ՀՀ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանցիներ չպէտք է լինեն. Թաթոյեանը` Որոտանիի մասին

ԵՐԵՒԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը յայտարարել է, որ եթէ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինուած ծառայողների անմիջական դիտարկման ներքոյ է, ապա բնակիչների անվտանգութեան և իրաւունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների հեռացումն է։ Թաթոյեանը գրառումն արել է Facebook-ի իր էջում։

Նրա խօսքով` բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, սահմանային ու մաքսային վերահսկողութեան հետևանքով մարդիկ զրկուել են Գորիս-Կապան ճանապարհով ազատ ու անվտանգ տեղաշարժուելու միջազգայնօրէն երաշխաւորուած իրաւունքից, այլընտրանքային շահագործուող ճանապարհն օբյեկտիւօրէն չի լուծում իրաւունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանութիւնների, նրանց զինուած ծառայողների անօրինական արարքներով։

Թաթոյեանը տեղեկացրել է, որ այսօր Գորիս համայնքի ղեկավարի պաշտօնակատար Արտեոմ Աղաջանեանի և անձնակազմի հետ միասին ուսումնասիրել են այս պահին շահագործուող այլընտրանքային միակ ճանապարհի դիտարկուող հատուածները։

Նրա խօսքով` Որոտան, Շուռնուխ և Բարձրաւան գիւղեր (նոյնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրաւունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթէ մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակուելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գիւղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գիւղերով, ապա հիմա այս գիւղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հէնց նպատակային գիւղեր այցելողները:

«Ուստի, անհրաժեշտ ելքը մէկն է՝ ադրբեջանական զինուած կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանութեամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպէտք է լինեն, պէտք է ստեղծուի անվտանգութեան ապառազմականացուած գօտի: Դա է ՀՀ բնակիչների իրաւունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջութեամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից»,–գրել է Թաթոյեանը:

Մարդու իրաւունքների պաշտպանը յատուկ զեկոյցներ կը ներկայացնի միջազգային համապատասխան կառոյցներին, ինչպէս նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ–ն այս օրերին աշխատանքային այցով Սիւնիքի մարզում էր։

Յիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակէտեր են տեղադրուել։

Դեռ նոյեմբերի 19-ին Արման Թաթոյեանն ընդգծել էր, որ Սիւնիքի մարզում Կապան–Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով 6 գիւղում անորոշութիւն է, սրուել են հումանիտար խնդիրները։

Leave a Comment

You must be logged in to post a comment.