ՀՀ-ի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութեան յուշագիրը փաստարկում է, որ ԼՂ-ի հայերը ունեն ներքին ինքնորոշման իրաւունք. Օսկանեան
- (0)
Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւնների վերաբերեալ յուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնուազն ներքին ինքնորոշման իրաւունք, եւ որ ընթացիկ բանակցութիւնները պէտք է ապահովեն այդ իրաւունքի իմաստալից եւ արդիւնաւէտ պաշտպանութիւնը: Այս մասին ֆէյսպուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը:
«Ուաշինկթոնում գտնուող հանրայայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատուական ընկերութիւնը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցութիւններում ներգրաւուած կողմերին իրաւաբանական օգնութիւն տրամադրելու, որը եւ աւելի քան երկու տասնեակ խաղաղութեան բանակցութիւններին ողջ աշխարհում իրաւաբանական աջակցութեան փորձ ունի, անցեալ շաբաթ, հրապարակել է յուշագիր Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւնների վերաբերեալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրայ:
Յուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնուազն ներքին ինքնորոշման իրաւունք, եւ որ ընթացիկ բանակցութիւնները պէտք է ապահովեն այդ իրաւունքի իմաստալից եւ արդիւնաւէտ պաշտպանութիւնը: Որպէս այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պէտք է յենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայ ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերեալ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ քննարկումներում:
Յուշագիրը եզրակացնում է, որ Ատրպէյճանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցութիւնների օրակարգում ներառուի, յստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրաւունքը շարունակաբար մերժւում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարաւորութեան դուռ է բացում՝ անջատում յանուն փրկութեան սկզբունքի միջոցով:
Կից՝ յուշագիրն ամբողջութեամբ՝ անգլերէնով եւ յուշագրի (Executive Summary)ի հայերէն թարգմանութիւնը.
յուշագրի նպատակը (Statement of Purpose)
Այս յուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնուազն ներքին ինքնորոշման իրաւունք, եւ որ ընթացիկ բանակցութիւնները պէտք է ապահովեն այդ իրաւունքի իմաստալից եւ արդիւնաւէտ պաշտպանութիւնը: Որպէս այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պէտք է յենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայ ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերեալ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ քննարկումներում:
Ընդգծենք, որ այս յուշագիրը չպէտք է մեկնաբանուի որպէս Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւնների կոնկրետ արդիւնքի ջատագովութիւն: Դա որոշելը բանակցող կողմերի ու նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւասութիւնն է:
Ամփոփագիր (Executive Summary)
Ներկայում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ու Ատրպէյճանի միջեւ հակամարտութիւնը լուծելու համար բանակցութիւններ են ընթանում, որոնք մի կողմից հիւրընկալում են Եւրամիութիւնն ու ԱՄՆ-նը, միւս կողմից՝ Ռուսաստանը:
Բանակցութիւնների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ատրպէյճանական պաշարման դադարեցում, 4) կալանաւորուած անձանց եւ ռազմագերիների ազատ արձակում ու անյայտ կորածների խնդրի հասցէագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութիւն եւ իրաւունքներ։
Մարդու իրաւունքների միջազգային սկզբունքներին համահունչ երկարատեւ խաղաղութիւն հաստատելու համար օրակարգում պէտք է ընդգրկուած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգութեան եւ իրաւունքների» քննարկումները՝ ինքնորոշման իրաւունքի համատեքստից եւ շրջանակից դուրս, ինչը նախատեսուած է ներկայիս օրակարգով, արժէք չունեն եւ պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրաւունքի իրացման համատեքստում։
Ինքնորոշման սկզբունքը յստակ ամրագրուած է Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութիւնում, ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի բազմաթիւ բանաձեւերում եւ միջազգային պայմանագրերում ու վերահաստատւում է Արդարադատութեան միջազգային դատարանի, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ ներպետական դատարանների տարբեր որոշումներում:
Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացուել ներքինից՝ աւելի մեծ պետութեան շրջանակում ինքնավարութեան միջոցով կամ արտաքինից՝ նոր պետութիւն ստեղծելու միջոցով։ Թէեւ տարբեր տեսակէտներ կան, թէ արտաքին ինքնորոշումն արդեօք ներառում է անջատում յանուն փրկութեան սկզբունքը, բայց որեւէ հակասութիւն չկայ, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:
Որպէսզի խումբն ունենայ իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիւ որոշելու իրաւունք՝ այն պէտք է ունենայ ինքնութեան կենտրոն, որը բաւարար է նրան որպէս ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դէպքում կան օբիեկտիւ եւ սուբիեկտիւ գործօնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրաւունքի իրացման համար:
Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնութիւն՝ որպէս Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապուած ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկուելով քաղաքական ոտնձգութեան՝ այս տարածքը Խորհրդային Միութեան ժամանակ ունեցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ այդ տարածքում իրականացրել է արդիւնաւէտ եւ օրինական կառավարում:
1991 թուականի Նոյեմբերին Ատրպէյճանի Գերագոյն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետեւ՝ 1991 թուականի Նոյեմբերի 23-ին Ատրպէյճանի նախագահ Այազ Մութալիպովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրէնքը: Բոլորովին վերջերս Ատրպէյճանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակաւ յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կը տրուի «զրօ կարգավիճակ»:
Ատրպէյճանը հայերի ինքնորոշման իրաւունքը ժխտելու երկար պատմութիւն ունի, եւ ամէն ինչ վկայում է այն մասին, որ առանց միջազգային հանրութեան հովանու ներքոյ բանակցուող համակողմանի եւ արդիւնաւէտ մեխանիզմների՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ միայն կը մերժուի այդ իրաւունքը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կը շարունակի ենթարկուել մարդու իրաւունքների կոպիտ խախտումների, այդ թուում՝ էթնիկ զտումների եւ բռնի տեղահանութեան։
Ատրպէյճանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցութիւնների օրակարգում ներառուի որպէս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագայ ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերեալ քննարկումների յենանիշ, յստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրաւունքը շարունակաբար մերժւում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարաւորութեան դուռ է բացում՝ անջատում յանուն փրկութեան սկզբունքի միջոցով», գրել է նա: