Համազգային միասնութեանը խանգարում է Նիկոլ Փաշինեանը. Արամ Սարգսեան
Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հովանու ներքոյ կայացած Փաշինեան-Ալիեւ Պրիւքսէլեան հանդիպումը մի շարք փակագծեր բացեցին Արցախի գլխին «դամոկլեան սրի պէս կախուած» վտանգաւոր ապագայի վերաբերեալ: Իսկ հայաստանեան իշխանութիւնը դեռ յոխորտում է, ընդդիմութիւնը` պայքարում նրանց դէմ: Ստեղծուած իրադրութեան եւ հնարաւոր ելքերի մասին «Իրաւունք TV»-ի տաղաւարում զրուցել ենք Հայաստանի Դեմոկրատական կուսակցութեան նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆԻ հետ:
«ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Եւ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՈՒԵԼ Է ՊՐԻՒՔՍԷԼՈՒՄ»
– Նիկոլ Փաշինեանը յայտարարում էր, թէ միջազգային հանրութիւնը յորդորում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը, մինչդեռ Պրիւքսէլեան հանդիպումից յետոյ պարզ դարձաւ, որ այն ուղղակի հասցուել է «պլենտուսի մակարդակի», քանի որ Արցախի կարգավիճակն առհասարակ այլեւս չի քննարկւում: Ի՞նչ կասէք այս մասին:
– Մեր կուսակցութիւնը յայտարարութեամբ է հանդէս եկել, որտեղ նշել ենք, որ դատապարտում եւ մերժում ենք այն, ինչ կատարուել է Պրիւքսէլում: Այսինքն` մերժում ենք Նիկոլ Փաշինեանի այսպիսի քաղաքականութիւնը, եթէ, իհարկէ, կարելի է ընդհանրապէս այն քաղաքականութիւն անուանել: Ակնյայտ է, որ նա իր օրակարգը չունի, այլ ներկայացնում է Ադրբեջանի օրակարգն ու շահերը, ընդ որում` այսպէս է եղել դեռեւս 44-օրեայ պատերազմի սկզբում, որն, ի դէպ, կարող էր կանխել: Հիմա Նիկոլ Փաշինեանն ուղղակի, կարելի է ասել, որ «ձեռքերը լուանում է» Արցախից եւ գտնում, որ «Արցախը պէտք է լինի Ադրբեջանի կազմում»: Չի կարող երկիր կառավարել մի մարդ, որը կարող է 4 տարուայ ընթացքում իր քաղաքական, այսպէս կոչուած, դիրքորոշումը տասնեակ անգամ փոխել, մի անգամ ասել, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», յետոյ պնդել, թէ «Արցախն Ադրբեջան է»: Այդպիսի մարդը վտանգաւոր է, ինչը կարող է ճակատագրական լինել ամբողջ պետութեան համար: Փաստացի երկրի ղեկին ունենք մի մարդ, որը հաւանաբար կամազուրկ է դրսում, իսկ ներսում պաշտպանւում է ընդամէնը ուժային կառոյցների միջոցով: Պետութեան այդպիսի կառավարում երբեւէ չեմ յիշում:
Ինչ վերաբերում է նրան, թէ ուր հասցրին Արցախի կարգավիճակը, նախ ուզում եմ ասել, որ Ալիեւին երազախաբութիւն է սպասւում, թող իրեն չթուայ, որ մի մարդու ստորագրութեամբ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Սա բացառուած է, որովհետեւ Արցախի անկախութիւնն օրինական է բոլոր տեսանկիւններից եւ համապատասխան` միջազգային իրաւունքի նորմերին: Այն դէ ֆակտօ գոյութիւն ունի, ինչի համար էլ ձեւաւորուել է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը: Արցախը` որպէս սուբյէկտ, ճանաչուած է այնքանով, որ նրա քաղաքացիները նաեւ ունեն ՀՀ անձնագրեր: Եւ բացի այդ, այնտեղ գործում է Հայաստանի դրամը, բիւջէից յատկացումներ են արւում, այսինքն` դէ ֆակտօ Հայաստանի մի հատուածն է:
