ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական խորհրդի յայտարարութիւնը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների յայտարարութիւնների առիթով

– Թուրքիան շարունակում է բացայայտ թշնամական քաղաքականութիւն վարել Հայաստանի ու համայն հայութեան նկատմամբ

– Թուրքիան մեզ դիտում է իբրեւ թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծաւալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարւում մեր պատմական յիշողութիւնից

– Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանութեան պահանջատիրութեան քաղաքականութիւնից եւ ղարաբաղեան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլացիոն իշխանութիւնները։

– Եթէ իշխանութիւնները տուրք տան թրքական պահանջներին եւ փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մէջ, միեւնոյնն է մեր ժողովուրդը երբեք դա թոյլ չի տալու

Դեռեւս 2021թ. փետրուարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ արտգործնախարար Արա Այվազեանի յայտարարութիւնից յետոյ, ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհուրդը յայտարարութեամբ մատնանշեց գործող իշխանութիւնների վտանգաւոր մօտեցումները Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների վերաբերեալ:

Ըստ այդմ, կարծիք էր յայտնուել, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը նախ՝ պատրաստւում է համակերպուել Արցախի Հանրապետութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետեւանքով ձեւաւորուած ստատուս քոյի հետ, ինչպէս նաեւ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազաւթմանը, բնակչութեան տեղահանմանն ու էթնիկ զտումներին։

Երկրորդ` Հայաստանի կառավարութիւնը փաստօրէն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների ոլորտում ղարաբաղեան հիմնախնդրից բացի, որեւէ այլ կնճռոտ հարց գոյութիւն չունի եւ իշխանութիւնները պատրաստւում են մոռացութեան մատնել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման հարցի հետապնդման քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչուող խնդիրները։

Արդէն մարտի 16-ին, ՀՅԴ Բիւրոն, հաշուի առնելով տարբեր պաշտօնեաների յայտարարութիւնները, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները եւ սեփական տեղեկութիւնները` լեգիտիմութիւնը կորցրած եւ հայրենիքի մի կարեւոր հատուած թշնամուն յանձնած ՀՀ իշխանութիւններին խստօրէն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մէջ, որոնք կարող են ենթադրել թրքական պետութեան 100-ամեայ նպատակների իրագործում։

Վերջին օրերի իրադարձութիւնները` մասնաւորապէս վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ ԱԺ փոխխօսնակի յայտարարութիւնները մէկ անգամ եւս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլացիոն իշխանութիւնները յստակ քաղաքականութիւն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ յարաբերութիւնների, այսպէս կոչուած, կարգաւորման համատեքստում, ինչը փաթեթաւորւում է տարածաշրջանային ենթակառուցուածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացութեան մատնել, մեր ժողովրդի պատմական անցեալը, հրաժարուել Հայոց ցեղասպանութեան ճանաչման միջազգային պահանջից, իրաւական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապէս հրաժարուել ղարաբաղեան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնումից ու կարգավիճակի հարցից եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքը մի քանի հնարաւոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թրքական երկու պետութիւններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Յատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանութիւնները` խօսելով տարածաշրջանային ենթակառուցուածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիօրէն ընդունում են, որպէս ղարաբաղեան հակամարտութեան կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապէս ղարաբաղեան հիմնախնդրի թրքահաճոյ կարգաւորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամեակներ տեւող թրքական պետական դիրքորոշմանը:

Հայաստանի վարչապետի պաշտօնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողութիւններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետեւանքային իրողութիւնների շուրջ։ Մինչդեռ ակնյայտ է, որ հայութեան դիրքորոշումը հետեւանք է ոչ թէ հայ եւ թուրք ժողովուրդների համահաւասար պատմական դիմակայութեան, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դէմ կազմակերպուած բնաջնջման եւ զանգուածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականութիւնը պայմանաւորուած է, ոչ թէ հայութեան կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիքական հաշուեյարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպէս շարունակութիւն իր նախորդների հակահայ դարաւոր քաղաքականութեանը՝ նոյն համաթրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խօսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրեւ թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծաւալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարւում մեր պատմական յիշողութիւնից, ինքնութիւնից ինչպէս եւ նախընթաց ժամանակահատուածում արժանապատիւ կեցուածք ենք դրսեւորել։

Չափազանց ցաւալի է, որ ակներեւ այս ճշմարտութիւնները, որոնք շօշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգութիւնը եւ բաց նեարդը, ստիպուած ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացայայտ թշնամական քաղաքականութիւն վարել Հայաստանի Հանրապետութեան ու համայն հայութեան նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսեւորումը ղարաբաղեան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թրքական զինուժի բացայայտ եւ լայնածաւալ ներգրաւումն էր։

Հայաստանի իշխանութիւնները սկսել են ժողովրդի գիտակցութիւնը մանիպուլացիայի ենթարկել նաեւ տարածաշրջանային խաղաղութեան եւ համակեցութեան մասին անհիմն ու սին խօսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տեւական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղութեան կայուն երաշխաւորը. խաղաղութիւնը տարածաշրջանում խախտուել է մեր հանդէպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում, հետեւապէս Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պէտք է խաղաղութիւն քարոզել։ Մեր ժողովուրդը ամէնից լաւը գիտի խաղաղութեան գինը, բայց իր պատմութեան հրամայականով գիտի նաեւ, որ անարժանապատիւ խաղաղութիւնը միայն ճանապարհ է բացում ապագայի արիւնալի պատերազմների համար։

Այսպէս կոչուած խաղաղութեան կեղծ քարոզը Հայաստանի իշխանութիւնները անամօթաբար շարունակում են նոյնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաները բացայայտ հաւակնութիւններ են դրսեւորում Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հայ-թրքական սահմանի ճակատագրին, ապա պէտք է հաշուի առնել, որ սահմանը անօրինական կերպով եւ որպէս թշնամական գործողութիւն փակուել է հենց թրքական պետութեան կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որեւէ դերակատարութիւն չի ունեցել, հետեւապէս սահմանի բացման գործում առաջին քայլը պէտք է անի հենց թրքական պետութիւնը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանութեան պահանջատիրութեան քաղաքականութիւնից եւ ղարաբաղեան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլացիոն իշխանութիւնները։

Վերջիններիս անգամ եւս զգուշացնում ենք՝ Հայոց Ցեղասպանութեան հարցը ուրացող եւ ղարաբաղեան հիմնախնդրից փաստացիօրէն հրաժարուող իշխանութիւնը Հայաստանում դատապարտուած է։ Դատապարտուած է, այդ քաղաքականութիւնն առհասարակ եւ եթէ իշխանութիւնները տուրք տան թրքական պահանջներին եւ փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մէջ, միեւնոյնն է մեր ժողովուրդը երբեք դա թոյլ չի տալու, իսկ որպէս հետեւանք՝ Հայոց պատմութեան տարեգրութեան մէջ ունենալու ենք թրքահաճոյ եւ դաւաճանի պիտակ կրող իշխանութեան մասին տխրահռչակ էջեր։

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութեան եւ ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանութիւնը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանութիւնները անմիջապէս հեռանան ասպարէզից եւ ազգային ուղղուածութեամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգաւոր վիճակից հանելու բեռը։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2021 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.