ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի հայրենիք մուտքի արգելքի մասին լուրը բողոքի ալիք է բարձրացրել
Մուրադ Փափազեանը դեռ մայիսի 28-ին բարձրաձայնել էր, որ Նիկոլ Փաշինեանը պայմանաւորուել, ապա, վերջին պահին հրաժարուել էր հանդիպել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս փաստը աղմուկ հանեց հասարակական-քաղաքական դաշտում: Շատ չանցած արգելուեց նաեւ Մուրադ Փափազեանի մուտքը հայրենիք:
Հայաստանի իշխանութիւնը փորձում է պառակտել նաեւ Սփիւռքը. ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի համոզումն է:
Որպէս վկայութիւն յիշեցնում է Զարեհ Սինանեանի՝ Եւրոպայում հայկական նոր կազմակերպութիւն ստեղծելու քայլը, Ֆրանսիայում գործող աւանդական Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդին զուգահեռ, որի համանախագահն է ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:
«Մուրադ Փափազեանի անցանկալի անձ ճանաչումը ոչ միայն անարգանք է երկար տարիներ Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի նուիրագործմանը լծուած ընկեր Մուրադի եւ իր կուսակցութեան հանդէպ, այլեւ բոլոր Սփիւռքահայերի դէմ ուղղուած թշնամական արարք»՝ յայտարարեց Դաշնակցութեան Միացեալ Թագաւորութեան կառոյցը: Նմանատիպ դատապարտող յայտարարութիւններ տարածեցին նաեւ Մերձաւոր Արեւելքի կառոյցները, Հայ դատի գրասենեակները:
Սիրիայի հայ դատի յանձնախումբը յիշեցրեց, որ Մուրադ Փափազեանի մուտքն արգելուած է նաեւ Թուրքիա եւ Ադրբեջան: ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը վստահ է՝ դաշնակցական գործչի մուտքի արգելքը կապ ունի Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման արեւմտեան ծրագրի ընթացքի հետ: Նա յիշեցրեց՝ ՀՅԴ-ն դէմ է եղել նախապայմանների գնով հարցի կարգաւորմանը, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան:
Փափազեանի մուտքն արգելելու հարցում թուրքական հետք տեսաւ նաեւ Իրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանը:
Թուրքական հետախուզական ծառայութիւնների կողմից վաղուց հետապնդուելու օրինակ բերեց ԱԺ դաշնակցական պատգամաւոր Գեղամ Մանուկեանը: Նա սոցիալական ցանցում մէջբերեց թուրքական գաղտնի ծառայութեան մասին գրքի դրուագը, որում յայտնի լրագրողը հրապարակել էր խիստ գաղտնի տեղեկանք՝ հայկական թիրախների՝ ակտիւ գործիչների դէմ կատարուած ու ծրագրուած յարձակումների մասին: Նրանց թւում էր Հանրի Փափազեանը՝ Մուրադ Փափազեանի հայրը: ՀՅԴ Բիւրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազեանին թուրքերը ցանկացել էին պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով՝ 1985 թուականին, ինչը կասեցուել էր Ֆրանսիայի իրաւապահների զգօնութեան շնորհիւ: Մուրադ Փափազեանի մուտքի արգելքը դատապարտող յայտարարութեամբ հանդէս եկաւ Ֆրանսահայ Կազմակերպութիւնների Խորհուրդը:
Դաշնակցական գործիչների դէմ հալածանքների շարքը սաստիկ զայրոյթ է պատճառել ՀՅԴ Յունաստանի կառոյցին: Արցախի, Կանադայի, Լիբանանի կոմիտէները եւս վրդովուած են. յայտարարութիւններով բարձրաձայնել են հազարաւոր հայրենակիցների մտահոգութիւնը. արդարութեան դէմ ինչպիսի՞ այլ ծայրայեղ ու քինախնդիր քայլերի կարող է դիմել Հայաստանի գործող իշխանութիւնը: Փափազեանի մուտքի արգելքը որակում են ժողովրդին թունաւորելու եւ Սփիւռքն ու հայրենիքը պառակտելու գործողութիւն: Նրան՝ Հայաստանում անցանկալի անձ համարելը յիշեցրել է Լեւոն Տէր-Պետրոսեանի նմանատիպ կեցուածքը 1990-ականներին, երբ Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանին:
Մանրամասները ներկայացնում է Լիլիթ Մանուկեանը