Հաստատէք պետութիւնն ամրապնդելու և զարգացնելու համաժողովրդական կամքը. Դաւիթ Իշխանեան

Սիրելի արցախցիներ,

Նախընտրական քարոզարշաւը մօտենում է իր եզրագծին: Քարոզարշաւին հանրութեանն ենք ներկայացրել Դաշնակցութեան տեսակէտերը իրավիճակի և առկայ խնդիրների վերաբերեալ:

Աւաղ, յայտնի պատճառներով չենք հասցրել այցելել բոլոր բնակավայրերը: Հայցում եմ մեր ընտրողների ներողամտութիւնը: Նրանց հետ կը հանդիպենք այլ առիթներով:

Իմ հիմնական ասելիքը հակիրճ ամփոփելու համար հարկ եմ համարում ընդգծել, որ արցախեան նորօրեայ պայքարում բոլոր հիմնախնդիրները մենք յաղթահարել ենք միասնաբար՝ քայլ առ քայլ կերտելով մեր պետականութիւնը շարունակվող հակամարտութեան, քաղաքական բարդ գործընթացների և վտանգաւոր միտումների պայմաններում:

Այս հանգրվանում մեր առջև ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու և երկրի զարգացմանը նոր շունչ հաղորդելու առանցքային նախադրեալը համազգային ներուժի համախմբումն է և առաջնահերթութիւնների շուրջ քաղաքական համախոհութեան ձևաւորումը, որին և հետամուտ ենք:

Մեր երկրում անհրաժեշտ են այնպիսի փոփոխութիւններ, որոնք մեզ կ՚օգնեն բնականոն զարգանալ՝ ապահովելով կայունութիւն և առկայ բազմաբնոյթ խնդիրներին խելամիտ լուծումներ տալ՝ զերծ մնալով ցնցումներից:

Ժողովրդին յուզող հարցերին հանգամանօրէն անդրադարձել ենք ՀՅԴ նախընտրական ծրագրում, որն ունի ընդգծուած սոցիալական ուղղուածութիւն: Անելիքները շատ են անվտանգութեան և պաշտպանութեան, կրթութեան և գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի, առողջապահութեան և բնապահպանութեան, պետական կառավարման համակարգի, տնտեսական, հարկաբիւջետային և վերաբնակեցման, արտաքին և ներքին յարաբերութիւնների, զբօսաշրջութեան և այլ ուղղութիւններում:

2017 թուականին, երբ ընդունւում էր նոր Սահմանադրութիւն, մենք դէմ ենք արտայայտուել կառավարման ներկայ համակարգին, և համոզուած ենք, որ մեր երկրում արդււնաւէտ է խորհրդարանական կառավարման համակարգը: Սահմանադրական փոփոխութիւններով պէտք է ապահովուի օրէնսդիր, գործադիր և դատական իշխանութեան տարանջատումը, հակակշիռների և զսպումների կառուցակարգերի ներդրումը և հանրային վերահսկողութեան ընդլայնումը: Այսպիսի բարեփոխումները խթանիչ ազդակ կը դառնան պատասխանատուութեան բարձրացման, հասարակական առաջընթացի և պետականութեան ամրապնդման համար:

Տնտեսական զարգացման ընթացքն արագացնելու, ներդրումային իրավիճակը բարելաւելու և ներքին համերաշխութիւնն ամրացնելու գործում հանգուցային նշանակութիւն ունի ապօրինութիւնների, մենատիրութեան երևոյթների, կոռուպցիայի և հովանաւորչութեան դէմ պայքարի արդիւնաւէտ մեխանիզմների որդեգրումը, ինչը կ՚ընդլայնի նաև սոցիալական խնդիրների լուծման հնարաւորութիւնները;

Կարևոր է վերահսկողական գործառոյթ իրականացնող պետական մարմիններում ընդդիմութեան ազդեցիկ դերակատարութեան ապահովումը:



Սիրելի՛ հայրենակիցներ,

Անհրաժեշտ եմ համարում ուշադրութիւն հրաւիրել հետևեալ դիտարկումների և նկատառումների վրայ.

Համապետական այս ընտրութիւններին մասնակցում են աննախադէպ շատ թեկնածուներ և քաղաքական ուժեր, այդ թւում՝ նաև նոր ձևաւորուած, նորայայտ կուսակցութիւններ: Շատ հարցերում մենք կարող ենք տարակարծիք լինել, սակայն ընտրապայքարը չպէտք է մթագնի կենսական հարցերում համերաշխութեան գիտակցութիւնը, և բոլորս պէտք է ջանանք, որպէսզի քարոզարշաւն աւարտուի օրինականութեան, միմեանց և ընտրողների հանդէպ յարգանքի, առողջ բանավէճի և մրցակցութեան պայմաններում:

Մեր հասարակութեան ստուար մասն ապրում է հանապազօրեայ հոգսերը մի կերպ յոգալու մաշող պայքարում, ինչը լուրջ խնդիրների, բացթողումների և անելիքների մասին է խօսում: Պատահական չէ, որ նախագահի թեկնածուները և կուսակցութիւնները յատկապէս սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ բարելաւման խոստումներ են շռայլում, սակայն լոկ խոստումներով այդ հարցերը չեն լուծւում, իսկ երբեմն դրանք պարզապէս մնում են որպէս գայթակղութեան միջոց:
Մինչդեռ, համախոհութեան և ջանքերի համախմբման ճանապարհով հնարաւոր է իրական գործ կատարել՝ մեր երկրում աղքատութիւնը յաղթահարելու, ընդհանուր բարեկեցութիւնը բարձրացնելու, արդարութեան և միասնութեան հիմքերն ամրապնդելու և արդիւնքում՝ էական առաջընթաց ապահովելու ուղղութեամբ:

ՀՅԴ նախընտրական ծրագրում ներկայացրել ենք իրատես մօտեցումներ, որոնք ժողովրդի հաւանութեանն արժանանալու պարագայում պատրաստ ենք կեանքի կոչել՝ այդ գործընթացում ձևաւորելով հնարաւոր լայն համախոհութիւն:

Յարգելի հայրենակիցներ,

Արցախ աշխարհի ներկայի և ապագայի համար պատասխանատու ենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական համոզմունքներից, տեսակէտներից, սոցիալական վիճակից, զբաղմունքից և այլ հանգամանքներից:

Շատ կարևոր է, որ ազատ ու անկաշկանդ կամարտայայտությամբ իրացնենք օրինական իշխանութիւնների ձևաւորման երաշխաւորի մեր իրաւունքներն ու պարտականութիւնները՝ վերահաստատելով մեր ինքնիշխան պետութիւնն ամրապնդելու և զարգացնելու համաժողովրդական կամքը, միաժամանակ ընտրելով նախագահ և որոշելով քաղաքական ուժերի պատասխանատուութեան չափաբաժինը առաջիկայ տարիների համար:

Ընտրութիւնը քոնն է, հայրենակից:

Արցախի Հանրապետութեան նախագահի թեկնածու Դաւիթ Իշխանեան

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.