Հայաստանի բնակչութիւնը պակասում է

Մեր վիճակագիրներն իրենց աւանդոյթի համաձայն՝ հրապարակել են «ՀՀ մշտական բնակչութեան թուաքանակը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրութեամբ» տեղեկագիրը:

Այս պարբերականութեամբ հրապարակուող ամենամեայ տեղեկագիրը հնարաւորութիւն է տալիս պատկերացում կազմել մեր երկրի ժողովրդագրութեան ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Առաջին ու հիմնական թիւը յուշում է, որ մենք՝ ՀՀ մշտական բնակիչներս, պակասում ենք: Մէկ տարի առաջ հոկտեմբերի 1-ին պաշտօնապէս Հայաստանում ապրում էր 2 մլն 967 հազար 900 մարդ, իսկ այս տարի մենք պակասել ենք 1100-ով:

Երևանը, ինչպէս միշտ, աճել է (այս տարի՝ 4100 բնակչով): Եւ, ինչպէս միշտ, այստեղ առկայ է ներքին միգրացիայի գործօնը՝ մայրաքաղաքն աճում է մարզերից տեղափոխուողների հաշուին: Երևանի բնական յաւելաճն աւելի փոքր է, բայց այդ մասին՝ յետոյ:

Հայաստանի 10 մարզերից միայն երկուսում է նախորդ տարուայ համեմատ բնակչութեան աճ գրանցուել: Գեղարքունիքում (բնակչութիւնն աւելացել է 200-ով) և Կոտայքի մարզում (400 մարդ):

Արագածոտնի մարզի ցուցանիշը նոյնն է, ինչ անցած տարի (124.700 մարդ): Մնացած 7 մարզում բնակչութեան քանակը նուազել է: Վերջին տարիների կայուն աւանդոյթի համաձայն՝ ինչքան շատ են իշխանութիւնները խօսում սահմանամերձ շրջանների նկատմամբ յատուկ վերաբերմունքի ու ծրագրերի մասին, այնքան շատ է պակասում այդ շրջանների բնակչութիւնը: Օրինակ, Տաւուշի մարզում անցած տարի ապրում էր 120.800 մարդ, իսկ այս տարի՝ 119.700:

Հիմա քաղաքական ու քաղաքականամերձ շրջանակներում ամենամոդայիկը Սիւնիքի մասին խօսելն է: Անցած տարի Սիւնիքում ապրում էր 136.400 մարդ, իսկ այս տարի նրանց թուաքանակը 134.600 է: Բնակչութեան նուազման գործընթացը կամաց-կամաց սպառնում է դառնալ տենդենց: Պակասում է բոլոր խոշոր քաղաքների բնակչութիւնը: 2020-ի հոկտեմբերի 1-ին Գիւմրին ունէր 112.500 բնակիչ, իսկ այս տարի՝ 111.400: Վանաձորում 2020-ին բնակիչների թուաքանակը 77.200 էր, այս տարի՝ 76.500:

Էական կրճատուել է, ասենք, Աբովեան քաղաքի բնակչութիւնը՝ 45.100-ից իջնելով 39.800-ի: Պակասել է նաև Սիւնիքի մարզի բոլոր քաղաքների բնակչութիւնը: Նոյն վիճակն է նաև Տաւուշի մարզում (մարզկենտրոն Իջևանն անցած տարի ունրր 20.100 բնակիչ, իսկ այս տարի՝ 19.700): Երկրի մշտական բնակչութեան թուաքանակը կրճատւում է հաւանաբար՝ ի հակառակ հայրենի իշխանութիւնների հայրական հոգածութեան «առ սահմանամերձ բնակավայրեր»:

Ժողովրդագրութեան մասին քննարկման թեման փոխելը չի նշանակում՝ անցնել աւելի թեթև թեմայի: Այս ոլորտում դիտարկման բոլոր տուեալները լուրջ վտանգներ են մատնանշում: Օրինակ, բնական յաւելաճի տուեալները: Այն տարեցտարի նուազում է: 2019թ. ունէինք բնական յաւելաճի 6856 մարդու ցուցանիշ (այդ տարի ծնուել էր 26.445 երեխայ, իսկ գրանցուած մահերի քանակը 19.589 էր): 2020-ին բնական յաւելաճը 5274 էր (26.558 ծնունդ, 21.284 մահ): Այս տարուայ բնական յաւելաճն աննախադէպ ցածր է՝ 3135 (26.809 ծնունդ, 23.674 մահ): Սա՝ մի քանի տարի առաջ (այսինքն՝ նախակորոնավիրուսային գործընթացի խորացող շարունակութեան հետևանք չէ): Երկու-երեք տարի միայն Լոռու մարզում էր բացասական բնական յաւելաճ գրանցւում: Պարզ մարդկային բառերով՝ բացասական բնական յաւելաճն այն է, երբ տուեալ տարածքում նոյն ժամանակամիջոցում գրանցուած մահերի քանակն աւելի շատ է՝ քան  ծնունդներինը: Իսկ այս տարի մեր ժողովրդագիրներն արձանագրեցին, որ Լոռու մարզում բնական յաւելաճը -368 է:

Արձանագրուեց, որ այս մարզն արդէն եզակի չէ: Բացասական յաւելաճ արձանագրուել է 10 մարզերից 5-ում: Տաւուշի մարզում բացասական յաւելաճը -242 է, Շիրակի մարզում՝ -210, Սիւնիքի մարզում՝ -32, Վայոց ձորում՝ -20:

Մայրաքաղաքի բնական յաւելաճը 3.3 հազար է: Այն աւելի բարձր է հանրապետական միջին ցուցիչից, բայց բնակչութեան աճի ցուցանիշի հետ համադրելիս նկատելի է, որ մայրաքաղաքն աճում է ոչ միայն բնական յաւելաճով, այլև ներքին միգրացիայի: Սա էլ ժողովրդագրութեան միւս բացասական խնդիրների նման շարունակում է մնալ աննկատելի: Յատկապէս իշխանութիւնների կողմից:

Leave a Comment

You must be logged in to post a comment.