ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւնը

Յարգելի՛ հայրենակիցներ,

Ի գիտութիւն ընդունելով Արցախի Հանրապետութեան Կեդրոնական ընտրական յանձնաժողովի հաղորդագրութիւնը մարտի 31-ին կայացած համապետական ընտրութիւնների պաշտօնական արդիւնքների վերաբերեալ և վերլուծելով ընտրական գործընթացին առնչուող տուեալներն ու տեղեկութիւնները, արձանագրում ենք.

Ընտրութիւնները տեղի ունեցան օրէնքով սահմանուած կարգով, ժամկէտներում, մրցակցային, բայց անհաւասար պայմաններում, սակայն ընտրութիւններին նախորդած զարգացումները և քուէարկութեան ընթացքը համադրելի են 2005-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատաւոր երևոյթների հետ:

Հաշուի առնելով մեր Հանրապետութեան առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրաւէրները, գործադիր և օրէնսդիր իշխանութիւն ձևաւորելու անհրաժեշտութիւնը, ընդունում ենք ընտրութիւնների արդիւնքները՝ ակնկալելով, որ յանուն ազատ, անկախ և կայուն զարգացող Արցախի՝ իշխանութիւնները կանեն համարժէք հետևութիւններ, մասնաւորապէս կ՚ապահովեն արձանագրուած ընտրախախտումների անաչառ, համակողմանի քննութիւնը, իսկ առաջիկայում լրջօրէն կ՚անդրադառնան համակարգային փոփոխութիւնների սահմանադրական լուծումների մեր քաղաքական պահանջի իրագործման և ընտրական օրէնսգրքի բարեփոխման հարցերին:

Քարոզարշաւի ընթացքում անդրադարձել ենք հասարակութեանը յուզող հիմնախնդիրներին և ներկայացրել դրանց լուծման մեր պատկերացումները, տուրք չտալով ամբոխավարութեանը: Սակայն այս կամ այն պատճառով, ցաւօք, մեր խօսքը լայնօրէն չընկալուեց և խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում մեր կուսակցութիւնը ԱՀ Ազգային Ժողովում ներկայացուած կը լինի երեք պատգամաւորներով:

Մեր դիրքորոշումների հաստատուն հենքը՝ երկրի անվտանգութեանը, կայուն զարգացմանը, անհրաժեշտ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, սոցիալական արդարութեանը եւ օրէնքի գերակայութեան ապահովմանը միտուած աշխատանքներն են:

Շնորհակալութիւն ենք յայտնում ազատ ու գիտակցուած ընտրութիւն կատարած մեր բազմահազար հայրենակիցներին և այդ թւում՝ Հ.Յ. Դաշնակցութեան շուրջ համախմբուած ընտրապայքարի բոլոր մասնակիցներին:

Ապրիլի 14-ին նախատեսուած ԱՀ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլին կը մասնակցեն առաւելագոյն քուէ ստացած երկու թեկնածուները:

Մեկնելով մեր նախընտրական ծրագրի հիմնադրոյթներից և առկայ քաղաքական զարգացումներից՝ Հ.Յ. Դաշնակցութիւնը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մէկին:

Անկախ քաղաքական հայեացքներից, մեզ բոլորիս միաւորում է հայրենիքի բարօրութիւնն ու զարգացումն առաջ տանելու վճռականութիւնը:

ՀՅԴ Արցախի Կենդրոնական կոմիտե

09 ապրիլ, 2020 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.