ՀՅԴ տարբեր կառոյցները՝ Արցախի համար

ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կենտրոնական կոմիտէն պատերազմից յետոյ Արցախի բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների բարելաւման, պարենային անվտանգութեան ապահովման համար մի շարք ծրագրեր է մշակել: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշեց. ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանեանը: Նրա խօսքով՝ տուեալ ծրագրերը ներկայացւել են ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցներին: «Մեր առաջարկներին արձագանգել են ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամը, Հայ Օգնութեան միութիւնը, կուսակցական տարբեր քոյր կառոյցներ, յանձնախմբեր, երիտասարդական միութիւններ: Նրանց միջոցներով ֆինանսական օժանդակութիւններ են տրամադրուել  պատերազմի զոհերի ընտանիքներին, վիրաւորում ստացածներին ու տեղահանուածներին: Ֆրանսիայի  «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնն էլ գազի տարաներ է հասցրել Արցախի մի շարք բնակավայրերի բնակիչներին»,- ասաց Ժիրայր Շահիջանեանը:

Նա նաեւ աւելացրեց, որ առաջիկայում ՀՕՄ-ի նախաձեռնութեամբ եւ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան հետ համագործակցութեամբ մի լայնածաւալ ծրագիր է իրագործուելու, որի նպատակը արեւային ջրատաքացուցիչներով հնարաւորինս շատ ընտանիքների ապահովելն է:

ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի Արցախի մասնաճիւղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ արդէն աւարտուել են Արցախի մի շարք գիւղերի ընտանիքներին հաւի ճտեր յատկացնելու ծրագիրը: Մարտակերտի շրջանի Յարութիւնագոմեր, Խնկաւան, Մարտունու շրջանի Ննգի, Աւդուռ, Միւրիշէն եւ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ, Վարդաձոր, Սառնաղբիւր գիւղերի ընդհանուր առմամբ 409 ընտանիքներ ստացել են 25 հատ մէկ ամսական հաւի ճտեր: Միայն Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնքում ընտանիքները ստացել են 21-ական հաւի ճտեր, քանի որ համայնքի ղեկավարի կողմից նախապէս ներկայացւած ցանկում ընտանիքների թիւը քիչ էր, եւ համայնքին յատկացուած հաւի ճտերը հաւասարաչափ բաժանուել են բոլոր ընտանիքների միջեւ:

Տրդատ Մարտիրոսեանը, խօսելով ծրագրի մասին, նշեց, որ այն յաջողուած էր եւ գիւղացիների համար լրացուցիչ օժանդակութիւն: Բնակիչների առաջարկով նման ծրագրերի դէպքում հետագայում հաշուի է առնուելու տուեալ ընտանիքի անդամների թիւը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.