Հայաստանը հայաթափւում է, թշնամին քայլելով մտնում մեր երկիր․ Հ․ Ալվրցեան

Թշնամին մեր սահման ներխուժեց այն ժամանակ, երբ տեսաւ, համոզուեց, գուցէ նաեւ պայմանաւորուածութիւնները կեանքի կոչուեցին, իրենց դէմ որեւէ գործողութիւն չկատարուեց։ Նրանք ուղղակի քայլելով մտան ներս,-Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէն Հայկազուն Ալվրցեանը։

Նրա խօսքով՝ այս ամիսների ընթացքում թշնամին ամրացրել, կահաւորել է կապիտուլեացիայով իրեն անցած տարածքները, իսկ մեզ մօտ ոչինչ չի փոխուել։

«Մեր իշխանութիւնը որեւէ քայլ չնախաձեռնեց թշնամու դէմն առնելու, սահմանները պաշտպանելու համար։ Նրանք ամէն ինչ արեցին, որպէսզի թշնամու մուտքը հեշտացնեն։ Ուրեմն հետեւեալ եզրակացութիւնը, թէ պատերազմը պայմանաւորուած պարտութիւն էր, եւ յանձնում է նա ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ սահմանները եւ մեզ համար կարեւոր բնագծերը, համոզիչ եւ ճիշտ է․  սա դաւաճանութիւն էր»,- նշեց Ալվրցեանը։

Խօսելով Հայաստանի իշխանութեան՝ զոյգ թշնամիների հետ բարեկամութեան եւ ապաշրջափակման մասին՝ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի» տնօրէնը նշեց, որ թշնամին հասնում է նրան, ինչին ձգտում է։

«Մեր կամազուրկ, պարտուած եւ կապիտուլեանտ՝ անձնատուութեան գործընթացն աւարտած այս արարածը, իր քաղաքական վերնախաւով, անում է այն, ինչ կարող է․ դեմագոգիա, որովհետեւ նա ասում է մի բան, որը իրականացման հեռանկար չունի։ Ո՞ւմ հետ սկսել տնտեսական յարաբերութիւն։ Այն երկրների՞, որոնք իրենց քաղաքական ծրագրերում մշտապէս թարմ են պահում Հայաստանի եւ հայութեան ոչնչացման քաղաքականութիւնը։ Այդպիսի հարեւանների հետ ինչպէ՞ս կարելի է ապաշրջափակման եւ տնտեսական յարաբերութիւնների մասին խօսել։ Դա տգիտութիւն է եւ ամբոխավարութիւն»,- նշեց Հայկազուն Ալվրցեանը։

Նա ասաց, որ պատերազմը շարունակուելու է այնքան ժամանակ, քանի դեռ մեզնից որեւէ մէկը չի պարտուել։ Թշնամու հետ համակեցութիւն, ասում է, անհնար է, իսկ բարեկամութիւն քարոզում են նրանց, ովքեր գործում են դրսի կասկածելի ազդեցութիւնների ու ծրագրերի տակ։

«Այսօր Հայաստանում գիւղեր են հայաթափւում․ այն գիւղերը, որտեղ մտել է թշնամին, կանգնեցրել իր զօրքը, այդ տարածքները արդէն հայաթափւում են կամ հայաթափման վտանգի առաջ են։ Այն արօտավայրերը, հողերը, որտեղ հայերն աշխատում էին, այլեւս ոտք չեն դնում։ Մեր համակեցութիւնը անհնար է․ մինչեւ մենք սա չհասկանանք, պէտք է անընդհատ մտածենք նրանց հետ առեւտուր անելու մասին։ Առեւտուրը դանդաղ մահուան ճանապարհն է։ Այդ էժան առեւտրով խրտնեցնելու են մեր գիւղացիներին եւ գաղթական են դարձնելու»,-Yerkir.am-ի հետ հարցազրոյցում նշեց Ալվրցեանը։

Նրա խօսքով՝ այս վիճակից դուրս կու գանք միայն այն դէպքում, երբ երկիրն ազատուի ներսի թշնամիներից։

Մանրամասն՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.