«Հայ-Թուրքական Արձանագրութիւնների Չեղարկումը Բոլորիս Յաղթանակն է, Մեր Երկրին Յաղթանակն է» Հաստատեց Հրանդ Մարգարեան

Անցեալ շաբաթավերջին Հանրային պատկերասփիւռի կայանի «Օրակարգից դուրս»  հաղորդաշարին հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ  Մարգարեանը, որուն հետ կատարուած հարցազրոյցին ամբողջութիւնը կը ներկայացնենք երկու մասով` երկու յաջորդական օրերու մեր թիւերով:

ՀԱՐՑՈՒՄ.- Երրորդ հանրապետութեան չորրորդ նախագահի ընտրութեան, հայ-թուրքական չեղարկուած արձանագրութիւնների, իշխանութեան ներսում առկայ խնդիրների եւ երկրում սպասուող փոփոխութիւնների մասին ենք այսօր զրուցելու ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին հետ:

Պարո՛ն Մարգարեան, վերջին երկու օրուայ ընթացքում երկու կարեւոր իրադարձութիւններ տեղի ունեցան մեր հասարակական-քաղաքական կեանքում` հայ-թուրքական արձանագրութիւնները չեղարկուեցին, այլեւս իրաւական ուժ չունեն, եւ առաջին անգամ երրորդ հանրապետութեան պատմութեան մէջ նախագահին ընտրեց երկրի խորհրդարանը: Ո՞ր հարցից սկսենք:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Կարծում եմ` ամենակարեւորն այն է, որ սահմանադրութիւնն ամբողջականութեամբ գործնական փուլ մտաւ: Կարծում եմ` սա է կարեւորը, որի հետ են կապուած մեր բոլոր յոյսերը, որ` Հայաստանը զարգացման մի նոր ուղի դուրս կը գայ, որ` մենք կը կարողանանք իսկապէս մեր երկրում եղած հարցերը, խնդիրները թօթափել եւ առաջ գնալ: Բայց, անվտանգութեան առումով, արձանագրութիւնները չեղեալ յայտարարելն էլ կարեւոր էր: Հոգեբանական, բարոյական առումով, չորրորդ նախագահի ընտրութիւնը նոյնպէս կարեւոր էր:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, երէկուանից ընկերային ցանցերում, ձեր կուսակիցների շրջանում, տօնական տրամադրութիւն է, միմեանց շնորհաւորում են: Դուք կարծում էք, որ արձանագրութիւնների չեղարկումը Դաշնակցութեա՞ն յաղթանակն է:

Հ. Մ.- Այդ արձանագրութիւնները պատճառ են դարձել, որ մեր սրտից շատ արիւն գնա, շատ մտահոգուենք, ընդվզենք: Բայց համարում եմ, որ բոլորիս յաղթանակն է, մեր երկրի յաղթանակն է: Վերջիվերջոյ, բոլորս հասանք այն եզրակացութեան, որ պէտք էր այդ արձանագրութիւնները չեղեալ յայտարարել: Չեմ ուզում աւելորդ համեստ լինել` մէկ անգամ եւս ապացուցուեց, որ Դաշնակցութիւնը ճիշդ էր մտածում եւ ճիշդ խնդիր էր դրել սեղանին: Դրա համար այսօր ես շատ ուրախ եմ: Ուրախ եմ նաեւ այն բանի համար, որ այս շատ կարեւոր հարցին մենք կարողացանք այնպիսի ընթացք տալ, որ մեր երկիրը ցնցումների չենթարկուի: Կարողացանք այնպիսի ընթացք տալ, որ մեզ հասցրեց արդիւնքի, ու բոլորս միասին նուաճենք ինքնասրբագրման այս հանգրուանը:

Հ.- Այդուհանդերձ, եկէք` մի բան յստակեցնենք: Արձանագրութիւնները, ամէն դէպքում, չեղարկուեցին, ոչ թէ որովհետեւ հակասում էին ներազգային շահին, այլ չեղարկուեցին, որովհետեւ Թուրքիան պատրաստ չէր: Եւ պաշտօնական մեկնաբանութիւնն էլ այդպիսին էր: Երէկ Անվտանգութեան խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ երբ գնում էինք այս քայլին, գիտէինք` երկու ելք է լինելու` դրական եւ բացասական: Եւ ըստ մեր կանխատեսումների, երկուսի դէպքում էլ շահելու ենք: Եթէ այս արձանագրութիւնները կեանքի կոչուէին երկու ժողովուրդների համար էլ օգտակար կը լինէր, եթէ կեանքի չկոչուէին, միջազգային հանրութիւնը եւս մէկ անգամ կը տեսնէր, որ Թուրքիան պատրաստ չէ:

Հ. Մ.- Անտեղի վիճաբանութիւնը ոչ մէկիս պէտք չէ: Այդ վիճաբանութիւնը ժամանակավրէպ է: Բայց որպէսզի ամէն ինչ ճիշդ լինի, մէկ անգամ գնահատենք ու գնանք առաջ: Սահմանադրական դատարանը, որը ո՛չ Դաշնակցութիւնն է, ո՛չ էլ իշխանութիւնը, այլ` մեր երկրի իրաւական իշխանութիւնը, ամենահետաքրքիր որոշումը կայացրեց: Սահմանադրական դատարանի որոշումն ասում էր` այս արձանագրութիւնից ընդունելի են մեզ համար միայն երկու կէտ` սահմանի բացում, եւ դիւանագիտական յարաբերութեան հաստատում: Սա` մի փաստ: Երկրորդ փաստը` ինքը` նախագահը, ասում է, որ եթէ պէտք է նորից ստորագրուի որեւէ պայմանագիր, այն այլեւս տարբեր պայմաններով պէտք է ստորագրուի: Ի՞նչ է դա նշանակում: Ճիշդ է, որ պայմանները փոխուել են, բայց հարցի էութիւնը չի փոխուել: Եթէ ասում է, որ տարբեր ձեւով կը ստորագրուի, նշանակում է, մեր մէջ է ինչ-որ փոփոխութիւն տեղի ունեցել: Այլեւս նոյն բնագրով, նոյն ձեւով մենք արձանագրութիւն չենք կազմի:

Հ.- Նշանակում է, որ մենք տասը տարի առաջուայ հանրապետութիւնը չե՞նք:

Հ. Մ.- Այո՛, բայց մենք ի՞նչ էինք ասում այն ժամանակ. ասում էինք, պէտք չէ զիջել այն իրաւունքները, որ սերունդներին է պատկանում: Ես չեմ ուզում վիճել, բայց Սահմանադրական դատարանը մի եզրակացութիւն է կայացրել, որով մենք ամբողջութեամբ բաւարարուած ենք, որովհետեւ մեր տեսակէտներն ամբողջութեամբ ճիշդ դուրս եկան Սահմանադրական դատարանի որոշումով: Այդ օրերի մեր կեցուածքը, արձանագրութիւնների ստորագրման պահը, նախագահի ելոյթը, Տէր Զօրում, յետոյ` Ուիլսընի գերեզմանի մօտ, տարբեր առիթներով ունեցած նրա այլ ելոյթները, էլ չեմ ասում` Ցեղասպանութեան 100-ամեակի հռչակագիրը, եկան ասելու, որ այդ արձանագրութիւնները գրուել են մէկ այլ մթնոլորտի մէջ, մէկ այլ տրամադրութեան մէջ` ի վնաս Հայաստանի եւ մեր սերունդների: Կրկնում եմ` այդ վէճը ժամանակավրէպ է եւ այդ վէճից մենք չենք շահելու, բայց ուզում եմ ասել, որ ճիշդ այս հարցերով է, որ Դաշնակցութիւնը յաջողութեան է հասել, որովհետեւ այն կռիւը, որ մենք տուեցինք, եւ այն արդիւնքը, որ մենք ստացանք, ապացուցեց, որ կռիւների մէջ նաեւ կռուի ձեւն էր ճիշդ: Ամենակարեւորը` կռիւը չվերածուեց առճակատման, ինքնասպանութեան, ներքին ցնցումների, եւ մենք տուեցինք հնարաւորութիւն` ինքնասրբագրման: Այսօր սրբագրուած ենք, եւ դրանով Հայաստանը յաջողել է: Դրանով մենք շահած ենք դուրս եկել, եւ սրան է, որ մենք այսօր ամենաբարձր գնահատականը պէտք է տանք: Եթէ այսօր իշխանութիւններն ուզում են ասել, որ, այո՛, եթէ տասը տարի առաջ հաստատուէր, մենք շահող կը լինէինք, եթէ չհաստատուէր դարձեալ շահող կը լինէինք, բայց այսօր պատրաստ չենք նոյն արձանագրութիւնները ստորագրելու, նշանակում է, որ մենք` բոլորս ենք շահել:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, եկէք` մի բան հասկանանք, յստակեցնենք մեր հանրութեան համար էլ: Ըստ Դաշնակցութեան, Թուրքիայի հետ յարաբերութիւններ պէտք է կարգաւորել յանուն Հայկական հարցի լուծմա՞ն, թէ՞ միայն այն դէպքում, երբ Հայկական հարցը լուծուած կը լինի:

Հ. Մ.- Առաջին օրուանից ասել ենք` մենք դէմ չենք սահմանների բացմանը, մենք դէմ չենք դիւանագիտական յարաբերութիւններին: Բայց դէմ ենք, որ բնականոն յարաբերութիւններ ունենալու համար մեր սերունդների իրաւունքից որեւէ բան զիջենք: Եթէ մենք այսօր չենք կարող Հայ դատի օրակարգը դարձնել օրուայ հարց, ապա դա չի նշանակում, որ պէտք է հրաժարուել այդ օրակարգից: Սրանք տարբեր բաներ են: Եթէ ես չեմ կարող այսօր մի խնդիր հետապնդել եւ արդիւնաւորել, դա չի նշանակում, որ պէտք է յայտարարեմ դրանից հրաժարուելու մասին: Պէտք է ասել, որ այսօր դա իմ օրակարգին մաս չի կազմում: Եւ դա` ոչ միայն այդ հարցում: Նման շատ հարցեր կան: Մենք պէտք է երկու հարցերի միջեւ տարբերութիւնը հասկանանք: Մենք չենք ասում, որ այն, ինչ հայ ժողովրդի իրաւունքն է, ապագան է, հեռանկարն է, հէնց այսօր, միաժամանակ, հէնց այս վայրկեանին պէտք է պահանջենք եւ սկսենք ամբողջ շնչով կռիւ տալ: Ո՛չ, մենք կ՛անենք այն, ինչը հնարաւոր է, եւ մեզ կարելի է անել այսօր: Չենք հրաժարուի այն բոլոր իրաւունքներից, որոնց տէրը մեր յաջորդ սերունդներն են: Մենք առաւելապաշտ չենք, որ ասենք` հէնց այս պահին պէտք է բոլոր ճակատներում կռիւ տանք: Ո՛չ, դա մեզ ոչ ոք չի պարտաւորեցնում, բայց նաեւ մեզ ոչ ոք չի կարող պարտաւորեցնել, որ յաջորդ սերունդների իրաւունքներից այսօր զիջենք:

Հ.- Ոչ ոք ոչինչ չի զիջել եւ հայկական կողմն այսօր ասում է` նոր պայմաններում պէտք է բանակցուի նոր փաստաթուղթ: Ինչպիսի՞ն պէտք է այն լինի, որ Դաշնակցութեան համար իտէալական լինի:

Հ. Մ.- Նոր փաստաթուղթը երկու կէտ պէտք է ունենայ` Թուրքիան պարտաւորւում է բացել այն սահմանները, որ փակել է, եւ ստեղծւում է Հայաստան-Թուրքիա դիւանագիտական փոխյարաբերութիւն:

Այն, ինչ որ Թուրքիան այսօր անում է, պէտք է ճիշդ հասկանանք: Թուրքիան սահմանները փակել է, որովհետեւ մենք Ազրպէյճանի հետ խնդիր ունենք: Թուրքիան պատերազմական գործողութեան մէջ է մտել Հայաստանի դէմ: Շրջափակումը պատերազմական գործողութիւն է: Անպայման հրասայլերը պէտք չէ գան, փակեն: Այդ պատերազմը Ղարաբաղի պատերազմն է, որի մէջ Թուրքիան կողմ է հանդիսանում: Կողմ է հանդիսանում եւ իր հերթին շրջափակել է Հայաստանը: Նախ դա պէտք է վերացնի Թուրքիան, նախ դրանից պէտք է հրաժարուի: Այդ սահմանները ինքը պէտք է բացի, որովհետեւ մենք չենք փակել, ինքն է փակել: Եւ դիւանագիտական յարաբերութիւններ պէտք է ստեղծուեն: Մեր ուզածն այսքանն է: Մնացածը հետագայի հարց է:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, եթէ շատ անկեղծ լինենք, այսօր հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը նրա՞նք պատրաստ չեն, թէ՞ մենք:

Հ. Մ.- Ես կարծում եմ` իրենք պատրաստ չեն, որովհետեւ իրենց շահը Ազրպէյճանին պաշտպանելն է:

Հ.- Մենք ամբողջութեամբ պատրա՞ստ ենք:

Հ. Մ.- Մենք չենք գիտակցում, որ նրանք կռուի մէջ են մեզ հետ: Մեզ տկարացնողը սա է: Մեզ տկարացնող հանգամանքն այն է, որ չենք գիտակցում, որ Թուրքիան Ազրպէյճանի հետ Հայաստանի դէմ կռուի մէջ է այնքանով, որքանով այսօրուայ աշխարհը իրեն թոյլ է տալիս: Եւ որովհետեւ այնքանով, որ աշխարհը իրեն թոյլ է տալիս, դա շրջափակման ձեւով է արտայայտւում: Հաւանաբար ուրիշ ժամանակներ եթէ լինէին, մենք լրիւ այլ իրավիճակի առաջ կը կանգնէինք: Մենք սա պէտք է գիտակցենք: Իսկ Թուրքիան սա գիտակցում է: Թուրքիան ոչ թէ հայ ժողովրդի տրամադրութիւնների պատճառով է, որ այս կեցուածքն է ընդունել, այլ որովհետեւ Ղարաբաղի հարցով նա պաշտպանում է Ազրպէյճանին:

Հ.- Հիմա ի վերջոյ ո՞վ է զսպելու, կոտրելու թուրքական ախորժակը, ժխտողականութիւնը:

Հ. Մ.- Մենք` մեր ամրութեամբ, մեր ստեղծագործական մտքով, մեր աշխատանքով, երկիրն աւելի լաւը դարձնելով, ժողովրդին իշխանութեան շուրջ համախմբելով: Աշխարհի գերուժերն էլ, եթէ ուզենան այս տարածքում մի որոշակի իրավիճակ ստեղծել, պէտք է այս տարածքի իրականութիւնը հաշուի առնեն: Այս իրականութիւնը պէտք է լինի հայկական համախմբուած իրականութիւնը: Այս իրականութիւնը պէտք է լինի պետութեան շուրջ համախմբուած ժողովուրդ, որն ապրում եւ ստեղծագործում է արդարութեան եւ ազատ մրցակցութեան պայմաններում: Մեր անվտանգութեան գլխաւոր երաշխիքը սա է:

Հ.- Երբ ասում են, որ այս տասը տարիների գործընթացից շահեցինք այնքանով, որ միջազգային հանրութիւնը եւս մէկ անգամ տեսաւ, համոզուեց, որ Թուրքիան է, որ պատրաստ չէ յարաբերութիւնների կարգաւորմանը, Դուք համամի՞տ էք այդ գնահատականներին:

Հ. Մ.- Այո՛: Այնպէս ստացուեց, որ այս տարին մենք շահեցինք: Բայց դա հարցի էութեան հետ կապ չունի: Գնդակը մնաց Թուրքիայի դաշտում: Դրա համար մենք շահեցինք, բայց դա չի նշանակում, որ արձանագրութիւնները ըստ էութեան լաւն էին, ճիշդ էին: Այդ երկուսն իրարից տարբեր են: Ստեղծուեց մի վիճակ, որ այդ վիճակից մենք շահող դուրս եկանք, թէպէտ վիճակը վտանգաւոր էր: Եթէ վտանգաւոր չլինէր, չեղեալ չէինք յայտարարի: Ես ուրախ եմ, որ չեղեալ ենք յայտարարել: Եւ ես ուրախ եմ նաեւ նախագահի համար, որ ինքն ունեցաւ քաջութիւն այս գործն անելու, եւ չգայթակղուեց ինչ-որ ժամանակաւոր առաւելութիւնների յոյսով: Դա իրականութիւն է, եւ դա ես չեմ կարող ժխտել:

Հ.- Ես վստահ եմ, որ մեր զրոյցից յետոյ աւելի է կարծրանալու մարդկանց մօտ այն մտածողութիւնը, թէ Դաշնակցութիւնը կտրականապէս դէմ է Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը, որքան էլ դուք բացատրէք, միեւնոյն է, այդ ընկալումը կայ, պարո՛ն Մարգարեան:

Հ. Մ.- Եթէ իմ բացատրելուց յետոյ դեռ շարունակելու է մնալ ընկալումը, թող մնայ, բայց մենք առնուազն այդ արձանագրութիւնների ստորագրման օրից սկսեալ մինչ օրս նոյն բանն ենք կրկնել. որ` մենք դէմ չենք սահմանների բացմանը, մենք դէմ չենք Թուրքիայի հետ յարաբերութիւններին, սակայն յանուն դրա` պատրաստ չենք որեւէ զիջում կատարել մեր ազգային իրաւունքներից:

Հ.- Պարո՛ն Մարգարեան, երրորդ հանրապետութեան չորրորդ նախագահին ընտրեց այսօր Ազգային ժողովը: Երէկուանից ոմանք այս օրը, այս իրադարձութիւնը պատմական են որակում: Նախ` ձեր գնահատականը:

Հ. Մ.- Ես էլ եմ ուրախ, ես էլ եմ շնորհաւորում չորրորդ նախագահի ընտրութեան փաստը: Ասեմ, որ այս ամէն ինչի մէջ ես ուրախ եմ, որ նախագահը, գործող նախագահը, թեկնածու ներկայացրեց մէկ անձի, որը կարող է արժեւորել այդ աթոռը: Դա մի առաւելութիւն է, որը պէտք է վերագրել Սերժ Սարգսեանին, որովհետեւ, եթէ մարդը չի վարանում ուժեղ մարդ բերելու, կարող մարդ բերելու, նշանակում է` ինքն է, որ քաջ է, ինքն է, որ իմաստուն է, ինքն է, որ ինքնավստահ է: Եւ դա մեր երկրի համար լաւ սկիզբ կը լինի, որ մենք հետագայում էլ ճիշդ մարդկանց բերենք նախագահի աստիճանին: Չբերենք, ներողութիւն արտայայտութեանս համար, խրտուիլակների, չբերենք մարդկանց, որոնք լինեն հետեւորդ, այլ բերենք մարդկանց, որոնք ունենան անձնական նկարագիր, ունենան գիտելիք, ունենան նաեւ ապագայի նկատմամբ տեսլական եւ փորձեն իրենց ունեցածով այս երկրին օգտակար լինել: Յուսով եմ, այն յոյսերը, որ կապուած են արդէն նախագահ Արմէն Սարգսեանի հետ, իրականանան, եւ նա յաջողի:

Հ.- Դուք պարբերաբար խօսում էք կառավարման նոր համակարգից բխող ներիշխանական յարաբերութիւնների մասին: Համակարգը փոխեցինք, մէկ տարուց աւել է` Հանրապետականի հետ քոալիսիոն գործընկերներ էք, հասցրե՞լ էք այս ընթացքում կռուել, նեղանալ իրարից` ինչի մասին մամուլը պարբերաբար գրում է:

Հ. Մ.- Ճիշդն ասած` չգիտեմ, ճի՞շդ է մեր դէպքում գործածել այդ բառը` նեղանալ: Տարակարծութիւններ ենք ունեցել, վիճել ենք, տարբեր տեսակէտներ ենք պաշտպանել, բայց դրանք կռուի, խռովութեան չեն վերածուել: Ասեմ, որ մենք գոհ ենք այս մէկ տարուայ համագործակցութիւնից, բայց ամբողջութեամբ բաւարարուած չենք: Նոր ենք ունեցել Բիւրօ-ԳՄ համատեղ նիստ, որտեղ գնահատել ենք այս մէկ տարուայ համագործակցութիւնը եւ այդտեղ ասել ենք, թէ ինչի՛ց ենք գոհ, ո՛ր հարցերն ենք գնահատում եւ ինչի՛ց ենք դժգոհ:

Հ.- Ա՛յ, դրան ուզում եմ անդրադառնալ:

Հ. Մ.- Վերջիվերջոյ մենք ընկերվարական կուսակցութիւն ենք, մեզ համար ընկերային արդարութիւնը հիմնական օրակարգ է: Ընկերային արդարութիւնը մեր հանրային օրակարգն է: Դա մեզ համար հիմնական հարց է: Կարծում եմ` նոր սահմանադրութեամբ իսկապէս Հայաստանի տնտեսական կարգը փոխուած է: Եթէ նախկին սահմանադրութեան մէջ ասւում էր` շուկայական տնտեսական կարգ, ապա այսօր նշւում է` ընկերային շուկայական կարգ: Ես նաեւ ուրախ եմ, որ նախագահը անցած շաբաթուայ վերջին, մէկ առիթով, երբ հանդիպել էր տնտեսական պատասխանատուների հետ, խօսեց` ասելով, որ տնտեսական աճը բաւարար չէ, պէտք է լինի նաեւ որակական աճ, ներդրումային աճ, այսինքն այդ աճը պէտք է ազդի ժողովրդի լայն շերտերի վրայ: Այդ աճը պէտք չէ լինի ինչ-որ ընտրանիի, ինչ-որ անձերի մակարդակով: Սա այն հարցն է, որ մենք արծարծում ենք: Սրանից բխող շատ ուրիշ բաներ կան, բայց հիմնականը սա է` ընկերային արդարութիւն: Եւ մենք չենք մտել իշխանութեան մէջ, որ ծափահարենք իրենց, չենք գնացել, որ հետեւորդի դեր կատարենք: Գնացել ենք, որ մեր չափով ազդենք: Իսկ եթէ մեր չափով պէտք է ազդենք, ուրեմն նաեւ պէտք է վիճենք, պէտք է մեր տեսակէտները բարձրաձայնենք, մեր տեսակէտների համար գիտակցութիւն ձեւաւորենք: Սա է մեր մասնակցութեան իմաստը: Սա մենք էլ գիտէինք, իրենք էլ, երբ համագործակցութեան յուշագիր էինք ստորագրում: Յուշագրի մէջ ասուած է, որ այն բոլոր հարցերը, որոնց շուրջ մենք չենք համաձայնում, իրաւունք ունենք հրապարակաւ բարձրաձայնելու:

(Շար. 1)

Leave a Comment

You must be logged in to post a comment.