Հայաստանի թիւ մէկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգութիւնը․ Իշխան Սաղաթելեան

Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանութիւնները՝ իրենց գործողութիւններով, ԱԺ-ում «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների բոյկոտից յետոյ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամաւորների դիտարկումներին, թէ Արցախ գնալով՝ ընդդիմադիրները վտանգում են արցախցուն և Արցախը։

«Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործութիւնը, պարտուողական քաղաքականութիւնը և Արցախից ձեռքերը լուալու և հրաժարուելու գործողութիւնները»,- ասաց Սաղաթելեանը։

Նա նշեց, թէ ակնյայտ է՝ օրուայ իշխանութիւնը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի։

«Իրենց այս վարքագիծը հիմնաւորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելոյթներ ունենալ՝ հերթական անգամ ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով»,- ասաց պատգամաւորը։

Նրա խօսքով՝ շատ արագ գործընթացներ են տեղի ունենում, բրիւսելեան վերջին հանդիպումը ևս դրա վկայութիւնն է։

«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիւ մէկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգութիւնը։ Այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչութիւն չունեցող հարցեր՝ նպատակայարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցութիւնները որոշել են այս քառօրեային չմասնակցել այլ մեկնել Արցախ, Սիւնիք և Գեղարքունիք»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Պատգամաւորի տեղեկացմամբ՝ ընդդիմութիւնն այդ այցերի ընթացքում կը հանդիպի և կ’աշխատի ժողովրդի հետ, կը բարձրացնի անվտանգային հարցեր:

Իշխան Սաղաթելեանի խօսքով՝ հանրութեան ուշադրութիւնը պէտք է սևեռուի արցախեան հիմնախնդրի վրայ, քանի որ իշխանութիւնը հեռացել է այդ օրակարգից:

Նա յայտնեց, որ Հայաստանի բոլոր մարզերում ՀՀ քաղաքացիները ինքնակազմակերպւում և բարձրացնում են Արցախի դրօշը, ինչը խօսում է համապատասխան մթնոլորտի մասին:

Խօսելով խորհրդարանի դահլիճում ընդդիմութեան կազմակերպած ակցիայի մասին, Իշխան Սաղաթելեանն ասաց՝ ով Արցախի դրօշի հանդէպ ոտնձգութիւն անի՝ Ալիևից ու թուրքերից ոչնչով չի տարբերւում։

«Այդ դրօշի համար մեր ժողովուրդը պայքարել է, արեան գնով ազատագրել է Արցախը և մեր պայքարն ուղղուած է այդ դրօշի յաւերժութեանը»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

https://youtu.be/Sa3V_ekhDTk

Leave a Comment

You must be logged in to post a comment.