«Հայաստանը Շտապեց Կատարել Ադրբեջանի Պահանջը». Գեղամ Մանուկեան
- (0)

Այսօր ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը «Արմէնպրես» պետական գործակալութեանն անակնկալ, օդից իջած մի հարցազրոյց տուեց, որով հաստատեց, որ Հայաստանի զինուած ուժեր Արցախի Հանրապետութեան տարածքում չկան և ՀՀ քաղաքացի-պայմանագրայիններ Արցախի Պաշտպանութեան բանակում չեն ծառայում: Անակնկալ այս հարցազրոյցի պահանջը և իմաստը դժուար է բխեցնել լրագրողական այն հարցից, թէ հնչում են քննադատութիւններ, քանի որ անվտանգային խնդիրներին վերաբերող բազմաթիւ այլ քննադատութիւններ են եղել, իսկ ԱԽ քարտուղարը չի շտապել պատասխանել:
Սա պարզապէս ՀՀ իշխանութիւնների դիրքորոշման հրապարակային հաստատումն է Արմէն Գրիգորեանի միջոցով, որն այսօր, ի լուր աշխարհի, պատասխանեց Ադրբեջանի նախագահին, վստահեցրեց նրան, որ Հայաստանի Հանրապետութիւնը որևէ ռազմական ներկայութիւն չի ունենալու Արցախի Հանրապետութեան տարածքում և Արցախը թողնելու է անպաշտպան:
Այս վստահեցումը պատահական չէ, որովհետև օրերս Իլհամ Ալիևն իր յայտարարութեամբ քննադատել էր նաև ռուսական կողմին, թէ հայկական զինուած ստորաբաժանումներն ամբողջութեամբ դուրս չեն բերուած Արցախի տարածքից:
Այսպէս քայլ առ քայլ Հայաստանի իշխանութիւնները շարունակում են հերթականութեամբ, խելոք կատարել Ալիևի և թուրքական իշխանութիւնների բոլոր պահանջ-նախապայմանները:
Միաժամանակ, այս յայտարարութիւնն այլ վտանգ է պարունակում. սրանով ՀՀ քաղաքացիներին փորձում են վախեցնել, զգուշացնել, որ որևէ մեկի մտքով չանցնի պայմանագրով ծառայութեան անցնել Արցախի Պաշտպանութեան բանակում, քանի որ, ցանկացած անկախատեսելի զարգացման դէպքում, ՀՀ իշխանութիւնը ձեռքերը լուանալու է իր քաղաքացիներից և չի ապահոուելու նրանց պաշտպանութիւնը, եթե, Աստուած մի արասցե, նրանք յայտնվեն ադրբեջանական կողմում: