ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի յայտարարութիւնը
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի յայտարարութիւնը
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը դատապարտում է որոշ օտարերկրեայ դեսպանների եւ դիւանագէտների այցը Ադրբեջանի կողմից օկուպացոուած Շուշի։
Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպոուած քարոզչական այցելութեանը միանալու դիւանագէտների ցաւալի որոշումը ընդամէնը մի քանի ամիս առաջ Շուշիի եւ ընդհանրապէս, Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ նոյն աւտորիտար եւ յանցաւոր ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացուած ռազմական յանցագործութիւնների հաստատման ու օրինականացման դատապարտելի գործողութիւն է:
44-օրեայ պատերազմի ընթացքում Թուրքիայի զանգուածային աջակցութեամբ եւ սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, Ադրբեջանի զինուած ուժերը միտումնաւոր ոչնչացնում էին Շուշիի քաղաքացիական ենթակառուցուածքներըը եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի գլխաւոր տաճարը: Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծուած աղէտալի պատերազմի արդիւնքում՝ Շուշի քաղաքի դարաւոր պատմութեան մէջ առաջին անգամ քաղաքում լիակատար էթնիկ զտում է իրականացւել եւ քաղաքը լիովին դատարկւել է հայ բնակչութիւնից: Պատերազմի աւարտից յետոյ Ադրբեջանի նախագահը հրապարակաւ եւ հպարտօրէն յայտարարեց, որ իրենք «շների պէս դուրս են շպրտել հայ բնակչութեանը»:
Անխօս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանների այս ուղեւորութեանը չմիանալը յստակ ուղերձ է, որ Արցախեան հակամարտութիւնը դեռեւս լուծուած չէ: Իրականում, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնական սկզբունքներից երկուսը՝ ուժի չկիրառումը եւ ժողովուրդների ինքնորոշման եւ հաւասարութեան իրաւունքը, Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պատերազմի ընթացքում բացայայտօրէն խախտուել են:
Ցաւալի է, որ Շուշի այցելած դիւանագէտները չնախընտրեցին հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների օրինակին: Ընդունելով հրաւէրը՝ նրանք դարձան Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քարոզչական արշաւի մաս: Աւելին, դրանով նրանք հարուած հասցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ջանքերին` Արցախի հակամարտութեան տեւական, խաղաղ եւ արդար լուծում որոնելու ուղղութեամբ: Բացի այդ, այդ դիւանագէտները լիովին անտեսել են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել եւ խոշտանգել աւելի քան 200 հայ ռազմագերու՝ օգտագործելով նրանց որպէս քաղաքական առեւտրի գործիք, ինչը խախտում է 2020 թ. նոյեմբերի հրադադարի եռակողմ յայտարարութիւնը։ Այն ստորագրուած է Ադրբեջանի նախագահի կողմից եւ նախատեսում է բոլոր գերիների եւ ռազմագերիների վերադարձ:
Աւելին, Ադրբեջանը շարունակում է հրաժարուել միջազգային կազմակերպութիւնների, օրինակ ԵՈՒՆԵՍԿՕ-ի, մուտքի թոյլտուութիւն տրամադրել Արցախի հայկական ճարտարապետական եւ կրօնական յուշարձաններ: Վերջին ամիսներին ի յայտ են եկել այդ կրօնական յուշարձանների պղծման եւ նոյնիսկ ամբողջական ոչնչացման փաստեր: Բացի այդ, 2021 թուականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակը ոտնձգութիւն է իրականացրել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ` Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերում եւ առեւանգել հայ զինծառայողների ։
Շատ ցաւալի է տեսնել, թէ ինչպէս է դիւանագիտութիւնը, մասնաւորապէս այն երկրներում, որոնք շեշտում են, թէ կարեւորում են մարդու իրաւունքները եւ էթիկան, վերածւում աւտորիտար մի երկրի դուդուկի տակ պարելու տգեղ դրսեւորման։ Մի երկրի, որը Եւրոպայում առաւել յայտնի է բարդ կոռուպցիոն մեխանիզմներ ստեղծելով, ինչպիսիք են «ադրբեջանական լուացքատունը» եւ բնիկ հայ բնակչութեան դէմ վարձու ահաբեկիչների միջոցով պատերազմ սանձազերծելը։ Որպէս եւրոպական քացաքացիական հասարակութեան կազմակերպութիւն, մենք կարծում ենք, որ դիւանագիտութիւնը աւելին է, քան սա, եւ որ դիւանագիտութեան հիմքում պէտք է լինեն արժանապատւութիւնն ու արդարութեան որոշակի զգացումը։
Մենք, անշուշտ, կը շարունակենք դրան ուղղուած մեր աշխատանքը:
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