանիւթով լուր է տարածւում ամէնուր, որ «օրուայ հերոս» քաղաքապետը կնոջ անուամբ 800.000 տոլարի արժողութեամբ նոր առանձնատնի «շնորհահանդէսի» է պատրաստւում…

6.- Մէկ այլ տեսանիւթով ականատես դարձանք գեղարքունիքցու բողոքին, որով նա ահազանգում էր նոյն Գեղարքունիքի շրջանից հայապատկան 8 գիւղերի թշնամուն յանձնելու որոշման մասին եւ միաժամանակ աւելացնում` սրանք երկիրը պահող-պաշտպանող բանակը քանդեցին…

7.- Իսկ երրորդ տեսանիւթում օթոպիւսում փոխադրամիջոցների թանկացման պոյքոթին մասնակցող երիտասարդին տարեց տղամարդը այսպէս է արձագանգում. «Փոխադրամիջոցի  եւ նմանօրինակ թանկացումներին մի կերպ եոլայ կը գնանք, քիչ կ՛ուտենք, կը համբերենք, կ՛ապրենք… բայց մենք հիմա շատ աւելի թանկ բաներ ենք ձեռքից տալիս. հո՛ղ ենք կորցնում, որի համար սիրտս մղկտումայ, ախր ես էդ հողի համար եմ երկու զաւակ նուիրել, առանց հողի է, որ չենք կարողանալու ապրել…»:

8.- Հրճուանք է տիրում թուրք-ազրպէյճանական մամուլում ու հասարակայնութեան մէջ… ի տես Նիկոլ Փաշինեանի օրերս Զուիցերիայում Հայոց ցեղասպանութեան սրբադասուած նահատակների ուրացման: Դա երեւի տրամաբանական արդիւնքն է` ծոցին սեղմած Էրտողանի նուիրած գրքի կարդալուն ու լաւապէս սերտելուն…

9.- Եւ «թաւշեայ» նորագոյն զաւեշտը` Հայաստանի Հանրապետութիւն հրապարակում, որտեղ ազրպէյճանա-թուրքական վոհմակը ապշած անցորդների հայեացքների ներքոյ «Հայրենի Ղարաբաղ» էր երգում…

10.- Հայաստանի ՆԳՆ-ի կողմից մուտքի արտօնութիւն ստացած ազրպէյճանական (այժմ կարելի է համոզուածութեամբ ասել) դիւերսանտների հրահրիչ ու հայի արժանապատուութիւնը խոցած լկտիութիւնը հանրայնացրած ու համացանցում տարածած Ղարիբ Բաբայեանը նոյն ՆԳՆ ոստիկանութեան կողմից ձերբակալւում է (դարձեալ յուրախութիւն թուրք-ազրպէյճանական դաշինքի):

11.- «Ազգամիջեան թշնամութիւն ու անհանդուրժողութիւն սերմանելու» մեղադրանքով Ղարիբ Բաբայեանի համար, ինչքան էլ զաւեշտալի, կէս գիշերուայ մօտ (՞) շուտափոյթ դատարան են բեմադրում… Աջափնեակի դատարանի շրջափակը, սակայն, ողողւում ու գնալով մարդաշատ է դառնում ի նշան ցասումի ու բողոքի` ապիկար ու անարժանապատիւ ԱԱԾ-ՆԳՆ աշխատակիցների… Ու րոպէներ անց դատարանի դահլիճից ազատ է արձակւում Ղարիբ Բաբայեանը:

12.- Իսկ Հայոց ցեղասպանութիւնը ուրացած ՆՓ-ն դեռ շարունակում է արժանանալ հայաշխարհի նախատինքին, որի օրինակներից մէկին անձամբ դէմ-յանդիման եղաւ ու ականատես` Ուաշինկթընում ՀՀ դեսպանութիւն մուտք գործելու պահին:

13.- Ու դեռ շարունակուելու են հայոց մշտնջենական նախատինքները` ԱՐՑԱԽԸ յանձնողի, ԱՐԱՐԱՏԸ թուրքական համարողի, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ աղաւաղողի, ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս. ԵԿԵՂԵՑԻՆ պղծողի, ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ատողի, ՀԱՅԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏԸ պառակտողի ու դեռ` ՄԱՐՏԻ 1 կազմակերպողի նկատմամբ, ընդհուպ` մինչեւ հայի արդար դատաստանին արժանանալը…