Շրջանառութիւնից հանել կամ արմատապէս վերանայել «Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին» օրէնքի նախագիծը. ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն իրենց պահանջների վերաբերեալ յայտարարութիւն են տարածել, որում, մասնաւորապէս, նշւում է.

«Վերահաստատելով յանուն առաջադէմ եւ ազգային արժեհամակարգի վրայ հիմնուած հասարակութիւն ունենալու պայքարում մեր վճռականութիւնը՝ ստորեւ ներկայացնում ենք մեր պահանջները.

1․ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետութիւն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարութիւնների մշակում եւ հրապարակում։

2․ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի ոլորտների պետական ֆինանսաւորման էական աւելացում։

Առաջիկայ տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթութեանը յատկացուող միջոցների ծաւալի մեծացումը` այնպէս, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտութեան պարագայում այդ թիւը պէտք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմութիւն» առարկաների` ԲՈՒՀ-երում դասաւանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

«Հայոց լեզու» առարկայի դասաւանդման շրջանակներում պէտք է ձեռք բերուեն հիմնաւոր գիտելիքներ, որոնք թոյլ կը տան ԲՈՒՀ-ի շրջանաւարտներին՝ տիրապետել մասնագիտական տերմինաբանութեանը։ «Հայոց պատմութիւն» առարկայի պարագայում ուսանողների շրջանում պէտք է ձեւաւորել քննական մտածողութիւն եւ սեփական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների խորքային ընկալում։

4․Ապահովելով «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի պարտադիր դասաւանդումը դպրոցներում՝ ուշադրութիւն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնութեան անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական եկեղեցու էութեան ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամէտ եւ հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառութիւնից հանել կամ արմատապէս վերանայել Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին օրէնքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատութեան եւ կառավարման ինքնավարութեանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պէտք է ունենայ ապահովելու ԲՈՒՀ-գիտութիւն-աշխատաշուկայ կապը:

Նախագծում պէտք է որոշակի լինի նաեւ գիտութեան զարգացման գործում Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի դերը:

  1. Այս փոփոխութիւնների կարեւորութիւնը անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտօնեայ պէտք է օր առաջ ազատուի զբաղեցրած պաշտօնից:

Մեր գործողութիւնները շարունակելու են բխել վերը նշուած պահանջների կեանքի կոչման հրամայականի տրամաբանութիւնից»:

ՀՅԴ ՀԵՄ

Leave a Comment

You must be logged in to post a comment.