Հաւատում եմ ազգային մեր յաղթանակներին
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի ելոյթը Լիբանանում Յունուարի 31-ին տեղի ունեցած ՀՅԴ 134-ամեակի միջոցառմանը.
Գերհաշնորհ Սրբազան հայր,
hոգեւոր հայրեր,
սիրելի ընկերներ,
յարգելի հայրենակիցներ.
Այսօր հայկական սփիւռքի ամենակարեւոր կեդրոններից մէկում մենք տօնում ենք հայ իրականութեան ամենազդեցիկ կառոյցներից մէկի՝ Դաշնակցութեան 134-րդ ամեակը։
Վերջին տարիներին Լիբանանը եւ լիբանանահայութիւնը դիմագրաւում է քաղաքական, տնտեսական, անվտանգութեան մի շարք դժուարութիւններ: Վստահ եմ, որ դուք, ինչպէս մնացած պարագաներում, այս անգամ եւս պատուով կը յաղթահարէք բոլոր փորձութիւնները։
Նախորդ 35 տարիներին լիբանանահայութիւնը մշտապէս եղել է Հայաստանի եւ Արցախի կողքին՝ որպէս համասփիւռ ազգային կառոյցների կեդրոն, անգնահատելի ներդրում ունեցել հայկական ժառանգութեան պահպանման եւ զագմացման գործում։
Այստեղ են ապրել ու գործել Դաշնակցութեան մեծերից շատերը՝ Սիմոն Վրացեան, Նիկոլ Աղբալեան, Լեւոն Շանթ եւ մեր միւս ռահվիրաները։ Նրանք են վառ պահել Հայաստանի անկախութեան եւ պահանջատիրութեան գաղափարը, դպրոցով, մշակոյթով ամրապնդել հայկականութիւնը։ Պատիւ ու խոնարհում նրանց եւ մեծ պարտքի ու պատասխանատուութեան գիտակցում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր 134-ամեայ պատմութեան մէջ մենք շատ բան տեսանք, փայլուն յաղթանակներից մինչեւ ծանր պարտութիւններ, վերելքներից մինչեւ ցաւոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամեակ ձգուող ճանապարհին մեզ յաջողուեց պահպանել ամենակարեւորը՝ հայկական երազանքը։ Տեսլական, որ ամենամութ ժամանակներում փարոս դարձաւ աշխարհի տարբեր անկիւններում ապրող հայերի համար։
Երազանք, որ անօրինակ քաջութիւնների մղեց հայ ժողովրդի հազարաւոր զաւակների։
Ու այսօր մենք կանգնած ենք նոր հանգրուանի առջեւ. հայկական Արցախը դաւաճանուած է, Հայաստանի ինքնիշխանութիւնը՝ վտանգուած։
Սակայն միայն պարտութեամբ ու տարածքային կորուստներով չեն աւարտւում մեր մարտահրաւէրները։ Մեր նկատմամբ այսօր իրականացւում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնութեան ոչնչացման ծրագիր։
Այսօր մեզ պարտադրում են հաշտուել Արցախի բռնագրաւման հետ, ուրանալ Հայոց ցեղասպանութիւնը, հրաժարուել Անկախութեան հռչակագրից, փոխել ՀՀ Սահմանադրութիւնը, ջլատում են Սփիւռքը, մեր ակունքից փորձում են հանել Արարատը։
Եւ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք-ձեռքի տուած։
Նրանք, ովքեր չեն հաշտւում ստեղծուած իրավիճակի հետ, պայքարում են Հայաստանի վերականգնման եւ հզօրացման համար, պիտակաւորւում են որպէս ռեւանշիստներ կամ պատերազմական ուժեր։
Այս պայմաններում մենք կրկին պարտաւոր ենք ուժ ու կամք դրսեւորել, յոյսի եւ փարոսի դեր կատարել հինգհազարամեայ պատմութիւն ունեցող, Արցախ ազատագրած, յաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր յուսահատ եւ հաւատը վաղուայ հանդէպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցութիւնն է, եւ սա է Դաշնակցութեան այսօրուայ առաքելութիւնը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հենց այս ճանապարհին է, որ մենք առաջին հերթին հանդիպում ենք Հայաստանում իշխող խմբի հակազդեցութեանը։
Դաշնակցութեան եւ Հայաստանի գործող վարչախմբի հակադրութեան պատճառը անձնական չէ՝ խորքային, գաղափարական է։
Մենք պնդում ենք՝ նոր որակի ազգային պետութեան կառուցումն այլընտրանք չունի, նրանք ասում են, թէ մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու պաթոսային։
Մենք պնդում ենք՝ Հայաստանը պէտք է ոտքի կանգնի, հզօրանայ, չզիջելով իր ժողովրդի անժամացելի իրաւունքները, նրանք ասում են այդպէս հնարաւոր չէ։
Մենք պնդում ենք, որ մեր հայրենիքում իրաւունք եւ պատասխանատուութիւն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը, նրանք Հայաստանի քաղաքացուն հակադրում են Սփիւռքում ապրող հայի հետ։
Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետութիւն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնութիւնը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանուած են մեր ազգային կառոյցները, եւ իր առանձնայատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։
