ՀՅԴ-ում «Հայդուկ» ջոկատ գոյութիւն չունի, պատկերուածը անծանօթ դէմք է․ Դաշնակցութիւնը հերքում է

ՀՅԴ-ն «Հայդուկ» ջոկատ երբևէ չի ունեցել, դա սուտ տեղեկատուութիւն է՝ հետին նպատակներ հետապնդող, այդպիսի բան գոյութիւն չունի՝ Yerkir.am-ին վստահեցրեց ՀՅԴ «Կամաւորական շարժում» գումարտակի շտաբի պետ, պահեստազօրի գնդապետ Արտաշէս Մխիթարեանը։

Սուտ ինֆորմացիան՝ իբրև թէ ԱԱԾ-ն դաւաճանութեան մեղադրանքով կալանաւորել է դաշնակցական «Հայդուկ» ջոկատի հրամանատար Սամոյին, մի քանի օր է համացանցում ակտիւ տարածում է Լևոն Տէր-Պետրոսեանի աջակից ակտիւիստ Վարդան Յարութիւնեանը։  Նա նաև նշում է, իբր Սամոյի շտաբը եղել է ՀՅԴ «Արամ Մանուկեան» կենտրոնում, ինչը ևս Արտաշէս Մխիթարեանը կտրուկ հերքեց։ Նա երբևէ չի տեսել նկարում պատկերուած մարդուն՝ անծանօթ դէմք է։

«Ընդհանրապէս «Հայդուկ» ջոկատ գոյութիւն չի ունեցել, նաև Արամ Մանուկեան կենտրոնում, մեզ հետ կապը բացառուած է։ Այդ լուսանկարում պատկերուածն անծանօթ դէմք է, չեմ ճանաչում»,-ասաց Արտաշէս Մխիթարեանը։

Այս սուտը տարածող Վարդան Յարութիւնեանը Ազատութեան հրապարակում Հրանտ Մարգարեանի վրայ յարձակուողներից մէկն էր՝ Սուլթան Համիդին ճիշտ համարող,  Թուրքիայի պետական շահերի համար խիստ մտահոգ, «խաղաղարար», Լևոն Տէր-Պետրոսեանի աջակիցը։ ՀԱԿ-ի 2016 թ-ի համագումարում նրա լուսանկարը երևում է Լևոն Տէր-Պետրոսեանի թիկունքում։ Նա ֆէյսբուքում տարածել է նաև ջահերով երթի ժամանակ Թուրքիայի այրուող դրօշի պատկերն ու Ոստիկանութեանը հաղորդում ներկայացրել առերևոյթ յանցագործութեան մասին, ինչպէս նաև գրառում արել՝ «Աբդուլ Համիդը ճիշտ էր, դաշնակները սխալուեցին»։ Այս երիտասարդը նաև  իր լուսանկարն է տարածել՝ ձեռքին ցուցանակ «ապագան խաղաղութեանն է» գրութեամբ։

Վարդան Յարութիւնեանը ակնյայտօրէն հակադաշնակցական քաղաքական գիծ է տանում, բայց անգամ այդ պարագայում անհասկանալի է նրա բարոյական նկարագրի խեղուածութիւնը, որով հարիւր հազարաւոր անմեղ հայերի կոտորածը կազմակերպած Աբդուլ Համիդին համարում է ճիշտ։ Նրա գրառումները նաև ակնյայտ զրպարտութիւն են, որով պէտք է զբաղուեն իրաւապահները։

 

Աննա Բալեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.