ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
- (0)

Սումկայիթեան ջարդերի 37-րդ տարելիցի եւ Պաքուում ընթացող դատավարութեան կապակցութեամբ
1988 թ․ Փետրուարն ազդարարեց ազգային զարթօնքի եւ նորագոյն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր եւ Արցախի Հանրապետութեան կերտումը։
Ի պատասխան արցախահայութեան սահմանադրական իրաւունքի իրացման խաղաղ պայքարի, Ատրպէյճանը՝ Խորհրդային իշխանութիւնների անտարբերութեան պայմաններում, 1988 թ․ Փետրուարի 27-ից 29-ը կազմակերպեց եւ իրականացրեց Սումկայիթ քաղաքի հայ ազգաբնակչութեան արիւնալի ջարդերը։ Սումկայիթին յաջորդեցին Պաքուում, Գանձակում, Շամխորում եւ այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու էթնիկ զտումը։
1988 թ․ Սումկայիթի հայկական ջարդերը, հարիւր հազարաւորների բռնի տեղահանումը, դրանց յաջորդած արցախեան առաջին եւ 44-օրեայ պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ատրպէյճանին բռնակցումը, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումն ու կեղծ դատավարութիւնն ի ցոյց են դնում տարածաշրջանում Ատրպէյճանի երկարաժամկէտ ռազմավարական նկրտումները։
Ատրպէյճանի հակահայ քաղաքականութիւնն այսօր բացայայտ դրսեւորւում է Պաքուում ընթացող դատավարութեան բեմականացմամբ, նաեւ այսպէս կոչուած «խաղաղութեան» պայմանագրի բանակցութիւնների գործընթացով, որի ակնյայտ նպատակը ոչ թէ միջազգային իրաւունքի եւ նորմերի վրայ խարսխուած խաղաղութեան հաստատումն է, այլ՝ հայկական պետականութեան փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործօնի վերացումը։
Սումկայիթի ջարդերի 37-րդ տարելիցի եւ Պաքուում շարունակուող դատավարական ֆարսի կապակցութեամբ ՀՅԴ Բիւրօն յայտարարում է.
- Դաշնակցութիւնը շարունակելու է հետամուտ լինել 1988 – 90 թթ. Ատրպէյճանի կողմից իրականացուած ցեղասպանական գործողութիւնների ճանաչման, դատապարտման եւ արդար հատուցման պահանջին։
- Սումկայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ատրպէյճանի կողմից իրականացրած ցեղասպանութեան զոհերի արդար փոխհատուցման եւ վերադարձի իրաւունքի պահանջը, ինչպէս նաեւ Պաքուում պատանդառուած բոլոր գերիների եւ պահուող անձանց անյապաղ ազատ արձակումը պէտք է հայ-ատրպէյճանական բանակցութիւնների օրակարգի մաս դառնան։
ՀՅԴ Բիւրօ
28-ը Փետրուարի 2025թ.