ՀՅԴ երիտասարդական միութիւններն Արցախի պատանիների կողքին են
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը ՀՅԴ աշխարհասփիւռ երիտասարդական միութիւնների աջակցութեամբ շարունակում է պատանեկան ճամբարների կազմակերպումն Արցախում:
2-րդ փուլով Մարտունիում նախաձեռնուել է ճամբար, որին մասնակցել է շուրջ 60 պատանի:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Թագուհի Խաչատրեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշեց, որ պատերազմից յետոյ յատկապէս Մարտունիում սա լաւ հնարաւորութիւն էր պատանիների համար, որպէսզի հետաքրքիր ձևով անցկացնեն իրենց ամառնային արձակուրդները:
«Քանի որ ամռան օրերին երեխաները հիմնականում չունեն ժամանցի համար վայրեր, մենք որոշեցինք ապահովել նրանց հետաքրքիր և դաստիարակչական ժամանցով»,-ասում է Թագուհի Խաչատրեանը:
Նրա խօսքով՝ այս պատանեկան ծրագրին ընդգրկուել են այն երեխաները, ովքեր դեռ նախորդ ճամբարից էին ցանկութիւն յայտնել մասնակցելու նմանատիպ ծրագրերի:
«Մեր վարիչների շնորհիւ նրանց օրը յագեցուած է անցնում տարաբնոյթ սպորտային և ինտելեկտուալ խաղերով, մրցոյթներով: Պատանիները ծանօթանում են նաև Հայոց պատմութեան ուշագրաւ դրուագներին, սովորում են ազգային երգ ու պար»,-նշում է Թագուհի Խաչատրեանը։
Ըստ նրա՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը բազմիցս յայտարարել է, որ յետպատերազմեան շրջանում զբաղուելու է Արցախցի փոքրիկների ժամանցային և դաստիարակչական ծրագրերի կազմակերպմամբ:
«Այս ծրագիրը շարունակութիւնն է այն ճամբարների, որոնք մեր ջանքերով արդեն իսկ իրականացուել են Արցախի բոլոր շրջաններում»,-տեղեկացնում է Թագուհի Խաչատրեանը:
2-րդ ճամբարը կազմակերպուել է Ասկերանի շրջանի Նորագիւղ համայնքում, որին մասնակցել են շուրջ 40 պատանի:
Թագուհի Խաչատրեանի խօսքով՝ առաջին ճամբարից յետոյ երեխաները բաւականին տպաւորուած են և անընդհատ կապի մէջ են իրենց վարիչների հետ:
«Պատանիներն անընդհատ հարցնում էին, թէ երբ ենք նորից կազմակերպելու պատանեկան ճամբար, ինչն էլ ստիպեց մեզ, որ 2-րդ անգամ ևս Նորագիւղում կազմակերպենք պատանեկան ճամբար»,-ասաց Թագուհի Խաչատրեանը:
Ինչպէս տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնից, 2-րդ փուլով անցկացուող ճամբարներում ընդգրկուած երեխաների թիւը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ այս անգամ տարիքային շեմ են կիրառել:
3-րդ և վերջին ճամբարը կազմակերպուել է Մարտակերտի շրջանի Վանք գիւղում, որին մասնակցում էին 30 պատանիներ:
«Վանք գիւղում կազմակերպուող ճամբարը ևս նորութիւն էր պատանիների համար: Այս տարի արդեն 2-րդ անգամ ենք կազմակերպում ճամբար, քանի որ առաձին փորձը յաջողուել էր, և պատանիները մեծ ոգևորութեամբ մասնակցեցին»,-մեզ հետ զրոյցում նշեց Թագուհի Խաչատրեանը:
Նա նաև յաւելեց, որ ճամբարները այսքանով չեն սահմանափակուելու և ապագայում ևս նախատեսում են կազմակերպել ճամբարներ Արցախի այլ համայնքներում:
«Մենք հետևողական ենք լինելու Արցախի պատանիների կեանքն աւելի գունաւոր և հետաքրքիր դարձնելու համար, յատկապէս՝ յետպատերազմեան շրջանում: Սա դաշնակցական երիտասարդի առաքելութիւններից մէկն է»,-եզրափակեց Թագուհի Խաչատրեանը