Հայկազուն Ալվրցեանի «Համշէնը Եւ Համշէնահայութիւնը. Արդի Հիմնախնդիրները» Գրքի Վերաբերեալ
Նկարը՝ Հայկազուն Ալվրցեան
Վերջին տարիներին համայն հայութեան շրջանում նկատելի է պատմական Համշէնի եւ համշէնահայութեան խնդիրների նկատմամբ հետաքրքրութեան աճ: Չնայած սոյն թեմայի շուրջ նախորդիւ կատարուած աշխատանքներին` այնուամենայնիւ համշէնահայերի որոշ հիմնախնդիրներ դեռ կարօտ են ուսումնասիրութեան: Նկատի առնելով սփիւռքի եւ Հայաստանի հայութեանը խիստ հետաքրքրող սոյն թեմայի բազմաբովանդակութիւնը` 2016 թ. վերջերին Հայաստանի սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ Երեւանում լոյս տեսաւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կեդրոն գիտահետազօտական հիմնադրամի տնօրէն, հայագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալվրցեանի «Համշէնը եւ համշէնահայութիւնը. արդի հիմնախնդիրները» գիրքը («Էդիտ պրինտ» հրատարակչութիւն, 152 էջ):
Աշխատութեան մէջ ներկայացւում են Համշէնի եւ համշէնահայութեան համառօտ պատմութիւնը եւ արդի հիմնախնդիրները, որոնք կարող են հետաքրքրել ինչպէս մասնագէտներին, այնպէս էլ` ընթերցողների լայն շրջանակի: Գիրքը բաղկացած է ներածութիւնից, 5 գլուխներից, որոնք էլ իրենց հերթին բաժանուած են ենթագլուխների, եւ` վերջաբանից:
Ինչպէս ներածութեան մէջ իրաւամբ նկատում է հեղինակը, «Ազգային պետականութեան բացակայութեան պայմաններում ինքնութեան հիմնական ցուցիչ համարուող կրօնից, դաւանանքից եւ եկեղեցուց բռնի հեռացումը դարերի ընթացքում աւերիչ հետեւանքներ ունեցաւ հայ ժողովրդի այս հատուածի վրայ: Իսլամացուած հատուածը ոչ միայն հեռացաւ իր եկեղեցուց, այլեւ աստիճանաբար կորցրեց լեզուն, մշակոյթի, սովորոյթների եւ աւանդոյթների մի մասը»:
«Համշէնի իշխանութեան ձեւաւորումն ու վերելքը» վերնագիրը կրող առաջին գլխում հեղինակն անդրադառնում է նախքան 8-րդ դարը Պոնտոսում հայերի առկայութեան, 8-րդ հարիւրամեակում Հայաստանից դէպի Պոնտոս հայերի մեծ արտագաղթի, Բիւզանդական կայսրութեան կազմում Համշէնի իշխանութեան ստեղծման, 9-10-րդ դարերում Բագրատունիների թագաւորութեան, իսկ 13-15-րդ դարերում Տրապիզոնի կայսրութեան կազմում Համշէնի իշխանութեան գոյատեւման եւ հետագայում Համշէնի իշխանութեան անկման պատմութեանը:
«Օսմանեան կայսրութեան իսլամացման քաղաքականութիւնն ու Համշէնի պայքարը ինքնութեան պահպանման համար 15-19-րդ դարերում» վերնագրով երկրորդ գլխում հեղինակը Համշէնի հայութեան իսլամացման պատմութիւնը բաժանում է հետեւեալ 4 հիմնական փուլերի. առաջին փուլ` 16-րդ դարի վերջեր-1722 թ., երկրորդ փուլ` 1722 թ.-1838 թ., երրորդ փուլ` 1838 թ. մինչեւ 1915 թ. Հայոց ցեղասպանութիւնը, չորրորդ փուլ` 1915-1930-ական թթ.:
Հեղինակը նաեւ առանձին գլխում է անդրադառնում Մեծ եղեռնի տարիներին Համշէնի հայութեան վիճակին: «Հայոց ցեղասպանութիւնը եւ համշէնահայերը» վերնագրուած երրորդ գլխում նրա կողմից անդրադարձ է կատարւում 1915-1923 թթ. համշէնահայութեան զինուած պայքարին: Այս գլխում զետեղուած է նաեւ Տրապիզոնի հայութեան կոտորածների վերաբերեալ օսմանեան երկու կարեւոր փաստաթուղթ: Սոյն վաւերագրերից մէկը Կոստանդնուպոլսի ռազմական արտակարգ ատեանում 1919 թ. մարտի 26-ից մայիսի 20-ն իրականացուած` Տրապիզոնի տեղահանութեան ու կոտորածների դատավարութեան ամբաստանագիրն է, իսկ միւսը` նոյն դատաքննութեան արդիւնքում կայացուած դատավճիռը:
«Համշէնահայերի համայնքների ձեւաւորումը Ռուսական կայսրութիւնում եւ նրանց հետագայ վիճակը ԽՍՀՄ-ում» վերնագրով չորրորդ գլխում Հայկազուն Ալվրցեանը մանրամասն ներկայացնում է 19-րդ դարում քրիստոնեայ համշէնահայերի մի մասի` դէպի Ռուսական կայսրութիւն կատարած գաղթը, Ռուսաստանում ու Աբխազիայում առաջացած համշէնահայ համայնքների կրթական, մշակութային եւ եկեղեցական կեանքը: Առանձին ենթագլխում յատուկ անդրադարձ է կատարւում նաեւ Ռուսաստանում եւ Աբխազիայում հայութեան զանգուածային լրատուամիջոցներին:
Վերջին` հինգերորդ գլխում, որը կրում է «Տեղեկութիւններ կրօնափոխ համշէնցիների վերաբերեալ» վերնագիրը, հեղինակն անդրադառնում է ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան տարածքում ապրող իսլամացած համշէնահայերի կամ հէմշիլների բնակութեան վայրերին եւ ենթախմբերին, կրօնափոխ համշէնահայերի թուին եւ ներկայիս դրութեանը, վերլուծում է կրօնափոխ համշէնցիների ինքնութեան խնդիրը եւ ներկայացնում թուրքական պաշտօնական պատմագրութեան կողմից համշէնահայերի պատմութիւնը խեղաթիւրելու փորձերը:
«Վերջաբանի փոխարէն» վերնագրուած ամփոփման մէջ հեղինակը ներկայացնում է «Ակօս» շաբաթաթերթում լոյս տեսած` կրօնափոխ համշէնահայերի մասին երկու օսմանեան պաշտօնական փաստաթուղթ, որոնցում արձանագրւում է համշէնցիների հայկական ծագումը:
Կրօնափոխ համշէնցիներին առնչուող ամենաարդիական խնդիրը, թերեւս, ինքնութեան հարցն է, որի վերաբերեալ Հայկազուն Ալվրցեանը նշում է. «Համշէնցիների մէջ այս հարցում գոյութիւն ունի երեք հիմնական մօտեցում:
Առաջին տեսակէտի հետեւորդները ի սպառ ժխտում են իրենց հայկական անցեալը եւ պաշտպանում հէմշիլների օղուզ-թուրքական ծագումը: Այս տեսակէտի պաշտպանները ոչ թէ չգիտեն իրենց իրական ծագման մասին, այլ պարզապէս տարբեր պատճառներով չեն ուզում նոր խնդիրներ ունենալ: Նրանք իրենց ամբողջութեամբ համարում են թուրք-իսլամական մշակոյթի արդիւնք: Անգամ Ցեղասպանութեան տարիներին կամ դրանից յետոյ իսլամացած բազմաթիւ հայեր ուղղակի չեն ցանկանում վերյիշել իրենց հայկական անցեալի մասին, քանզի այն իրենց բերել է միայն դժբախտութիւն: Մի երկրում, ուր հայ կամ կեաւուր լինելը գրեթէ հաւասարեցւում է պետական դաւաճանութեան, նման կեցուածքը լիովին հասկանալի է:
Երկրորդ տեսակէտի կողմնակիցներն առաւել չափաւոր են, զգուշաւոր: Նրանք ընդունում են, որ իրենց նախնիները հայեր են եղել, բայց կարծում են, որ դա պատմութիւն է, որին անդրադառնալու անհրաժեշտութիւն այսօր չկայ: Այդ մտայնութիւնը բաւականին ընկալելի է ձեւակերպել Համշէնական մշակոյթի ուսումնասիրութեան եւ պահպանութեան «Հատիկ» միութեան ներկայացուցիչ Հիքմեթ Աքչիչէքը. «Թուրքիայում ապրող համշէնական համայնքի մի կարեւոր զանգուած, մերժելով իր հայկական արմատները, ցեղային տեսանկիւնից իրեն համարում է թուրք ժողովրդի մի մասը: Նրանց համար հայերը հնում հարեւան եղած, իսկ աւելի հազուադէպ էլ ամուսնութեան ճանապարհով բարեկամ դարձած մի հանրութիւն են: Իսլամացած հայեր լինելու գաղափարն ընդունող համշէնցիների համար էլ, որպէս պատմական, ընկերային եւ քաղաքական պայմանների անհրաժեշտ հետեւանք, այսօր հայկական ինքնութեան մասին խօսելը շատ իրատեսական չէ: Եւ հայկական ինքնութիւնն ընդունողների, եւ այն ժխտողների համար այսօր համշէնական ինքնութիւնն աւելի գերակայ է»:
Երրորդ տեսակէտի հետեւորդներն այն կարծիքին են, որ իրենց նախնիները եղել են հայ քրիստոնեաներ, որոնց բռնի կերպով իսլամացրել են: Որքան էլ իրենք շատ բան են կորցրել իրենց հայկական ինքնութիւնից, սակայն իրենց համարում են հայ` մահմետական հայ: Այս հարցում էլ ուշագրաւ է Մահիր Օզքանի տեսակէտը, որը բաւականին թարմ եւ ինքնատիպ մօտեցում է. «Չնայած կրօնական տարբերութիւններին` կան բազմաթիւ աւանդոյթներ, տօներ, նախաքրիստոնէական ժամանակից մնացած աղօթքներ, հաւատալիքներ եւ մշակութային տարրեր, որոնք համշէնական ու հայկական ինքնութիւնները բաւականին մերձեցնում են: Այս իրավիճակը մի կողմից` համշէնցի թուրքի ընկալման ազդեցութիւնն է նուազեցնում, միւս կողմից` յետ է մղում քրիստոնէութեան հետ նոյնականացուող հայկական ինքնութեան ընկալումը: Մէկը միւսից սկիզբ առնող այս գործընթացը համշէնցի թուրք կամ հայ տէօնմէ հասկացութեան փոխարէն` տարածում է մուսուլման հայի ընկալումը»: Յաճախ առիթ եմ ունեցել ինքնութեան հարցի շուրջ զրուցելու կրօնափոխ համշէնցիների հետ, որոնց մէջ ունեմ ընկերներ եւ բարեկամներ` երեք խմբերից էլ: Նրանցից ոմանք այն համոզմունքն ունեն, որ հայ հետազօտողները նրանց, իրենց կամքին հակառակ, հայ են համարում, այդ մասին գրում են, տարածում: Իմ այդ բարեկամներին ցանկանում եմ ասել հետեւեալը. Համշէնի եւ համշէնցիների հարցերով զբաղուող հայ հետազօտողների խնդիրը բոլորովին այլ է (խօսքս պարզունակ եւ անպատասխանատու վայ-քարոզիչների մասին չէ): Մենք ունեցել ենք մէկ ընդհանուր անցեալ, պատմական ինչ-ինչ հանգամանքներում կրօնական, մշակութային, լեզուական օտարացման պատճառով դադարել ենք իրար ճանաչել, բայց դա չի նշանակում, որ մեր ընդհանուր եւ նոյն պատմութեան շրջանը գոյութիւն չի ունեցել: Հայ հետազօտողները, ուսումնասիրելով այդ խնդիրները, ուսումնասիրում են հայ ժողովրդի այդ շրջանի պատմութեան մէկ հատուածը: Եթէ հետազօտութիւնները բերում-հասցնում են մեր օրերը, դա էլ է օրինաչափ, բայց բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ ձեզ համարում են հայ: Միայն դուք կարող էք որոշել, թէ ի՛նչ ազգի էք պատկանում, ի՞նչ ինքնութեան կրողներ էք, այնպէս, ինչպէս իւրաքանչիւր մարդ` որեւէ հանրութեան մէջ»:
Այսպիսով, Հ. Ալվրցեանի «Համշէնը եւ համշէնահայութիւնը. արդի հիմնախնդիրները» գիրքը էական ներդրում է համշէնագիտութեան ոլորտում: Կարծում ենք, որ կարեւոր է սոյն աշխատութիւնը թարգմանել այլ լեզուների, յատկապէս` թուրքերէնի, ռուսերէնի եւ անգլերէնի:
Մ. ԱՆՈՒՄԵԱՆ
Թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու
«Ձայն համշէնական» ամսաթերթ, 2017 թ. յունուար-փետրուար, NN 1-2 (150-151)