Մեր հենց այս նպատակների համար է, որ այսօր մենք ներքին եւ արտաքին թշնամական հարուածների թիրախում ենք։
Սակայն սա է դաշնակցականի ճակատագիրը, սա է մեր ուղին՝ լինել ամէնուր, որտեղ հայ մարդն է, անել ամէն ինչ հայկական շահը պաշտպանելու համար:
Դաշնակցութիւնը հայութեան դիմադրողականութիւնն է, որ ուզում են կոտրել։ Չի՛ ստացուելու, չե՛ն կարողանալու:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանում իշխող ուժը փորձում է հրաժարուել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից՝ առաջին հերթին անտեսելով Ցեղասպանութեան հետեւանքով ձեւաւորուած սփիւռքը, որը մէկ դար շարունակ պայքարել է իր իրաւունքներին վերատիրանալու համար։
Վստահեցնում եմ ձեզ, սա միայն իշխող վարչախմբի տեսակէտն է, ոչ երբեք հայ ժողովրդինը, ոչ Հայաստանում ապրող ձեր հայրենակիցներինը։
Այսօր Հայաստանի իշխանութիւնների կողմից Սփիւռք գործուղուող յանձնակատարները փորձում են իրականացնել Թուրքիայի եւ Ատրպէյճանի վաղեմի երազանքները՝ պառակտել հայկական Սփիւռքը, նուազեցնել աւանդական կառոյցների դերակատարութիւնը։
Նրանք Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի յանձնակատարները չեն, նրանք Սփիւռքի պառակտման յանձնակատարներ են, թշնամական օրակարգ սպասարկողներ։
Այսքանով հանդերձ, սիրելի՛ ներկաներ,
Մենք իրաւունք չունենք նեղանալ կամ հիասթափուել մեր հայրենիքից, ամենածանր պահին երես թեքել նրանից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածութեան կարիքը։ Երես թեքել Հայրենիքից, նշանակում է հրաժարուել ծնողից։ Իշխանութիւնները ժամանակաւոր են, մնայունը հայրենիքն է եւ պետութիւնը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Արցախը հայաթափուած է, եւ Պաքուում դատում են մեզանից իւրաքանչիւրին՝ այս դահլիճում ներկաներիս, Հայաստանում ու աշխարհի ցանկացած տեղում ապրող ամէն մի հայի։ Բաց ու պարզ ասում եմ՝ սա մեր ամօթն ու խայտառակութիւնն է։ Եւ եթէ պատիւ ու արժանապատուութիւն ունենք, պէտք է ազատուենք այս խայտառակութիւնից։ Պէտք է հեռացնենք Հայաստանն ու հայութիւնը այս կացութեան մատնած իշխանութեանը եւ ձեւաւորենք ազգային ու կարող իշխանութիւն։
Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հաւատալու, մեր ինքնավստահութիւնը նորոգելու, մեր միասնութիւնը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։
Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփիւռքի օրակարգեր։ Կայ մէկ ազգ, մէկ Հայրենիք, մէկ պայքար։
Հայաստանը միայն հայրենիքում ապրող եւ ՀՀ քաղաքացիութիւն ունեցող անձանց հայրենիքը չէ, Հայաստանը ողջ հայ ժողովրդի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակուելու վայրից եւ քաղաքացիութիւնից, նրանց, ովքեր Հայրենիքի նկատմամբ ունեն եւ իրաւունքներ եւ պարտականութիւններ։
Հայրենիքի պաշտպանութիւն. սա պէտք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պէտք է դառնայ համահայկական, պէտք է մտնի իւրաքանչիւր հայի տուն, եւ որին պէտք է զինուորագրուի իւրաքանչիւր հայ՝ անկախ աշխարհի որ ծայրում է ապրում։
Բոլոր տարաձայնութիւնները պէտք է մի կողմ դնել եւ լծուել այս նպատակի իրագործմանը։
Այս պարագայում է, որ յուսալքութիւնը, վհատութիւնը չի՛ կարող տեղ ունենալ մեր կեանքում, ուժերի գերլարումը, համահայկական զօրաշարժը եւ աննահանջ պայքարը պէտք է դառնայ մեր ապրելակերպը, որպէսզի ապրենք եւ ապրեցնենք։
Ուստի ՀՅԴ 134-ամեակը նշում ենք աննահանջ պայքարի, բոլոր ճակատներում աննահանջ կռիւ տալու խոստումով։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամէտ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։
ՀՅԴ պատմութիւնը չյանձնուելու, անխոնջ ու նուիրական պայքարի պատմութիւն է։ Մեր պատմութիւնը գրուել եւ գրւում է ոչ թէ խօսքերով, այլ գործով։
Որեմն ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ:
Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական եւ ուժեղ լինենք։ Դժուարութիւնները մարդու, ազգերի, պետութիւնների համար են։ Ուժ, պատիւ, հաւատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատուութիւնը, որ հզօր Հայաստան ու համախմբուած հայութիւն ունենանք, որ մեզ յարգեն ու մեզ հետ հաշուի նստեն։
Ա՛յս է իմ ուղերձը։ Ես դաշնակցական եմ եւ հաւատում եմ ազգային մեր յաղթանակներին։
Comments are closed.