Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է լրագրողների իրաւունքների ոտնահարման դէպքերը, նրանց մասնագիտական գործունէութիւնը խոչընդոտելու լկտի և սանձարձակ, քրէաօլիգարխիկ բանդայի գործողութիւններին յարիր ակտերը

Այսօր առաւօտուանից մեկնարկած ընդդիմութեան բողոքի, անհնազանդութեան խաղաղ ակցիաների շրջանակներում իրաւապահ մարմինների, ուժային կառոյցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են իրադարձութիւնները լուսաբանող բազմաթիւ լրագրողների և օպերատորների գործունէութիւնը՝ կոպտօրէն խախտելով նրանց իրաւունքները։ Այդ գործողութիւններին մասնակցում են՝ ինչպէս սովորական, այնպէս էլ՝ յատուկ նշանակութեան ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք:
 
Յիշեցնենք, որ ոստիկանները, ըստ միջազգային կանոնների, պէտք է լինեն համազգեստով՝ յստակ տեսանելի անհատականացնող տուեալներով՝ առնուազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պէտք է կարողանայ ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանութեան ծառայողին: Նշեալ կանոները անհնազանդութեան խաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների և ոստիկանութեան ծառայութեան աշխատակիցների կողմից շատ յաճախ չեն պահպանւում, ոտնահարւում են:
 
Այսօր Բաղրամեան-Պռօշեան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանութեան ծառայութեան՝ ՊՊԾ պետ Սարգիս Յովհաննիսեանը՝ հարուածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թւում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
 
Քաղաքացիների հետ մէկ այլ բախման ընթացքում գիտակցութիւնը կորցրել և ուշագնաց է եղել Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսեանը: Նրան օգնութիւն են ցուցաբերել քաղաքացիները:
Հերացի փողոցի վրա սև դիմակաւորները հրել ու հարուածել են AntiFake.am-ի լրագրող Դաւիթ Ֆիդանեանի ուսին, խոչընդոտել նկարահանումը։ Խանջեան փողոցում ոստիկանները հրմշտել ու խոչընդոտել են նկարահանման աշխատանքը։
 
Խանջեան և Սայաթ-Նովա փողոցներում քաշքշել են AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովեանին, խոչընդոտել նկարահանումներին։
 
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաները լուսաբանող լրագրողների իրաւունքների ոտնահարման դէպքերը, նրանց մասնագիտական գործունէութիւնը խոչընդոտելու լկտի և սանձարձակ, քրէաօլիգարխիկ բանդայի գործողութիւններին յարիր ակտերը։
 
Իրաւապահ մարմիններից պահանջում ենք խստօրէն պահպանել լրագրողների մասնագիտական գործունէութիւնը յարգելու իրենց պարտականութիւնը, որը ամրագրուած է՝ ինչպէս ներպետական օրէնսդրութեամբ, այնպէս էլ՝ բազմաթիւ միջազգային կոնվենցիաներով։
Նիկոլ Փաշինեանից պահանջում ենք պատասխանատուութեան ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Յովհաննիսեանին՝ վերջինիս յիշեցնելով, որ նա ոչ թէ առանձին վերցրած անձի անձնական օգտագործման թիկնապահ է, այլ պետական ծառայող։
 
Տեղի ունեցած միջադէպերի առիթով հրաւիրում ենք Մարդու իրաւունքների պաշտպանի, տեղական և միջազգային իրաւաշտպան կազմակերպութիւնների ուշադրութիւնը, որոնց լռութիւնն ու անգործութիւնն աւելի է խորացնում հանրութեան շրջանում արմատացած այն կարծիքը, որ նրանք աշխատում են երկակի ստանդարտներով և մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւում են միայն քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով։
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը հետևելու է քաղաքական գործընթացները լուսաբանող բոլոր լրագրողների իրաւունքների խախտումների դէպքերին, արձանագրելու է դրանք՝ հետագայում կատարողներին պատասխանատուութեան ենթարկելու նպատակով։
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ
168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.