Մեր բոլորի գործողութիւնները և քննարկումները միտուած են մեր բանակի, մեր պետութեան թիկունքը ամրապնդելուն. Իշխան Սաղաթելեան

Քաղաքական ուժերի քննարկումը շարունակւում է, դրանք բաւականին դրական և միասնական մթնոլորտում են անցնում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի քանի օր է, ինչ քաղաքական ուժերը քննարկում են իրականացնում, և օրակարգում առաջնային հարցը Արցախում ստեղծուած իրավիճակն է:

Նա նաև ասել է՝ երբ լինի վերջնական եզրակացութիւն և որոշում, այդ ժամանակ էլ կը լինի յայտարարութիւն. «Խորհրդարանական ուժերից նաև ԲՀԿ-ն է մասնակցում: Յիշեցնեմ սեպտեմբերի 27-ին ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի յայտարարութիւնը, որով քաղաքական ուժերը միասնական են և ընդդիմադիր բացառիկ կեցուածք են ցուցաբերել այս ամբողջ ժամանակահատուածում: Ուզում եմ նշել, որ մենք կանգնած ենք եղել պետութեան ու բանակի կողքին: Մեկնակէտը դա է: Բայց կայ իրավիճակ, ընդհանուր գնահատականներ, որի մասին քննարկումները շարունակւում են: Իրավիճակը շատ նուրբ է ու զգայուն, կան բազմաթիւ մտահոգութիւններ, դրանց շուրջ քննարկումներ են գնում: Կ’ունենանք ընդհանուր յայտարարութիւն, այդ ժամանակ առաւել մանրամասն կը մեկնաբանեմ»,- նշել է Իշխան Սաղաթելեանը:

Դիտարկմանը, որ մամուլում անդրադարձել էին, թէ ընդդիմադիր կուսակցութիւնները յայտարարութեան մէջ պատրաստւում են անդրադառնալ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հարցին, Իշխան Սաղաթելեանը չի մեկնաբանել՝ նշելով, որ չունի լիազօրութիւն խօսելու միւս կուսակցութիւնների անունից:

«Այս պահին շատ կարևոր է արձանագրել, որ ներկայ բոլոր կուսակցութիւնների թիւ մէկ մտահոգութեան առարկան Արցախն է, և մեր բոլոր գործողութիւնները միտուած են լինելու ստեղծուած իրավիճակից յաղթական կերպով դուրս գալու համար լուծումներ գտնելուն: Այսինքն, բոլոր այն մեկնաբանութիւնները, մեզ վարկաբեկման պրոցեսը, կամ թիկունքը թուլացնել փորձող մարդիկ, պարզապէս չեն հասկանում թէ ինչի մասին է խօսքը: Մեր բոլորի գործողութիւնները միտուած են լինելու մեր բանակի, մեր պետութեան թիկունքը ամրապնդելուն, աւելի ուժեղացնելուն և յաղթանակ ապահովելուն»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

«Մամուլում տեղ գտած տեղեկութիւնները, թէ իբր համաձայնութիւն չկայ հարցերի շուրջ, իրականութեանը չի համապատասխանում: Քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնները շարունակւում են». թեմային կրկին անդրադարձել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ մէկ այլ լրատուամիջոցի՝ NEWS.am-ի հետ զրոյցում։

«Շատ դրական մթնոլորտում քննարկումները շարունակւում են։ Ստեղծուած իրավիճակի գնահատականի հարցում գրեթէ տարաձայնութիւն չկայ։ Պատերազմի առաջին իսկ օրից ընդդիմադիր քաղաքական ուժերը բացառիկ կեցուածք և միասնականութիւն են ցուցաբերել»,- նշել է Իշխան Սաղաթելեանը։

Քննարկումներին մասնակցում են աւելի վաղ համատեղ յայտարարութեամբ հանդէս եկած արտախորհրդարանական 16 կուսակցութիւնների ներկայացուցիչները։ Ըստ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցչի՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Բարգաւաճ Հայաստանը» նոյնպէս մասնակցում է քննարկումներին, իսկ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան հետ ակտիւ շփումներ են ընթանում, նրանք քննարկուող նիւթի մանրամասներին տեղեակ են։

Քաղաքական ուժերը քննարկումների վերաբերեալ համատեղ յայտարարութեամբ են հանդէս գալու։ Թէ երբ և ինչ բովանդակութեամբ կը լինի այդ յայտարարութիւնը, Իշխան Սաղաթելեանը ժամկէտներ չի նշել, պատճառաբանելով՝ ինքը լիազօրուած չէ բոլոր կուսակցութիւնների անունից խօսել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանաւորուած, որ օրեր շարունակ տեղի ունեցող քննարկումների վերաբերեալ յայտարարութիւն դեռ չկայ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքել է այսպէս. «Քաղաքական պրոցես է, իրավիճակն էլ շատ նուրբ ու զգայուն է։ Ինչ յայտարարութիւն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծուած իրավիճակից ելքեր գտնելն է»։

Իշխան Սաղաթելեանից լրատուամիջոցը հետաքրքրուել է նաև, թէ ինչ նկատի ունէր, երբ ֆէյսպուքեան գրառման մէջ նշում էր, որ «Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանութիւնների ձեռնարկած գործողութիւնները ոչ միայն համարժէք չեն առաջացած մարտահրաւէրներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի… յաղթանակ կերտած և յաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներւելու»։

«Ես ընդամէնը կը վերահաստատեմ իմ յայտարարութիւնը, դրա բացուածքը կ’անեմ ճիշտ ժամանակին, հիմա նպատակայարմար չեմ գտնում, կարծում եմ՝ հասկացողը հասկացել է՝ ինչի մասին է խօսքը»,- ի պատասխան ընդգծեց նա՝ յաւելելով. «Մենք պատերազմի մէջ ենք, բոլորիս ուշքն ու միտքը Արցախում, Շուշիում է։ Մեր իւրաքանչիւր քայլն ու գործողութիւնը մէկ նպատակ ունի՝ ապահովել միասնական յաղթանակ։ Իսկ Դաշնակցութեան ընդհանուր կեցուածքը յայտնի է բոլորին, մեր վաշտերը շարունակում են լինել առաջնագծում, շարունակւում է նոր ջոկատների տեղափոխումը Արցախ»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.