ՀՅԴ Հայ դատի կեդրոնական խորհրդի յայտարարութիւնը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազեանի հնչեցրած դիրքորոշման վերաբերեալ

2021 թուականի փետրուարի 10-ին, Ազգային Ժողով-կառավարութիւն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է յայտարարութիւններ, որոնք Հայ դատի կեդրոնական խորհրդի մօտ լուրջ մտահոգութիւնների տեղիք են տուել։

Մասնաւորապէս, նախարարը յայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրութեան ճնշման ներքոյ հետզհետէ պէտք է վերադառնայ բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խօսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկայ Հայաստանի հանդէպ կիրառելու շրջափակում։ Ինչպէս գիտէք շրջափակումը և սահմանների փակուելը թուրքական կողմը պայմանաւորում էր Արցախում ստատուս-քոյի հետ, որը փոխուել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղութեամբ։ Այս պահի դրութեամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիւանագիտութիւնը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնայ նպաստաւոր մթնոլորտ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգութեան մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։

Խիստ խնդրահարոյց այս յայտարարութիւնից ուղղակիօրէն կարող են բխել հետևեալ հաստատումները.

1) Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պատրաստւում է համակերպուել Արցախի Հանրապետութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևաւորուած ստատուս քոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազաւթմանը, բնակչութեան տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Այս դէպքում Հայաստանի կառավարութիւնն, ըստ էութեան, հրաժարւում է Արցախի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորի իր պարտականութիւններից։

2) Հայաստանի կառավարութիւնը փաստօրէն հաւատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների ոլորտում ղարաբաղեան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկայ։ Մասնաւորապէս հիմնաւոր կասկած է ձևաւորւում առ այն, որ Հայաստանի կառավարութիւնը պատրաստւում է մոռացութեան մատնել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման քաղաքականութիւնը, ինչպէս նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչուող խնդիրները։

Անհասկանալի է, թե ինչպէս է ՀՀ կառավարութիւնը պատկերացնում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը, երբ ընդամէնն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար և անթաքոյց աջակցութեամբ մեր հայրենիքի մի հատուածի նկատմամբ կիրառուել է ագրեսիա՝ զուգորդուած պատերազմական յանցագործութիւններով։ Ընդ որում Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչը Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարի մասին խօսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մօտակայքում իրականացւում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զօրավարժութիւններ, որոնք համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդէպ հաւակնութիւններ արտայայտող յայտարարութիւններին։

Նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների հետ սկզբունքային հակադրութիւնների պայմաններում ՀՅ Դաշնակցութեան Հայ դատի համաշխարհային ցանցը ոչ միայն քայլ անգամ չնահանջեց Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների շահերի պաշտպանութեան դիրքերից, այլև շարունակում է սերտ փոխգործակցութիւնը տարբեր պետութիւններում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպութիւններում գործող ՀՀ ներկայացուցչութիւնների հետ։

Նախարարի երէկուայ յայտարարութիւնը, սակայն, սպառնում է գաղափարական լրջագոյն հակասութիւն ստեղծել տասնեակ երկրներում և բազմաթիւ կազմակերպութիւններում հանրային դիւանագիտութեան գործիքակազմով Հայաստանի շահերը պաշտպանող Հայ դատի ցանցի և հայրենի պետութեան Արտաքին գործերի նախարարութեան միջև։

Խնդիրն այն է, որ Թուրքիան չի հրաժարուել Հայաստանի Հանրապետութեան հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու և ՀՀ-ի ցամաքային շրջափակումը հանելու դիմաց երեսուն տարուց ի վեր առաջ քաշած իր միւս նախապայմաններից՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի և Հայաստան-Թուրքիա իրաւական սահմանի հարցերում ՀՀ կողմից զիջումների պահանջից։ Թուրքիան պահպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը, ինչը դրսևորուեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմում Թուրքիայի բացայայտ մասնակցութեամբ և շարունակւում է Թուրքիայի իշխանութիւնների կողմից Թուրքիայի ներսում և այդ երկրից դուրս կիրառուող հակահայ քայլերով։ Մինչև Թուրքիան հիմնովին չփոխի իր հակահայ քաղաքականութիւնը, վերջինիս հետ ՀՀ-ի կողմից երկխօսութեան ցանկացած փորձ Թուրքիայի կողմից օգտագործուելու է իր վերոնշեալ նպատակների իրականացման համար։ Յատկապէս Հայոց ցեղասպանութեան տարելիցի նախօրէին՝ Թուրքիայի համար այն կլինի շահարկման ընձեռուած հնարաւորութիւն։

Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանութեան յանցաւոր անպատրաստութիւնը և Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողութիւնը այլևս վաղուց նորութիւն չեն։ Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռևս ամբողջովին չքանդուած ինստիտուտներից մէկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը կը ցուցաբերի զգօնութիւն չտրուելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականութեանը։ Հայաստանի, ներառեալ Արցախի, անվտանգութեան ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխութիւնն է, ինչը միայն կարող է սկսուել երկիրը պարտութեան առաջնորդած և ՀՀ վարչապետի պաշտօնից կառչած անձնաւորութեան հեռացումով։ Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խօսել, ծրագրել և գործել այնպէս, որպէսզի. «մեր անմիջական շրջապատը դառնայ նպաստաւոր մթնոլորտ Հայաստանի անվտանգութեան ամրապնդման համար»։

ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհուրդ
11.02.2021թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.