ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
Ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով ողջ իրաւապահ համակարգը լծուել է մէկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանութեանը։ Այս օրերին իրաւապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդութեան խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրաւաչափ գործողութիւնները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսութիւնն ու բռնաճնշումները։
Ոստիկանութեան այս դատապարտելի վարքագիծը դրսևորւում է թէ՛ մայրաքաղաքում, թէ՛ մարզերում, այն ուղղուած է հանրութեան մէջ վախի և ահաբեկութեան մթնոլորտ սերմանելուն։
Երէկ վաղ առաւօտեան անհիմն մեղադրանքով բերման են ենթարկուել «Դիմադրութիւն» շարժման Արմաւիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, խուզարկուել է ՀՅ Դաշնակցութեան Արմաւիրի գրասենեակը։
Յայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կառոյցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրութիւն» շարժման առաջին շարքերում է, և ապօրինի գործողութիւններով, ահաբեկչությամբ և մարդաորսութեամբ չէ՛ք յաջողի կասեցնել մեր պետականութեան համար մղուող աննահանջ պայքարը։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
07 մայիսի, 2022 թ