– Որքանո՞վ է իրատեսական հիմա յոյսեր կապել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ, երբ դրա գոյութիւնն առհասարակ կասկածի տակ է դրել ՌԴ ԱԳ նախարարը` ասելով, որ այդ խմբում ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները, այսպէս կոչուած, ռուսաֆոբիայի թնջուկի մէջ` փորձում են չեղարկել Ռուսաստանի Դաշնութեան հետ կապուած ամէն ինչ:
– Մենք ոչ թէ յոյս ենք կապում, այլ փաստում ենք այն ամէնը, ինչ եղել է Արցախը որպէս սուբյէկտ ճանաչելու գործընթացում: Սա է ամենագլխաւոր հարցը, իսկ թէ Մինսկի խումբը կը շարունակի գործել, թէ` ոչ, այլ հարց է: Ընդհանուր առմամբ` եթէ աւելի կոպիտ համեմատութիւն չանեմ, պէտք է ասել, որ Նիկոլ Փաշինեանը երկու աթոռի վրայ է փորձում նստել: Գնում է Մոսկուայ եւ ասում` Վլադիմիր Վլադիմիրիչ, ամէն ինչ լաւ է, գնում է Պրիւքսէլ, ինչ ասում են, համաձայնում է: Սա, ուղղակի, ծաղրանք է: Պրիւքսէլում նրա երեսին թքել են եւ չեն էլ քննարկել, որ պէտք է լինի Արցախի կարգավիճակի վերաբերեալ որեւէ եզրոյթ: Էլ չեմ ասում, որ Ալիեւը պահանջում է, որ մեր բանակը չպէտք է աւելանայ, հզօրանայ, նոր սպառազինութիւն ունենայ, եւ պատահական չէ, որ 4 ամսից աւել է Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ չի նշանակւում: Շատ պաշտօններ զինուած ուժերում ուղղակի թափուր են: Այստեղից պարզ երեւում է, թէ ինչ պարտաւորութեան տակ է մտել այս անձը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարութեանը, ապա պէտք է փաստենք, որ նրա մի քայլով պահպանուել է Արցախի մի հատուածը` առանց Շուշիի, Հադրութի եւ այն շրջանների, որոնք ազատագրուած էին: Ի դէպ, մենք դրա վերաբերեալ ադրբեջանցիների հետ երկար տարիներ բանակցել ենք, եղել են եռակողմ հանդիպումներ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրութեան ներկայացուցիչների միջեւ Դորտմունդեան կոնֆերանսի շրջանակներում, որին մասնակցել է նաեւ ՍԻՄ կուսակցութեան նախագահ Հայկ Բաբուխանեանը: Այդ բանակցութիւնների ժամանակ մենք որեւէ հարցում տանուլ չենք տուել, Մինսկի խմբի համանախագահներն ասել են, որ մեր փաստարկներն իրաւական հիմք ունեն, իսկ նրանցն ընդամէնը ցանկութիւններ են: Ադրբեջանական կողմը միայն մի բան էր ասում, թէ «վերադարձրէք մեր հողերը»: Հարցնում էինք` «ձեր հողերը ո՞րն է, ա՞յն, որ պատերազմով ինքներդ էք տուել հայկական կողմին»:
«Ո՞Վ Է ՇԱՌԼ ՄԻՇԷԼԸ, ՈՐ ՊԷՏՔ Է ՄԵԶ ՆՄԱՆ ՁԵւԱԿԵՐՊՈՒՄ ՄԱՏՈՒՑԻ»
– Մինչդեռ հիմա հայկական կողմը Պրիւքսէլում համակերպւում է անգամ այնպիսի ձեւակերպումների հետ, ինչպիսին է ընդամէնը «Ղարաբաղի էթնիկ հայերի իրաւունքը»: Հնարաւոր լինելո՞ւ է դուրս գալ այս թակարդից:
– Եթէ պէտք է նայենք, թէ ինչ է ասում Շառլ Միշէլը եւ դրանով առաջնորդուենք, ուրեմն` ընդհանրապէս ազգը կորցրել է իր բոլոր արիենտիրները: Ո՞վ է Միշէլը, որ պէտք է մեզ նման ձեւակերպում մատուցի, մենք էլ դատապարտենք կամ հրապուրուենք: Մենք պէտք է մեր գործով զբաղուենք եւ մտածենք Ռուսաստանի հետ մեր յարաբերութիւններն իսկապէս դաշնակցային եւ վստահելի դարձնելու մասին, ինչն իրականում այս իշխանութիւնը չի անում: Մենք Ռուսաստանի հետ ունենք մեր ընդհանուր շահերը, որոնք հարիւրամեակներով համընկնում են, եւ եթէ ՌԴ խաղաղապահ ուժերը չմտնեին Արցախ 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ, ամբողջովին կը յանձնուէր Արցախը: Այս իշխանութիւնը դա էր անում, փաստ է, որ հոկտեմբերի 4-16-ը բոլոր հնարաւորութիւնները եղել են կանգնեցնելու այդ պատերազմը, որովհետեւ Ռուսաստանն ասում էր` դիմէք մեզ, որպէսզի միջոցներ ձեռնարկենք գրոհայինների դէմ: Թուրքիան անգամ Սիրիայից էր վարձկաններ բերել, այդ մասին բարձրաձայնում էին Նարիշկինը, Լաւրովը, Զատուլինը, Զախարովան, բայց, կարծես, սրանք խուլ էին, չէին հասկանում, թէ ինչի մասին է խօսքը: Դրա համար Ռուսաստանը ստիպուած եղաւ վերջին պահին խաղաղապահ ուժերի շնորհիւ պահպանել հայկական այն տարածքը, որն այսօր դեռ կոչւում է Արցախի Հանրապետութիւն:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր էլ Արցախի լուծման բանալին Մոսկուայում է, թէ՞ այդուհանդերձ Պրիւքսէլեան կամ այլ տարբերակներ պէտք է դիտարկել:
– Չկայ այլ տարբերակ: Միայն Ռուսաստանի հետ է հնարաւոր: Մեծ գաղտնիք ասած չեմ լինի, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախից չեն հեռանալու եւ որեւէ պատրուակով, Հայաստանից էլ դուրս չեն գալու: Բայց սա չի նշանակում, որ բարձը գլխներիս տակ դրած համարենք, որ ամէն ինչ լաւ է: Ոչ ոք մեր փոխարէն ոչինչ չի անելու, եթէ չկազմակերպուենք: Մենք հիմա ունենք խնդիր` ազգը միաւորելու եւ ազգային գաղափարախօսութեան հիման վրայ ծրագիր մշակելու: Դրա համար պէտք է համակարգել Հայաստանի, Սփիւռքի եւ Արցախի ներուժը, ինչի համար էլ ասում ենք, որ անհրաժեշտ է ձեւաւորել համահայկական համաժողով, որը կ’ընտրի ազգային խորհուրդ: «Ի պաշտպանութիւն Արցախի Հանրապետութեան» նախաձեռնութիւնը մեծ պատուիրակութեամբ եղել է Արցախում, եւ այս առաջարկը հնչեցրել ենք հէնց այնտեղից: Գնացել ենք Մայր Աթոռ եւ հանդիպել ենք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, նրան ենք ներկայացրել մեր առաջարկը, ծրագիրը եւ խնդրանքը, որպէսզի Վեհափառն ինքն առաջնորդի այդ շարժումը: Այս իրավիճակում շատ կարեւոր է, որ լինի համազգային խնդիրների վերաբերեալ միասնական դիրքորոշում: Ի վերջոյ, ազգը միաւորուելով պէտք է սկսի իր պետութիւնը հզօրացնել: Ի դէպ, քանի որ մեր այս առաջարկը շատ հրապարակային է եղել, ինձ հասած տեղեկութիւններով` այսօրուայ իշխանութիւնը կոպիտ ասած` «պերեխվատ» է արել այս գաղափարը, եւ դեսպանները յանձնարարութիւն են ստացել սեպտեմբերին այդպիսի համաժողով հրաւիրել: Սրանով իրենք ուզում են ասել, թէ, իրօք, գնում են համազգային համաձայնութեան: Բայց համոզուած ասում եմ` չեն յաջողելու, որովհետեւ իրենք պառակտող են, միաւորող չեն ու մինչեւ այսօր էլ այդպիսի քաղաքականութիւն են վարում: Հետեւապէս, մենք պէտք է այդ համահայկական համաժողովն անցկացնենք` առանց Նիկոլ Փաշինեանի, որովհետեւ այս պահին նա է խանգարում համազգային միասնութեանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖԵԱՆ
iravunk.com